ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը երեկ հայտարարել է, որ հաջորդ գումարման խորհրդարանում գործարարներ քիչ են լինելու: Փոխարենը, ըստ նրա` ավելի շատ կլինեն մասնագետները: Իսկ ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ՀՀԿ-ի գաղափարական հին` «մարգարյանական», «նավասարդյանական» թեւը չի լինելու նոր խորհրդարանում, Ռ. Զոհրաբյանն ասել է. «Մեզ մոտ չկա ոչ հին սերունդ, ոչ նոր սերունդ, մարգարյանական, նավասարդյանական թեւ չկա, կուսակցությունը մեկ միասնական թիմ է: ՀՀԿ-ում այժմ կարեւորում են, որ գալիք խորհրդարանում ավելի շատ մասնագետներ լինեն, քան բիզնեսմեններ: Նոր խորհրդարանում կլինեն եւ՛ ժողովրդի ներկայացուցիչներ, եւ՛ մասնագետներ: Էդպես էլ եղել է, գուցե մի քիչ շատ են գործարարները, հաջորդ խորհրդարանում նրանք քիչ կլինեն»: Ի դեպ, նա հայտարարել է, թե անձամբ ինքը «առանձնապես այդքան մեծ ձգտում» չունի լինելու հաջորդ խորհրդարանում։ «Ես կզիջեմ կուսակցությանը, բայց կուսակցությունը գուցե չզիջի եւ ինձ գործուղի խորհրդարան»,- ասել է նա: Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով, արդեն երեք օր է` դադարեցրել է հացադուլը, եւ ՀԱԿ-ի կողմից հնչած մեկնաբանություններին, Ռ. Զոհրաբյանն ասել է. «Այսօր ընդդիմությունը մեկը չէ, բնականաբար, կա նաեւ ներքին մրցակցություն, հո մրցակցությունը մենակ իշխանությունների հետ չի՞: Լեւոն Տեր-Պետրոսյանի քննադատությունը Հովհաննիսյանի հացադուլի, ծոմապահության հետ կապված գուցե խիստ էր, բայց քննադատական էր: Իշխանություններն ավելի լոյալ են վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի միտինգներին, «Ժառանգությանը», որովհետեւ մենք ուզում ենք քաղաքացիական հասարակություն ստեղծել»: Իսկ ընդհանրապես ՀՀԿ-ական պատգամավորը խորհուրդ չի տալիս որեւէ մեկին դիմել հացադուլի, քանի որ ինքը դա չի ընդունում: «Ավելի լավ է` գնանք գյուղ, կարտոֆիլ ցանենք, քան հացադուլ անենք»,- ասել է նա: Նաեւ հավելել է. «Այո, իհարկե, հացադուլը բողոքի ձեւ է, բայց պետք չէ անել այն, որտեղ պատահի, օրինակ, Ազատության հրապարակում: Ավելի լավ է հացադուլ անեն իրենց տանը»: Իսկ ինչ վերաբերում է մարտի 17-ին ՀԱԿ հանրահավաքից հետո ժողովրդի մուտքն Ազատության հրապարակ չխոչընդոտելուն, ապա նա ասել է. «Մենք պետք է խուսափենք Մարտի 1-ի իրադարձություններից: Ահա թե ինչու ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցներին թույլ տրվեց մտնել Ազատության հրապարակ»: Նաեւ նկատել է. «Հայաստանի նախագահը բռնապետ չէ, Կադաֆի չէ»: Հարցին, թե արդյո՞ք Ր. Հովհաննիսյանի հացադուլը իշխանության «պրոյեկտն» էր, ինչպես փորձում են ներկայացնել ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ, Ռ. Զոհրաբյանը պատասխանել է. «Մենք նման պրոյեկտ չունենք, դա Ր. Հովհաննիսյանի պրոյեկտն էր»: