«Milliyet»-ի թղթակից, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալն իր հերթական հրապարակման մեջ անդրադարձել է 2010թ. մահացած «Cumhuriyet» թերթի առանցքային լրագրողներից մեկի` Իլհան Սելչուքի մոր հայ լինելու թեմային, ինչը մեծ արագությամբ տարածվեց թուրքական մամուլում:
Հասան Ջեմալը շեշտելով Իլհան Սելչուքի մոր հայ լինելը, հիշեցրել է, թե նա ոչ ոքի չէր հայտնել, թե երբ էր մահացել նրա մայրը, եւ թե ինչպես է սուգ պահել: Այս տողերը մեկնաբանող թուրք լրագրող Թունջայ Օփչին գրել է, թե հայ ծանոթներից մեկն ասել է, որ Սելչուքը բարդույթավորվել է այն հանգամանքից, որ իր մայրը հայ է, իսկ մորաքույրը թաղված է Շիշլիի հայկական գերեզմանոցում, որի հետեւանքով Սելչուքն անցել է ազգայնականների կողմը: Նշենք, որ թուրքական «Taraf»-ը մոտ 10 օր առաջ գրել էր, թե 2008թ. վարչապետ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փակման մեղադրականը գրել էր ոչ թե Թուրքիայի գլխավոր դատախազը, այլ` երդվյալ հակահայ, արմատներով հայ Դողու Փերինչեքն ու Իլհան Սելչուքը: