Մինչ խորհրդարանական ընդդիմությունը Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ զբաղված էր սահմանադրական փոփոխությունների նախագծի բարելավմամբ, Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչությունը դեռեւս հուլիսի հինգին՝ ՀՀ սահմանադրության ընդունման օրը, հայտարարեց, որ իրենք դեմ են այդ գործընթացներին:
Ի սկզբանե կուսակցությունում որոշում էր կայացվել չմասնակցել սահմանադրության նախագծի բովանդակային քննարկմանը: Սակայն այսօր ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը մատնանշում է մի շարք դրույթներ, որոնք բավարար են, որպեսզի հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկեն նախագծին: Եվ քարոզարշավի օրերին ընդդիմության համար գերխնդիր է հասարակության մեջ համընդհանուր «ոչ»-ի մթնոլորտ ստեղծելը: Հակառակ պարագայում, իշխանություններին կհաջողվի ընտրակեղծիքների միջոցով անցկացնել սահմանադրությունը, ինչը կործանարար հետեւանքներ կունենա երկրի համար:
«Իշխանությունների կողմից ի սկզբանե կիրառվում էր համընդհանուր «այո» ասելու տեխնոլոգիան, այսինքն՝ ընդդիմության մեջ եղած որոշ գործիչների օգնությամբ փորձում էին այնպես անել, որ ընդհանրական «այո»-ի մթնոլորտ ստեղծվի: Դա, բնականաբար, տապալվեց: Հիմա կիրառվում է մեկ այլ տեխնոլոգիա՝ փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, որ հանրաքվեի է դրվել փայլուն, իդեալական, շատ լավ փաստաթուղթ, որը մի քայլ առաջ է գործող սահմանադրության համեմատ: Բայց քանի որ ընդդիմությունը իշխանություններին դեմ է, դեմ է նաեւ այդ «իդեալական» նախագծին: Իսկ իրավիճակն իրականում այդպես չէ: Իհարկե, մենք դեմ ենք այդ փաստաթղթին նաեւ այն պատճառով, որ սահմանադրությունը խախտելու միջոցով իշխանության եկած անձինք իրավունք չունեն փոխելու սահմանադրությունը: Բացի այդ, մենք դեմ ենք այս փաստաթղթին, քանի որ այն թե՛ քաղաքական, թե՛ իրավական, թե՛ լեզվաբանական առումով շատ թույլ փաստաթուղթ է»,- ասում է Անդրանիկ Հովակիմյանը: Զրուցակիցս նախեւառաջ ընդգծեց, որ նոյեմբերի 27-ին հանրաքվեի դրվելիք փաստաթուղթը ոչ թե սահմանադրական փոփոխություններ են, այլ նոր սահմանադրություն: «Եթե իրավական ակտերի մասին օրենքը լուրջ ուսումնասիրենք, կտեսնենք, որ իրավական ակտերի փոփոխությունն ուրիշ բան է նշանակում. մեզ տալիս են մի հոդված, եւ ասում են, որ կոնկրետ այդ հոդվածում ավելացված կամ փոփոխված է այս բանը: Բայց հիմա փոփոխել են ողջ սահմանադրությունը»,- մեկնաբանում է նա: Իսկ այս ամենի արդյունքում, ՀՀՇ վարչության փոխնախագահի խորին համոզմամբ, Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա եւս երկու անգամ առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում:
Հեքիաթներ՝ մեծերի համար
Ինչ վերաբերում է հանրաքվեի դրվելիք նախագծի բովանդակային թերություններին, ապա դրանք բավական մեծ թիվ են կազմում: Սակայն Անդրանիկ Հովակիմյանը կոնկրետանում է երկու դրույթների՝ երկքաղաքացիության եւ սահմանների փոփոխության հնարավորության վրա: «Երկքաղաքացիությամբ ստեղծվում է երկու տեսակի քաղաքացիների խումբ՝ մի մասը՝ ՀՀ-ում ապրողները, ունեն եւ իրավունքներ, եւ պարտականություններ, իսկ մյուս մասը՝ երկքաղաքացիները, ունեն միայն իրավունքներ, այդ թվում՝ եւ ընտրելու իրավունք, եւ ոչ մի պարտականություն»,- ասում է Ա. Հովակիմյանը: Արդյունքում, երկքաղաքացիության ընդունումից հետո ՀՀ-ում բնակվող քաղաքացիները կզրկվեն իրենք իրենց երկրի ներսում իշխանություն ձեւավորելու հնարավորությունից, քանի որ այսօր արտերկրում ավելի շատ հայ է բնակվում, քան ՀՀ-ում: Եվ ընտրությունների ժամանակ նրանց քվեն ընտրությունների արդյունքների վրա որոշիչ կլինի: Իսկ իշխանությունների այն պնդումներին, թե երկքաղաքացիության մասին օրենքում իրենք ամրագրելու են, որ ընտրելու եւ ընտրվելու իրավունք ունեն միայն ՀՀ-ում բնակվող քաղաքացիները, Ա. Հովակիմյանը թերահավատորեն է վերաբերվում: «Սրանք ուղղակի հեքիաթներ են, որոնց ես երբեք չեմ հավատացել ու չեմ հավատա: 1998 թվականին էլ Քոչարյանն ասաց, որ երբեք չի առաջադրվի, քանի որ դա օրենքի խախտում կլինի, բայց մեկ շաբաթ հետո առաջադրվեց»,- հիշեցնում է նա:
Սահմանադրությունը կլուծի Մեղրիի հարցը
Երկրորդ կարեւոր դրույթը, որի պատճառով Անդրանիկ Հովակիմյանը ժողովրդին կոչ է անում «ոչ» քվեարկել առաջարկվող նախագծին, նախագահի առաջարկմամբ ԱԺ-ին պետական սահմանը փոխելու հնարավորություն տալու դրույթն է: Ա. Հովակիմյանի համոզմամբ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների օրակարգում դեռեւս դրված է Մեղրիի խնդիրը: Եվ հիմա այդ դրույթը մտցված է լոկ նրա համար, որ հետագայում Ռ. Քոչարյանը միջազգային հանրության ճնշման ներքո կարողանա ինչ-որ տարածքներ զիջել ու պատասխանատվությունը ԱԺ-ի վրա գցել: Մանավանդ, որ տարիների փորձը ցույց է տվել՝ իշխանություններն այնպիսի մարդկանցից են ձեւավորում խորհրդարանը, որ Քոչարյանի հրահանգով կսեղմեն ցանկացած կոճակ ու կընդունեն ցանկացած որոշում: «Այս իշխանությունները մինչեւ հիմա անցկացված բոլոր ընտրություններն անխտիր կեղծել են, ու միջազգային հանրությունը դա ներել է միայն այն բանի համար, որպեսզի հետագայում ցանկացած ժամանակ կարողանա նրանց վրա ճնշում գործադրել ու ստիպել, որ իր ուզածն անի: Հիմա ես ասում եմ, որ սա արված է հետագայում ՀՀ-ի հաշվին տարածքային զիջումներ անելու համար»,- իր մտավախությունն այսպես է հիմնավորում պրն Հովակիմյանը: Իհարկե, իշխանություններն էլ իրենց հերթին կարող են հայտարարել, թե այդ ամենը արվել է՝ հետագայում ՀՀ սահմանները մեծացնելու համար (իշխանական որոշ կուսակցություններ դեռ տառապում են ծովից ծով Հայաստան ունենալու մտքից.- Ա.Գ.): Սակայն Ա. Հովակիմյանը ոչ միայն լուրջ չի ընդունում, այլեւ անթույլատրելի է համարում Սահմանադրության մեջ այնպիսի դրույթները, որոնք բազմակարծության տեղիք կտան: «Ամբողջ խնդիրն այն է, որ Սահմանադրությունը չի կարող պարունակել դրույթներ, որոնք մեկնաբանվեն այս կամ այն տեսանկյունից: Այն մարդիկ, ովքեր ներկայացրել են այս փաստաթուղթը, պարզ չէ, մեկ-երկու տարի հետո լինելու են իշխանության մեջ: Նույնիսկ եթե ընդունենք, որ այն գրված է ամենալավ ենթադրություններով ու ցանկություններով, ապա ոչ մի երաշխիք չկա, որ հետագայում, երբ մեկ ուրիշը եկավ իշխանության, չի անի հակառակը»,- ասում է նա: