Անկումների սարսափից

02/04/2011

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Հայաստանի քաղաքական դաշտում: Ընդդիմությունն ամեն օր հայտարարում է արտահերթ ընտրությունների անխուսափելիության մասին եւ պատրաստվում է հերթական ընտրություններին: Իշխանություններն էլ նույն եռանդով ամեն օր հայտարարում են, որ արտահերթ ընտրությունները բացառված են, սակայն անում են այնպիսի քայլեր, կարծես ընտրությունները կայանալու են առաջիկա մայիսին: Սոցիալապես անապահով խավի համար գազի գինն են աննշան էժանացնում, քննարկվում է ջրի սակագնի նվազեցման հնարավորությունը, հեռուստաեթերը ողողված է գյուղացու հոգսը կիսող նախարարների մասին ռեպորտաժներով, տարբեր ոլորտներում միջին օղակներում ինչ-որ կադրային փոփոխություններ են արվում եւ ամենակարեւորը` շրջանառվում են խոսակցություններ նոր կադրային փոփոխությունների մասին: Մասնավորապես վերջին օրերին քննարկվում է ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին պաշտոնանկ անելու հնարավորությունը: Իշխանական քարոզչությունը կարծես այդ պաշտոնանկությունների համար արդեն սկսել է հող նախապատրաստել: «Մեկ Ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի ղեկավար Թամար Պողոսյանի քայլերը Հրանուշ Հակոբյանի դեմ, թերեւս, հենց այդ շարքից են: Ըստ տարբեր աղբյուրների, Մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվելու է ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը, իսկ Հրանուշ Հակոբյանին փոխարինելու է ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը: Վերջին օրերին համառորեն խոսվում է նաեւ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության մասին: Թե ինչ նպատակ են հետապնդում այս կոսմետիկ փոփոխությունները (կամ այդ մասին խոսակցությունները)` դժվար է ասել: Հաստատ դրանց արդյունքում հասարակության վերաբերմունքն իշխանությունների նկատմամբ չի փոխվելու: Ավելի հավանական է, որ այս «աժիոտաժով» իշխանությունները պարզապես փորձում են հասարակությանը զբաղեցնել, շեղել հասարակության ուշադրությունը իրական խնդիրներից, մինչեւ «տեսնեն` գլխներին ինչ է գալիս»: