Միլիոններն արգելափակվել են

05/04/2011

Իռլանդիայի իրավապահ մարմինները 65 մլն եվրոյի հաշիվներ են սառեցրել, որոնց սեփականատերը, հնարավոր է, ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին է: GZT.Ru-ն` վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցներին, գրել է, որ բացի այդ, ըստ Ֆինանսական հետախուզության աշխատակիցների, իրական սեփականատիրոջը թաքցնելու նպատակով 3-րդ անձանց անունով բացված հաշիվների միջոցով Խոդորկովսկիին կարող է պատկանել մինչեւ 200 մլն եվրո: «The Times»-ի տվյալներով` 65 մլն եվրո գումարը սառեցվել է, երբ փորձ է արվել գումարը տեղափոխել օֆշորային գոտի. Ֆինանսական հետախուզության աշխատակիցներն այդ կասկածելի տեղափոխության մասին տեղյակ են պահել Իռլանդիայի ոստիկանությանը: Ըստ պարբերականի` վերոնշյալ հաշիվներում գումարն ամերիկյան դոլարներով տեղաբաշխելու հարցում օգնություն են ցուցաբերել Դուբլինում գտնվող` Միջազգային ֆինանսական ծառայությունների կենտրոնում գրանցված ներդրումային ընկերությունները: Ոստիկանության տեսադաշտում է հայտնվել նաեւ իռլանդական բանկերում պահվող 35 մլն եվրո գումարը, որը հնարավոր է` ոչ միայն Խոդորկովսկիին է պատկանում: Իրավապահ մարմինների կողմից այս ամենը Խոդորկովսկիին վերագրելն անսպասելի էր, քանի որ սկզբում ենթադրվում էր, որ այսչափ խոշոր գումարի տեղափոխումը կապված է թմրամիջոցների ապօրինի շրջանառության կամ ահաբեկչության հետ: Թե ինչն է իրավապահներին ստիպել արգելափակված հաշիվները կապել նախկին գործարարի անվան հետ, պարբերականը չի հստակեցնում: Մյուս եվրոպական երկրների Ոստիկանությունն արդեն սկսել է ստուգել իռլանդականների հետ կապ ունեցող հաշիվները: Մեծ Բրիտանիայի իշխանությունները երեկ ստուգել են Նորմանդական կղզիներում բացված խոշոր օֆշորային հաշվեհամարները, որոնք նույնպես հնարավոր է` առնչվեն Խոդորկովսկիի անվան հետ: