Նոր կենտրոն

02/04/2011

«Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» նախկին տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ նոր կենտրոն է հիմնադրել: Նա ասել է, թե իր այդ որոշումը նոր չէ, եւ միշտ ցանկացել է Հայաստանում ունենալ իր «սեփական կենտրոնը»: Եվ հիմա դա հնարավոր է եղել իրականացնել: Նա հերքել է այն լուրերը, թե ինքը խնդիրներ է ունեցել «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, այդ պատճառով էլ դուրս է եկել ՌԱՀՀԿ-ից, որն ավանդաբար համարվել է Հովհաննիսյանին սատարող կառույց: Միաժամանակ Ռ.Կիրակոսյանն ավելացրել է, թե սեփական կենտրոն հիմնելով` ցանկացել է «հեռու լինել քաղաքական ասպարեզից, ավելի անկախություն ու չեզոքություն պահպանել»: Նրա հիմնադրած նոր կենտրոնը կոչվում է «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» եւ գտնվում է Ալեքսանդր Իսկանդարյանի ղեկավարած «Կովկասի ինստիտուտի» շենքում: Արդյո՞ք Ա.Իսկանդարյանն ու Ռ.Կիրակոսյանը համատեղ գործունեություն են ծավալելու: Վերջինս չհերքեց այդ լուրը, միայն ավելացրեց. «Նույն շենքի մեջ ենք, բայց պարոն Իսկանդարյանն իմ գործնական ընկերն է, եւ կհուսանք, որ միասին ծրագրեր պետք է ունենանք»: