Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը երեկ հայտարարել է, թե ազատ արձակման հերթը կհասնի նաեւ Նիկոլ Փաշինյանին եւ Սասուն Միքայելյանին:
Իսկ նախօրեին հայտնի դարձավ, որ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պայմանական վաղաժամկետ ազատման վարչական հանձնաժողովը որոշում է կայացրել, համաձայն որի` կմիջնորդի ՀՀՇ անդամ, քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու համար: Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանն ասել է, որ այս որոշումը մինչեւ ապրիլի 5-ը ներկայացվելու է անկախ հանձնաժողովին, որն իր հերթին պետք է եզրակացություն ներկայացնի դատարան` Բարեղամյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշում կայացնելու համար: Եվ, իհարկե, Ա.Բարեղամյանն ազատ կարձակվի մինչեւ ՀԱԿ հաջորդ` ապրիլի 8-ի հանրահավաքը, կամ, ինչպես նախորդ անգամ եղավ, հենց հանրահավաքի օրը: Եվ վերջին 2 շաբաթվա ընթացքում ազատ արձակման այս որոշումը կդառնա երրորդը: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ի հանրահավաքի օրը ազատ արձակվեցին քաղբանտարկյալներ Ռոման Մնացականյանը եւ Հարություն Ուռուտյանը: Մարտի 1-ի հետ կապված գործերով քաղբանտարկյալների ազատ արձակման նման հաճախակիություն թերեւս եղել էր համաներման որոշումից հետո: Իսկ Ռ.Զոհրաբյանի երեկվա հայտարարությունը կարծես թե հուշում է, որ իշխանություններն, այնուամենայնիվ, որոշել են քաղբանտարկյալներին հերթով ազատ արձակել:
Դժվար է ասել, թե ինչու են իշխանությունները որոշել արագ-արագ «ազատվել» քաղբանտարկյալներից: Միգուցե նման որոշումների համար նշանակություն է ունեցել ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ակսել Ֆիշերի վերջին հայտարարությունը: Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ համազեկուցողները Հայաստանում էին ու հանդիպումներ ունեցան ընդդիմության եւ իշխանությունների հետ: Ի դեպ, նրանք դեռ Հայաստանում էին, երբ տեղի ունեցավ ՀԱԿ-ի հանրահավաքն, ու ազատ արձակվեցին նշված քաղբանտարկյալները: Իսկ համազեկուցողները Հայաստանից մեկնելուց հետո ամփոփելով հայաստանյան այցը` հայտարարել էին, թե «2008-ի հետընտրական իրադարձությունների հետեւանքով դեռեւս կալանքի տակ գտնվող անձանց առկայությունը, ինչպես նաեւ` 10 սպանությունների բացահայտված չլինելը, շարունակում են թունավորել Հայաստանի քաղաքական միջավայրը»: Համազեկուցողները ՀՀ իշխանություններին նաեւ կոչ էին արել «դրսեւորել քաղաքական կամք եւ առանց հետաձգելու լուծել այդ հարցերը»: Միգուցե ՀՀ իշխանությունները փորձում են գոնե հիմա դրսեւորել այդ կամքը:
Իշխանությունների այս «բարյացակամության» վրա ազդեցություն ունեն նաեւ սոցիալ-տնտեսական ու այլ բնագավառներում տիրող անարդարություններն ու դրանց նկատմամբ օրեցօր աճող դժգոհությունը: Այս տարի ՀԱԿ հրավիրած յուրաքանչյուր հանրահավաքին նախորդի համեմատ ավելի շատ մարդ է հավաքվում: Եվ դա` այն դեպքում, երբ իշխանությունները հնարավոր բոլոր միջոցներով` ճանապարհները փակելով, ահաբեկելով կամ «բարեկամական» զրույցներով փորձում են մարդկանց ետ պահել հանրահավաքներին մասնակցելուց: Ամեն դեպքում դժգոհության մթնոլորտն ավելանում է, եւ դա հաստատ իր ազդեցությունն է ունենում ընդդիմության գործունեության նկատմամբ իշխանության վերաբերմունքի վրա: Եվ, հավանաբար, իշխանությունները զանազան բարեփոխումների մասին հայտարարություններ անելուց զատ` փորձում են լարվածությունը կոտրել նաեւ նման բարյացակամ դրսեւորումներով: Եվ սա իսկապես կարելի է բարյացակամ վերաբերմունք համարել, որովհետեւ հատկապես քաղբանտարկյալների դեպքում իշխանությունները բավականին դաժան գտնվեցին: «Ես ստույգ ինֆորմացիա չունեմ, բայց կարծում եմ, որ Ս.Միքայելյանի օրն էլ կմոտենա, խնդիր չեմ տեսնում: Իշխանությունների մեջ ջոկողություն չկա` Արամ Բարեղամյա՞նը, թե՞ Ս.Միքայելյանը, միայն նրանց պատժաժամկետներն են տարբեր»,- երեկ ասել է Ռ.Զոհրաբյանը:
Իհարկե, իշխանությունները խտրականություն կամ դաժանություն անելիս` այդ մասին նախապես հայտարարություններ չեն անում, դա չեն խոստովանում նաեւ հետագայում: Սակայն նույն Ս.Միքայելյանի դեպքում նրանք դրսեւորեցին հնարավորինս մեծ դաժանություն եւ խտրականություն: Նա այն եզակի քաղբանտարկյալներից էր, ում պատժաժամկետը 5 տարուց բարձր է` 8 տարի: Այդ պատճառով էլ նրա նկատմամբ համաներումը չկիրառվեց: Նույն իշխանական շրջանակներում են խոստովանում, որ նախագահ Սերժ Սարգսյանն այդպիսով վրեժխնդիր է լինում Ս.Միքայելյանից, ում հետ մինչ այդ բավականին մտերիմ հարաբերություններ է ունեցել: Նախագահն այդպիսով համարել է, որ ընդդիմադիր դաշտ անցնելով` Ս.Միքայելյանը դավաճանել է իրեն: «Ես կարծում եմ, որ նախագահը բավականին վեր է կանգնած նման մտայնություններից, նախագահի համար բոլորն էլ քաղաքացի են: Եթե օրենք են խախտել, ապա համապատասխան մոտեցում կցուցաբերվի: Այնպես որ, առանձնահատուկ մոտեցում չկա: Համաներումը որ եղավ` խտրական մոտեցո՞ւմ կար, բոլորի վրա էլ տարածվեց»,- ասում է Ռ.Զոհրաբյանը:
Ավելացնենք խտրական դրսեւորման եւս մի դեպք. 2009թ. համաներումը տարածվում էր նաեւ Ռ.Մնացականյանի վրա, քանի որ նա մեղադրվում էր ՔՕ 225 հոդվածով, սակայն նա ազատ արձակվեց ընդամենը մարտի 17-ին: Ու այդպես շարունակ: Եվ եթե իսկապես իշխանությունները խտրականություն չեն դնում, ապա պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու տարբերակով բաց կթողնեն նաեւ Ն.Փաշինյանին, ում պայմանական ազատվելու ժամկետը կլրանա հունիսի 1-ին, եւ ում նկատմամբ նույնպես հնարավորինս խտրական վերաբերմունք է դրսեւորվում: