ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երեկ հայտարարել է, թե Ազատության հրապարակում 15 օր շարունակ հացադուլ անող իրենց առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցող հազարավոր մարդիկ հորդորել են դադարեցնել հացադուլը եւ առաջնորդել համակարգային փոփոխություններին միտված քաղաքացիական շարժումը: «Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց հացադուլը` այն անվանելով պայքարի առաջին փուլ կամ արար, եւ խոստանալով ապաքինվելուց հետո անմիջապես վերադառնալ պայքարի առաջին գիծ` բոլորիս հետ համահավասար ու քաղաքացիական պայքարի նույն շղթայի վրա: Չնայած իշխանական ու ընդդիմադիր դաշտերից հնչած սակավաթիվ անպարկեշտ, ցինիկ, զրպարտչական ու անբարո քննադատություններին, նմաններին նա պատասխանեց հնդիկ ականավոր հեղափոխական գործիչ Մահաթմա Գանդիի խոսքերով. «Նախ` անտեսում են քեզ, հետո` արհամարհում, ապա հարձակվում են քո վրա, իսկ վերջում դու հաղթում ես»,- ասել է Սաֆարյանը: Ըստ նրա` այս 15 օրերի ընթացքում առնվազն տասնյակ-հազարավոր քաղաքացիների համար հասարակության «խիղճն այլեւս արթնացած է, քաղաքացիական գիտակցությունը դուրս է բերված անհատապաշտական ու կռապաշտական պաշարումից, բարոյականության հարցը բերված է քաղաքականություն, իսկ քաղաքացու ու մարդու իրավունքն ու խնդիրը եւ ազգային-պետական շահն այլեւս ֆիքսվել են քաղաքականության առանցքում»: «Պայքարի հաջորդ փուլերով մենք պետք է հասնենք նրան, որ այլ քաղաքական ուժերի, եւ առաջին հերթին` գործող իշխանության համար սրանք նույնպես դառնան պարտադիր չափանիշներ: Իսկ եթե ոչ, ապա դա պետք է լինի նոր ձեւավորվելիք իշխանության որակն ու նրան ներկայացվող պահանջները: Սա է լինելու մեր բոլորիս շարունակվող պայքարի տրամաբանական ավարտը, անկախ նրանից, թե մեզ` տասնյակ-հազարավոր պայքարող քաղաքացիներիս, ովքեր կանտեսեն, ապա կարհամարհեն, իսկ հետո կհարձակվեն մեր վրա, որովհետեւ ճշմարտությունն ու բարոյականությունը, մարդասիրությունն ու ազատությունն ի վերջո հաղթել են, եւ մեր պայքարը նույնպես պսակվելու է հաղթանակով: Այդպես հաղթել է եւ Մահաթմա Գանդիի շարժումը»,- նշել է նա: