Չեն մասնակցելու

05/04/2011

«Հեղափոխությունը անձրեւ չէ, հեղափոխությունը չի գալիս, հեղափոխությունը անում են: Քանի դեռ մենք չենք հասկացել այդ պարզ ճշմարտությունը, մեր երկրում ոչինչ չի փոխվի: Հեղափոխությունն ինքնանպատակ չէ, հեղափոխությունն ընդամենը անուն է, մինչդեռ այն կարող է ունենալ տարբեր ձեւեր եւ տարբեր հետեւանքներ»,- երեկ հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը` անդրադառնալով հարցին, թե որքանով է հավանական արաբական հեղափոխությունների կրկնությունը Հայաստանում: Նաեւ հավելել է. «Կարեւորը հեղափոխության լինել-չլինելը կանխատեսելը չէ, այլ այն բանի գիտակցումը, որ մենք ցանկանում ենք արժանավայել ապրել»: Երեկ Տ. Խզմալյանը նաեւ հայտարարել է, որ «Սարդարապատ» շարժումը չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որովհետեւ իրենց համար ընդունելի է ոչ թե «ընտրություններով` իշխանափոխություն, այլ իշխանափոխության միջոցով` ընտրություններ» կարգախոսը: Ավելին, ըստ նրա` այն ուժերն ու անձինք, ովքեր ընտրությունների կոչ են անում` կա՛մ միամիտ են, կա՛մ մեղսակից են այն իրավիճակին, որը կլինի ընտրություններից հետո: