«Այդ օրը բոլորի կողմից եղել է փախուստ պատասխանատվությունից»

05/04/2011

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղի ունեցող քննարկումներից մեկում անդրադառնալով 2008թ. մարտի 1-ի դեպքերին` գրել է. «Ես որպես այդ օրվա շատ դեպքերի մասնակից, պետք է պատմեմ հետեւյալը, որը մամուլում չի գրվել: Մարտի 1-ին, ժամը 10:30-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի տան մոտից զանգում են լրագրողներ եւ ասում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամը 11:00-ին պետք է ասուլիս տա, բայց տան կողքը ոստիկանական կարդոն է կանգնած, եւ լրագրողներին թույլ չեն տալիս ներս մտնել: Մենք այդ պահին Կենտրոն ոստիկանության մոտ էինք, երբ բերեցին Վարդգես Գասպարիին, անգամ մի քաղաքացու` իր երեխայի հետ, եւ ընդհանրապես բերում էին ավտոբուսներով: Մենք` երեք պատգամավորներս` ես, Վարդան Խաչատրյանը, Զարուհի Փոստանջյանը, լրագրող եւ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ՀԱԿ-ից իմ վաղեմի ընկեր Սոնա Մուրադյանը մեր ծառայողական մեքենայով գնում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն, ոստիկաններին պահանջում բացել ճանապարհը: Ասուլիսը սկսվում է: 10:30 զանգում է Անահիտ Բախշյանը, ով այդ պահին միայնակ փորձում էր զսպել իրավիճակը Ֆրանսիական դեսպանատան մոտ: Ասուլիսի ավարտին մենք մոտենում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ասում, որ Անահիտ Բախշյանից զանգ ստացանք, եւ այնտեղ սկսվել է առճակատում, եւ ոստիկանները հարվածում են մարդկանց: Մինչ այդ ասուլիսի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանին արդեն տեղեկացվել էր դրա մասին, եւ նա նույնպես հայտարարեց, որ վիճակը դեսպանատան մոտ սրված է: Մեջբերում եմ իմ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի երկխոսությունը բառացի, որն ուղեղիցս չի ջնջվի երբեք. «Պարոն նախագահ, մենք գնում ենք Ֆրանսիական դեսպանատան մոտ` օգնելու Անահիտ Բախշյանին: Ժողովուրդը մեզ սիրում եւ հարգում է, մենք կփորձենք կառավարել իրավիճակը, բայց քանի որ Դուք եք առաջնորդը, ինչ փոխանցվի այնտեղ հավաքված ժողովրդին որպես ուղերձ»: Լեւոն Տեր-Պետրոսյան. «Ես չգիտեմ, թե ովքեր են հավաքված այնտեղ: Դա իմ ժողովուրդը չէ: Իմ շտաբը այնտեղ որեւէ հավաք չի պլանավորել: Միգուցե սադրիչներ են հավաքվել: Այս պահին իմ շտաբի անդամները փախուստի մեջ են, եւ մինչեւ շտաբը չհավաքվի, որեւէ բան ես չեմ անի»: Իմ համար շատ տարակուսելի «Դա իմ ժողովուրդը չէ» պատասխանը ստանալուց հետո` թեւաթափ գնացինք հրապարակ: Ես հասկացա, որ ինքը խուսափում է պատասխանատվություն ստանձնել: Մինչ Վարդան Խաչատրյանը բանակցում էր ոստիկանների հետ, Արմեն Մարտիրոսյանին ու Լարիսա Ալավերդյանին ուղարկեցինք ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մոտ: Վերջինս չէր ընդունել, եւ հանդիպել էին փոխոստիկանապետ Մահտեսյանի հետ: Երկու հարթության վրա` Ալավերդյան/Մարտիրոսյան-Մահտեսյան եւ Վարդան Խաչատրյան-Գիզիրյան բանակցությունների արդյունքում նրանք համաձայնեցին ետ քաշել ոստիկանական ուժերը: Ապա տեղում զանգեցի Տիգրան Թորոսյանին, խնդրելով գալ դեպքի վայրը: Ինձ փոխանցվեց, որ չի կարող օգնել: Ապա, Անահիտ Բախշյանի հետ միասին, հասկանալով, որ բոլոր կողմերից միայնակ ենք մնացել, եւ իրավիճակի համար պատասխանատվություն ստանձնող չկա, գնացինք Ֆրանսիական դեսպանատուն` խնդրելով ընդունելություն դեսպանի հետ: Մեզ պատասխանեցին, որ դեսպանը «շատ զբաղված է»: Տեղում զանգահարեցի ԱՄՆ նախկին փոխդեսպան Սթիվ Բենքսին (այն ժամանակ ԱՄՆ-ը դեսպան չուներ) եւ խնդրեցի ընդունելություն: Գնացինք ես եւ Անահիտ Բախշյանը: Ներկայացվեց իրավիճակը եւ այն, որ ոչ մեկը չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել իրավիճակի համար, եւ միակ հույսը դեսպանների միջնորդությունն է` Քոչարյան-Տեր-Պետրոսյան բանակցությունների առումով: Ասաց, որ անմիջապես կնախաձեռնեն, միայն թե մենք հորդորենք ժողովրդին խաղաղ մնալ, ոչ մի բան չվնասել ու չտրվել սադրանքների: Դրանից հետո, հանկարծ պարզվեց, որ ժողովուրդը Լեւոն Տեր-Պետրոսյանինն է, եւ ուղերձն էլ հետեւյալն է` «մնացեք այստեղ այնքան` մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը գա»: Սա հնչել է ժամը 15:00-ից հետո մեկնարկած հանրահավաքի բանախոսների շուրթերից: Այնպես որ` սա է եղել ետնաբեմում, որին ես մասնակից եմ եղել եւ ասել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր կարող գալ, կամ չէր կարող նույն երեկոյան հրապարակը Ոստիկանությունից մաքրած ու հաղթած ժողովրդին առնվազն տուն ուղարկել (ինչը, իմ կարծիքով, ամենաճիշտ որոշումը կլիներ` հաջորդ օրը հավաքվելու կոչով), ճիշտ չէ: Այդ օրը բոլորի կողմից եղել է փախուստ պատասխանատվությունից: Իհարկե, չեմ կարող ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը քրեական պատասխանատվություն է կրում 10 զոհերի համար, բայց, իմ կարծիքով, քաղաքական պատասխանատվություն կրում է, քանի որ, եթե իմ համար տեսանելի էր, որ արյուն է թափվելու, ինքը հաստատ դա պետք է տեսներ: Հետեւաբար` կամ պետք է գար, կամ պետք է մարդկանց տուն ուղարկեր: Գիտեմ, թե ինչ ալիք է բարձրանալու գրածիցս հետո, բայց պատրաստ եմ դրան դիմակայել»:

Ս. Սաֆարյանի այս «գաղտնազերծման» առնչությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի նախկին պետ, գնդապետ Սմբատ Գասպարյանը պատասխան-հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես ասված է. «Ի պատասխան Ստեփան Սաֆարյանի` «Ֆեյսբուքում» տարածած այն հայտարարության, թե իբր 2008 թ. մարտի 1-ին Տեր-Պետրոսյանի տանը տեղի ունեցած ասուլիսից հետո ինքը երկխոսություն է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, հայտարարում եմ: Ասուլիսի մասնակիցների խումբը ես եմ դիմավորել, ուղեկցել տուն, ներկա գտնվել ասուլիսի ողջ ընթացքին, այնուհետեւ ասուլիսից հետո մասնակիցների խումբն ամբողջությամբ ուղեկցել եմ տնից դուրս: Այսինքն` ասուլիսից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսակցություն չի ունեցել այդ խմբի որեւէ անդամի հետ: Ասուլիսին, ինձնից բացի, ներկա են եղել Լիլիթ Տեր-Պետրոսյանը, իմ տեղակալ Սարգիս Հովհաննիսյանը, ովքեր կարող են հաստատել իմ ասածը: Իսկ Լեւոն Զուրաբյանը Տեր-Պետրոսյանի տուն առաջին անգամ եկել է ժամը 2-ի մոտակայքում»: