Նոր բացահայտումնե՞ր

05/04/2011

Երեկ խմբագրության էլեկտրոնային փոստին neo666sem@ gmail.com հասցեից մի նամակ էր ստացվել, որի անանուն հեղինակը` անդրադառնալով Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի առողջության վատթարացման մասին տեղեկություններին, փորձել է հիմնավորել, որ դա պայմանավորված է այդ համակարգում առաջիկայում սպասվող բացահայտումներով։ Ըստ այդ նամակի, Սոցիալական ապահովության Գյումրիի տարածքային կառույցում, մեկ ամիս շարունակ, Ֆինանսների նախարարության «ԽՀձ»-ի եւ նախագահի վերահսկողության ծառայության համատեղ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են խոշորամասշտաբ նոր չարաշահումներ, որոնց արդյունքում առաջիկա օրերին այդ համակարգում նոր աշխատանքից ազատումների եւ քրեական գործերի շղթա է սկսվելու: Ըստ նամակի հեղինակի, ինչպես Գյումրիի, այնպես էլ Վերահսկիչ պալատի կողմից ստուգումներ անցկացրած մյուս տարածքային կազմակերպությունների ղեկավարներին Վազգեն Խաչիկյանն ավելի վաղ հավաստիացրել է, թե ինքը բոլոր մակարդակներով, այդ թվում` երկրի առաջին դեմքի, հարցերը լուծել է, եւ մտահոգվելու խնդիրներ չկան: