Դեպի Էջմիածնի Մայր տաճար տանող ճանապարհին կառուցվող սպիտակ շենքը շատերի ուշադրությունն է գրավում: Այն կառուցվում է այգու մեջ, որտեղ դեռ կարելի է տեսնել հատված ծառերի «վերքերը»: «Էջմիածնի մատենադարանն են կառուցում»,- ինձ հուշեց անցորդներից մեկը: Անծանոթի ասած խոսքերին առաջին հայացքից չհավատացի՝ մտածելով, թե գուցե շփոթմունք է: Սակայն ուղիղ դեմ-դիմաց շինարարությունը պատսպարող թիթեղի վրա տեսա Էջմիածնի մատենադարանի մակետը: Պարզվում է` Հայաստանն ունենալու է երկրորդ մատենադարանը, որն անվանակոչվելու է սփյուռքահայ բարերար Վաչե Մանուկյանի եւ նրա տիկնոջ՝ Թամար Մանուկյանի անվամբ: Ընդ որում՝ մատենադարանի պատվիրատուն Մայր Աթոռ Սբ. Էջմիածինն է: Երեկ մենք փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ Մայր Աթոռի մամլո դիվանի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանից: «Այսօր Մայր Աթոռ սբ. Էջմիածնում՝ տարբեր շինություններում, տարբեր կառույցներում գործում են գրադարաններ, եւ անհրաժեշտություն նկատվեց, որպեսզի այդ բոլոր գրադարանները, որոնք առկա են, ինչպես նաեւ` ձեռագրատունը, բոլորը մեկտեղվեն, ինչը հնարավորություն կտա ոչ միայն Մայր Աթոռի եկեղեցական միաբանությանը, այլ նաեւ տարբեր գիտնականների, որոնք պարբերաբար դիմում են Մայր Աթոռ Էջմիածնի հարուստ ֆոնդից օգտվելու համար, հնարավորություն կընձեռի իրենց ունենալ լավագույն պայմանները գիտական աշխատանք կատարելու համար»,- նշեց Մայր Աթոռի մամլո դիվանի խոսնակը: Իսկ հարցին, թե միգուցե այդ դեպքում անվանեին ոչ թե մատենադարան, այլ գրադարան, Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանեց. «Մենք որեւէ անպատեհություն չենք տեսնում, որովհետեւ մատենադարանը յուրացված անուն չէ որեւէ կառույցի կողմից, եւ ի վերջո, առաջին մատենադարանը հենց Մայր Աթոռ սբ. Էջմիածնում է եղել եւ գործել»: Մամլո դիվանի խոսնակի հավաստմամբ՝ Մայր Աթոռն ի նշան իր բարերարների նկատմամբ երախտագիտության՝ մատենադարանն անվանակոչել է նրանց անուններով: Քահանա Վ. Մելիքյանը որպես անվանակոչման մեկ այլ օրինակ` նշեց Մայր Աթոռի գանձատունը, որը կրում է Ալեք եւ Մարի Մանուկյանների անունը: Իսկ հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ կառուցվելիք մատենադարանը կարող էր եւ ցանկացած բարերարի անուն կրել, ով կվճարեր շինարարության համար, Վ. Մելիքյանը պատասխանեց. «Այո, ինչո՞ւ ոչ»: Իսկ հաջորդ հարցին, թե արդյոք Մայր Աթո՞ռն է դիմել բարերարների հովանավորչությունը ստանալուն, թե՞ բարերարը, տվյալ դեպքում` Վաչե Մանուկյանը, մամլո դիվանի խոսնակը պատասխանեց. «Այդ ամենը Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ է կատարվում եւ անձամբ իր կողմից, Նորին սրբությունը ըստ համապատասխան նախանշված ծրագրերի` որոնք որ առկա են Մայր Աթոռ սբ. էջմիածնում կամ առնչվում են եկեղեցուն, դիմում է տարբեր հայորդիների, եւ իր դիմումին ընդառաջ հայորդիները հովանավորում են ծրագրեր եւ ձեռնարկներ: Հարկ է նշել, որ այսօր Մայր Աթոռ սբ. Էջմիածնի բյուջեի առյուծի բաժինը՝ շուրջ 80%-ը, գոյանում է անհատ բարերարների նվիրատվություններով: Սա, կարծում եմ, լավագույն արտահայտությունն է ասվածի»: Նման մի հովանավորչական նախագծի ականատես եղանք 1-2 տարի առաջ: «Հրայր եւ Աննա Հովնանյաններ» բարեգործական հիմնադրամը 2010թ. դեկտեմբերին Երեւանի քաղաքապետարանից շինթույլտվություն ստացավ Աբովյան 15 հասցեում` Կաթողիկե մատուռի տարածքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի` Երեւանում կառուցվելիք կաթողիկոսական նստավայրի եւ դրան կից Սուրբ Աննա եկեղեցու համար:
2011թ. սկզբին ամփոփվեցին նստավայրի եւ Սուրբ Աննա եկեղեցու շինարարության համար հայտարարված տենդերի արդյունքները, հաղթող ճանաչվեց «Չիլինգարյան դիզայն քոնսթրաքշն» ընկերությունը: Կառուցապատումը նախատեսված է ավարտին հասցնել 2-2,5 տարվա ընթացքում: Ըստ նախագծի հեղինակների` համալիրի կառուցման աշխատանքների համար մոտավոր հաշվարկներով կպահանջվի մոտ 5 մլն դոլար: Այդ ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդները փորձում էին Աննա անունով որեւէ սրբի գտնել, բայց այդ փնտրտուքներն ապարդյուն անցան, որովհետեւ Աննային երկրպագության առարկա էին դարձրել կաթոլիկներն ու ուղղափառները: Շատերն ընդվզեցին երեւույթի դեմ` փորձելով պահպանել Կաթողիկե անվանումը: Բայց` ապարդյուն: Դա այլեւս կարեւոր չէր. գումարը տրված էր, եւ ուրեմն` ով վճարում է` նա էլ պատվիրում է:
Նման կերպ է ընկալվում նաեւ այս երկրորդ նախագիծը` երկրորդ մատենադարանի կառուցումը: Իսկ ի՞նչ իմաստ ունի դրա կառուցումը: Ի վերջո, այդ արժեքավոր գրականությունը կարելի է պահել հենց սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող Մատենադարանում, որի նոր մասնաշենքի կառուցապատումն ավարտվում է:
405թ. Էջմիածնում (նախկինում` մայրաքաղաք Վաղարշապատ) Վռամշապուհ թագավորի հովանավորչությամբ Սահակ կաթողիկոսի եւ Մեսրոպ Մաշտոցի կողմից հիմնադրված մատենադարանը գրադարանները կենտրոնացնելու համար չստեղծվեց: Դեռեւս այն ժամանակ մատենադարանը համարվում էր գրչության հին կենտրոններից մեկը: Հարյուրամյակներ շարունակ այդ կենտրոնը գործել է Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսարանում՝ ստանալով Մայր Գրատուն անունը: Մատենադարանն ունի 17.000-ից ավելի ձեռագիր մատյաններ, որոնք ընդգրկում են հայ հին եւ միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները՝ տոմարագիտություն, աշխարհագրություն, քերականություն, փիլիսոփայություն, ալքիմիա-քիմիա, տիեզերագիտություն, արվեստի պատմություն, մանրանկարչություն, երաժշտություն եւ այլն: Բացի հայերեն մատյաններից, Մատենադարանում պահվում են նաեւ օտարալեզու ձեռագրեր: Ընդ որում՝ Մատենադարանի հավաքածուի հիմքը կազմում է Հայոց Կաթողիկոսարանի ձեռագրատունը, որը դարերի ընթացքում հանգրվանել է տարբեր աթոռանիստ վայրերում, սակայն 1441թ. Մատենադարանը վերահաստատվել է իր հիմնադրման վայրում՝ Սուրբ Էջմիածնում: Իսկ Մատենադարանը Երեւան տեղափոխվեց 1939թ.: 20 տարի անց խորհրդային իշխանությունների որոշմամբ Մատենադարանը վերածվեց գիտահետազոտական ինստիտուտի, եւ կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը: Պատմական այս էքսկուրսն անում ենք, որպեսզի կրկին անգամ հիշեցնենք, որ 405թ. հովանավորելով հին ձեռագրատունը` Վռամշապուհ արքայի մտքով անգամ չանցավ` այն ավանակոչել իր անունով: Որեւէ մեկը չի կարող թերագնահատել Վաչե Մանուկյանի, Ալեք Մանուկյանի կամ Հրայր Հովնանյանի եւ մյուս բարերարների նվիրատվությունները Հայաստանին: Բայց Վռամշապուհ արքայի գործունեության հետ, բնականաբար, համեմատելի չեն: Մեր օրերի հայ բարերար-գործարարները ցանկացած դուռ, մատուռ, եկեղեցի, հուշարձան, փողոց (եւ այլն) վերականգնելիս կամ կառուցելիս, չգիտես` ինչո՞ւ, անպայման պահանջում են անվանակոչել իրենց անվամբ: Ավելացնենք, որ Մատենադարան կառուցելու փորձն արդեն սկսել են ռուսաստանյան ուղղափառ եկեղեցիներում, որոնք թանգարաններից ու պատկերասրահներից ետ են ուզում իրենց տված մատյանները, իկոնաները: Հետաքրքիր է, թե ի՞նչ կլինի մեր դեպքում. Մայր Աթոռը ետ կվերցնի՞ սբ. Մաշտոցի անվան Մատենադարանից իր հին ձեռագրերը, թե՞ ինչպես մամլո դիվանի պատասխանատուն ասաց՝ գրադարանները կկենտրոնացնի այդ շենքում: