Ասա դու ինձ, հայելի

02/04/2011

Երեկ «Slaq.am» էլեկտրոնային թերթը «Ապրիլմեկյան կատակ» խորագրի ներքո գրել էր, թե Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Քիչ առաջ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ նախագահին: Slaq.am-ի տեղեկություններով, սա ՀՀ Գլխավոր դատախազի հրաժարականի երկրորդ դեպքն է: Հետաքրքիր է` այս անգամ այն կընդունվի՞, թե՞ ոչ: Հավանաբար հայտնի կդառնա օրվա ավարտին: Նշենք, որ պատճառների մասին ոչինչ հայտնի չէ»,- նշված էր կայքում, որի հիմնադիրը, ի դեպ, իշխող ՀՀԿ կարկառուն անդամ Մենուա Հարությունյանն է: Վերջինիս, մեղմ ասած, համարժեք պատասխան է տվել Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Շահեն Տոնոյանը: «Ապրիլի 1-ի օրը հայ հասարակության մեջ ընդունված է որպես կատակի եւ հումորի օր, եւ ամեն մեկը իր հասկացողության եւ դաստիարակության չափով է կատակ անում: Սակայն որքանո՞վ է հարիր գլխավոր դատախազի վերաբերյալ նման հումոր անելը, որքանո՞վ է դա կոռեկտ, կարող է որոշել յուրաքանչյուր բարոյական մարդ: Մենուա Հարությունյանի կերպարը իր տեղով ոչ միայն ապրիլմեկյան, այլ նույնիսկ ամենօրյա կատակների թեմա է»,- ասել է Տոնոյանը: