«Լավ է` ուղեղն աշխատեց»

02/04/2011

Երեկ անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մեհմեդ Ալի Շահինի հայտարարությանը, թե` հայ-թուրքական արձանագրությունները վերջ են դնում Հայկական հարցին, եւ, որ հայերը չեն կարող Ցեղասպանության նյութական փոխհատուցման հարց դնել Թուրքիայի առջեւ, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն ասել է. «Ալի Շահինն իր ելույթում հասկացնել տվեց, որ հայ-թուրքական արձանագրությունները վաղուց փակել են Հայկական հարցը, եւ, որ դրանով պետք է զբաղվեն բացառապես հայ եւ թուրք պատմաբանները: Մյուս կողմից, սակայն, թուրքերը հասկանում են, որ պատմական ենթահանձնաժողովի ստեղծման գաղափարը սպառել է իրեն, հետեւաբար պետք է նոր մարտավարություն մշակել: Այդ նոր մարտավարությունը նրանք իրագործում են նախկինում արգելված թեմայի` Ցեղասպանության խնդրի շուրջ հասարակության ներսում քննարկումներ կազմակերպելով, ինչն 95 տարի արգելված է եղել: Հիմա թուրքերն ասում են, որ ողբերգություն է կատարվել, սակայն այդ ողբերգությունը եղել է եւ՛ հայերի, եւ՛ թուրքերի հետ: Այս կերպ թուրքական կողմն ուզում է միջազգային հանրությանը հասկացնել, որ Ցեղասպանության հարցը միայն իր եւ Հայաստանի որոշելիք գործն է, եւ ոչ ոք իրավունք չունի խառնվել դրա մեջ»: Խոսելով Թուրքիայում ծնված եւ ներկայումս ԱՄՆ-ում աշխատող հայազգի հայտնի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի` Փարիզի OECD-ում Թուրքիայի դեսպան նշանակելու մասին հայտարարություններին, ինչն ավելի ուշ հերքել է տնտեսագետը, Ա. Հովհաննիսյանն ասել է. «Լավ է, որ այդ մարդու ուղեղն աշխատեց, եւ նա թուրքական կառավարության ձեռքում գործիք չդարձավ»: Հիշեցնենք, որ Տարոն Աջեմօղլուն ասել էր, թե` ծանր ակադեմիական աշխատանքների պատճառով ինքը մոտ ապագայում չի կարող ընդունել Թուրքիայի իշխանությունների առաջարկը: