Երկօրյա այց

05/04/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հրավերով երեկ երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Սերբիա: Երեկ տեղի է ունեցել երկու նախագահների առանձնազրույցը եւ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Բանակցություններին հաջորդել է փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Ս. Սարգսյանն ու Բ.Տադիչն ընդգծել են, որ Հայաստանի եւ Սերբիայի միջեւ գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը առեւտրատնտեսական, մշակութային ոլորտներում զարգանալու լուրջ ներուժ ունեն, եւ պայմանավորվել են լրացուցիչ ջանքեր ներդնել փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն եւ դինամիկա հաղորդելու ուղղությամբ: Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանը նշել է, որ Բ. Կադիչի խնդրանքով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի մանրամասները: Նախագահները համաձայնել են, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ որ ուժի կիրառումն ու դրա սպառնալիքն անընդունելի են միջազգային իրավունքի տեսակետից: Այցի շրջանակում երեկ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Սերբիայի վարչապետ Միրկո Ցվետկովիչի եւ Ազգային ժողովի նախագահ Սլավիցա Ջուկիչ Դեյանովիչի հետ: