– Պարո՛ն Մինասյան, գրականության մեջ հեղինակները կերպարը շեշտելու, նրանց շուրթերից հնչած մտքերին արժեք տալու համար հաճախ հերոսներին ներկայացնում են որպես խելագար (Շեքսպիրի «Համլետ»), էքսցենտրիկ (Սերվանտեսի «Դոն Քիշոտ»), էպիլեպտիկ, մանկամիտ (իշխան Միշկին` Դոստոեւսկու «Ապուշը»), շիզոֆրենիայով տառապող (Անապաստանը` Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան»): Ինչո՞ւ են ճշմարտությունները, որպես կանոն, գրողները հնչեցնում հոգեպես անառողջ մարդկանց շուրթերից:
– Ժողովուրդն է ասում. «Ճիշտ խոսքը կա՛մ գժից իմացիր, կա՛մ երեխայից»: Սրա մեջ կա ճշմարտություն. բոլոր ժամանակներում ճիշտ կամ ճակատին ասված խոսքը պարսավանքի է արժանացել: ժամանակի վատ բարքերը, իշխանությունների դեմ ուղղված խոսքը հեղինակները գերադասել են իրենց` հոգեկան հիվանդ հերոսների շուրթերով ասել, որպեսզի նահանջելու կամ արդարանալու տեղ ունենան:
– Կամ էլ, թերեւս, դա ակնարկ է իրենց առողջ համարող մարդկանց` վերանայել վերաբերմունքը թե՛ իրենց, թե՛ հիվանդների հանդեպ:
– Գիտեք, սովորաբար առողջ մարդը ճկուն է, գիտե` ինչ ասել, հասկանում է իր ասելիքի տեղն ու ժամանակը («Տեղին խոսելը արծաթ է, տեղին լռելը` ոսկի»): Հիվանդ մարդու համար էթիկայի կանոններն այնքան էլ էական չեն: Իմիջիայլոց, նրանք, ովքեր բարձրաձայնում են հասարակության արատները, հաճախ էլ դառնում են նույն այդ հասարակության զոհը: Օրինակ` Հիսուս Քրիստոսը. Նա էլ էր քարոզում ճշմարիտ խոսքը, սակայն Նրան խաչեցին: Անգամ, երբ խնդիր առաջացավ` ներել երեք խաչվողներից մեկին, ժողովուրդը նախապատվությունը տվեց ավազակ Բարաբային եւ ոչ՛ Աստծո Որդուն: Քրիստոսն իր քարոզներով տիրող դասակարգի համար ավելի՛ վտանգավոր էր, քան հանցագործները: Նույնը ստալինյան շրջանում էր. երբ ձերբակալում էին «ժողովրդի թշնամուն», նա խնդրում էր իրեն դատել` որպես մարդասպանի կամ գողի, բայց ոչ որպես «քաղաքականի»: Այսինքն` գողերի ու մարդասպանների հանդեպ արդարադատությունն ավելի հանդուրժող էր, քան ինքնուրույն մտածողների:
– Շատ երկրների ղեկավարներ աչքի են ընկնում տարօրինակ վարքագծով. հայտնի է Սահակաշվիլու` փողկապ ծամելու պատմությունը, Սարկոզիին հաճախ հտպիտի են նմանեցնում, Բեռլուսկոնին, չնկատելով իր առաջացած տարիքը, բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների է ենթարկվում, սկանդալային սիրային պատմությունների մեջ հայտնվում, Իսրայելի նախկին նախագահը մեղադրվում է բռնաբարությունների համար: Ցանկը կարելի է շարունակել: Ստացվում է` աշխարհի մեծ մասը ղեկավարում են հոգեպես անառողջ մարդիկ:
– Քաղաքակիրթ աշխարհում այն մարդիկ, ովքեր պետության ղեկին են, վեց ամիսը մեկ պարտադիր հոգեբանական, նարկոլոգիական զննություն են անցնում: Տվյալները հրապարակվում են: Տարիներ առաջ Ֆրանսիայի նախագահի անձնական բժշկին, ով թաքցրել էր, որ նախագահը տառապել է քաղցկեղով, դատեցին: Կարելի է մտածել` քաղցկեղով հիվանդն ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել իր պետության կամ ժողովրդի համար: Պարզվում է` կարող է: Երբ մարդը գիտե, որ իրեն ապրելու քիչ ժամանակ է մնացել, ընդունակ է ոչ ադեկվատ, ծայրահեղ քայլերի: Ասեմ, որ Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարը, Նապոլեոնը տառապել են էպիլեպսիայով: Ստալինը եւ Հիտլերը պարանոյա ունեին, Լենինը` ուղեղի սիֆիլիս, Ձերժինսկին թմրամոլ էր, Բերիան` սեռական մոլագար, եւ այս ցանկը կարելի է երկար շարունակել: Շատ կան հոգեկան հիվանդներ արվեստի եւ գիտության ոլորտներում:
– Հանճարեղ շատ գրողներ, երաժիշտներ, նկարիչներ, քանդակագործներ, փիլիսոփաներ տառապել են հոգեկան հիվանդություններով եւ իրենց կյանքի մի մասն անց են կացրել կամ կյանքը եզրափակել հոգեբուժարանում:
– Այո, օրինակ` Սալվադոր Դալին, Պիկասոն, Վրուբելը, Վան Գոգը, Չուրլիոնիսը հոգեկան խնդիրներ են ունեցել: Սակայն նրանց կողքին կան հազարավոր նկարիչներ, ովքեր հոգեպես միանգամայն առողջ էին` Մարտիրոս Սարյանը, Մինասը, Այվազովսկին: Այս դեպքում ընդհանրացումը ճիշտ չէ: Սակայն պետք է ընդունել, որ արվեստում բոլոր նոր ուղղությունները ստեղծել են հոգեկան շեղումներ ունեցող մարդիկ: Օրինակ` սյուրռեալիզմի կարկառուն ներկայացուցիչներ են Դալին, Պիկասոն, իմպրեսիոնիզմինը` Վան Գոգը: Սալվադոր Դալին մի առիթով ասել է. «Իմ պարանոյան ինձ թույլ տվեց ճիշտ ընկալել աշխարհը»:
– Դալիին մեջբերելով` հաստատում եք, որ պարանոյան մղում է կյանքն ընկալել ավելի խոր, ավելի սուր:
– Այդ իրեն է թվում, թե կյանքը ճիշտ է ընկալում: Ճիշտ ընկալելը ռեալիզմն է: Օրինակ` ինչպե՞ս կարելի է համեմատել Ռեմբրանդտի, Այվազովսկու, Շիշկինի նկարները Դալիի կամ Պիկասոյի նկարների հետ: Երբեմն ինքդ ես ուզում Դալիի նկարներից խելագարվել, իսկ Այվազովսկու նկարներից խաղաղվում ես, անգամ` բուժվում: Ասեմ, որ խմիչքի, թմրանյութերի հանդեպ հակումը մարդու ներսում է լինում եւ առաջին իսկ հնարավորության դեպքում ի հայտ գալիս: Օրերս մեկի հետ զրուցում էի թմրանյութերի օրինականացված վաճառքի մասին: Տեսեք, ալկոհոլային խմիչքի ազատ վաճառքը դեռեւս պատճառ չէ, որ ողջ հասարակությունը դառնա հարբեցող: Նույն սկզբունքով էլ, եթե թմրանյութերը ազատորեն վաճառվեն, բոլորը չէ, որ կդառնան թմրամոլ: Բնակչության որոշակի տոկոս կա, որն անպայման պետք է հարբեցող կամ թմրամոլ դառնա` անկախ արգելքներից, ռեպրեսիվ մեթոդներից: Այնպես, ինչպես համասեռականները, ովքեր անկախ որեւէ արտաքին պայմաններից ու գործոններից` կազմում են երկրագնդի բնակչության մոտավորապես 5 տոկոսը:
– Այսինքն` առաջարկում եք, որ թմրանյութի վաճառքից առաջացող գումարները մտնեն ոչ թե թմրաբարոնների գրպանը, այլ պետբյուջե՞:
– Եվ այդ դեպքում երիտասարդները ստիպված չեն լինի թունավոր նյութեր ներարկել իրենց երակները, այլ կգործածեն գործարանային պայմաններում պատրաստված մաքուր եւ առողջության համար նվազ վտանգավոր թմրանյութեր` չարյաց փոքրագույնը: 1985-86թթ. գորբաչովյան «չոր օրենքի» տարիներին, երբ խիստ սահմանափակվեց ռուս ազգի «գենոցիդի» պատճառ դարձած ալկոհոլային խմիչքի արտադրությունն ու վաճառքը, կտրուկ բարձրացավ ալկոհոլային խմիչքին փոխարինող թունավոր նյութերից մահացության թիվը, ինչն էլ ստիպեց կառավարությանը դադարեցնել հակաալկոհոլային կամպանիան:
– Կարծում եք, որ խաղատնային բիզնեսից, թմրանյութերի առուվաճառքից, մարմնավաճառների բիզնեսից ստացվող ահռելի գումարները շրջանառվում են` շրջանցելով բարձրաստիճան իրավապահների՞ն:
– Այդ ամբողջ բիզնեսը մաֆիայի ձեռքին է, եւ այդ փողերի գետերը հոսում են որոշակի մարդկանց գրպանները:
– Մեր կյանքը, հայաստանյան իրականությունը, ստիպում է բոլորի՛ս ցույց տալ մեր բնավորության շեշտված կողմերը: Անարդարության մթնոլորտը, խաբված, նվաստացած լինելու պերմանենտ, չլքող զգացողությունը հասարակության գրեթե բոլոր անդամներին ստիպում է լարվել եւ առաջնորդվել ավելի շուտ` ցածր բնազդներով, քան գիտակցությամբ:
– Սոցիալական պայմաններից կախված` դրսեւորվում են մարդու բնավորության վատ գծերը: Եթե ինչ-որ մեկը գողության հակում ունի, գողություն չի անի, եթե միջավայրը, սոցիալական վիճակը չնպաստեն: Բավական է, որ նա ընկնի ֆինանսական ծանր կացության մեջ, նրա մեջ կարթնանա գենետիկորեն կոդավորված գողություն անելու ցանկությունը: Այլ կերպ ասում են, որ «Մարդու մեջ արթնանում է գայլը»: Մուրացկանությունը ոչ թե անելանելիությունից դրդված քայլ է, այլ հոգեվիճակ: Մարմնավաճառությունը ոչ թե ծանր կարիքով թելադրված հուսահատ որոշում է, այլ հոգեվիճակ:
– «Հոգեկան հիվանդություն» արտահայտությունը նշանակում է` հոգու հիվանդություն: Այսինքն` գիտությունը չի ժխտում հոգու գոյությունը:
– Հոգի կա, բայց ոչ կրոնական իմաստով: Հոգին ուղեղի ֆունկցիան է: Ես այդ ֆունկցիայի մեջ որեւէ գերբնական, արտառոց իմաստ չեմ դնում: Մարդկային բանականությունը, խելքը, ինտելեկտը կրողն ուղեղն է: Հասկանում եմ հարցի ենթատեքստը: Բժիշկն էլ, ինչպես յուրաքանչյուր մարդ, կարող է լինել հավատացյալ, աղանդավոր, աթեիստ: Ինքս աթեիստ եմ, եւ դա ինձ զերծ է պահում սնոտիապաշտությունից, կրոնական հավատալիքներից:
– Հետեւաբար` կողմ եք բազմակնությանը:
– Մեր հասարակությունը նոր եւ արտառոց մտքերը սրով է ընդունում: Սակայն, եթե ավելի խորը քննեք խնդիրը, կտեսնեք, որ դրանք շատ անմեղ բաներ են: Օրինակ` երբեք չէի ասի, թե գողությունը կամ մարդասպանությունը պետք է օրինականացնել, քանի որ այդ արատները վնաս են պատճառում մեկ ուրիշին, իսկ բազմակնությամբ որեւէ մեկին չես վնասում, այլ, հակառակը, նպաստում ես ազգի բազմացմանը:
– Սեփական կնոջից բացի …
– Եթե կինը թույլ չի տալիս, ապա այդ տղամարդը բազմակին լինել չի կարող: Բայց եթե կինը, ճակատագրի բերումով, չի կարող երեխա ունենալ, եւ տղամարդը դատապարտված է անժառանգ մնալուն, ապա կինը պետք է թույլ տա ունենալ երկրորդ կին: Քրիստոնեությունն ասում է` կինդ անպտուղ է, ամուսնալուծվիր եւ ամուսնացիր այլ կնոջ հետ եւ ժառանգներ ունեցիր: Մահմեդականությունն ասում է` եթե կինդ անպտուղ է, դու պարտավոր ես նրան պահել ու խնամել մինչեւ վերջ, եւ եթե ցանկանում ես` տուն բեր երկրորդին, երրորդին: Ստացվում է` մահմեդականությունն ավելի մարդասիրական կրոն է:
– Կրոնական գիտելիքներս թույլ չեն տալիս դիպուկ հակադարձել, բայց ենթագիտակցական մակարդակով կարծում եմ` շատ կտրուկ եք, նույնիսկ` ոչ այնքան օբյեկտիվ:
– Արաբները 700 տարի ուսումնասիրել են քրիստոնեության թերություններն ու բացթողումները ու իրենց կրոնը սրբագրել են: Եվ, տեսեք, իրենց գաղափարախոսությամբ մահմեդականներն աշխարհը գրավում են: Քրիստոնեության պատճառով 2000 տարում 100 միլիոնից հասել ենք երկու միլիոնի: Բոլոր քրիստոնեական պետությունները ծերանում ու մեռնում են: Եվրոպան թուրքերով է հեղեղված: Միայն Գերմանիայում 5 միլիոն թուրք է ապրում: Որպեսզի քրիստոնյա հոգեւոր գործիչն առաջ գնա` պետք է կուսակրոն լինի: Իսկ մահմեդականության մեջ հակառակն է` որքան շատ կին ունենաս, այնքան առաջ կգնաս: Որքան առաջ գնաս, այնքան շատ կին ու երեխաներ ունենալու իրավունք ու հնարավորություն կունենաս: Քրիստոսը կին, երեխա չի ունեցել, եւ քրիստոնեությունն էլ քարոզում է ժուժկալությունը: Իսկ Մուհամեդն ունեցել է 12 կին:
– Դիտարկենք միայն մեկ առանձին մարդու. ինչո՞ւ պետք է նրա անձնական երջանկությունը ստորադասվի որեւէ գաղափարի, օրինակ` ազգի բազմացմանը: Ի վերջո, գիտենք, թե հարեմներում ինչ մրցակցություն է, միեւնույն ամուսին ունեցող կանայք իրենց երջանիկ, լիարժեք չեն զգում: Քրիստոնեությունը յուրաքանչյուր մարդուն դիտարկում է որպես Աստծո զավակ, յուրաքանչյուրին տրված է ազատ ընտրության, արժանապատիվ կյանքի իրավունք: Գոնե կրոնով:
– Միշտ էլ այդպես է եղել` անհատի իրավունքները ստորադասվել են ազգի իրավունքներին: Եթե այդպես չլիներ, անհատները չէին զոհվի ու հերոսանա ազգի պաշտպանության համար մղվող պատերազմներում: Եթե մենք այսօր որակ ունենք, ուզում ենք նաեւ քանակ ունենալ:
– Քանակը կարելի է ապահովել սեփական կնոջ միջոցով:
– Նա երկուսն ունի, երրորդը չի ուզում, կամ առողջությունը թույլ չի տալիս: Իսկ ես ուզում եմ տասը, հարյուրը ունենալ:
– Քրիստոնեությունն առաջարկում է փոխադարձ սիրո եւ հարգանքի հենքին լուծել խնդիրը: Եվ հետո, երեխաների թիվը գոնե այնքան պետք է լինի, որ հայրը նրանց անունները հիշել կարողանա:
– Համոզված եմ, որ բազմակին ընտանիքներում թագավորում է ոչ պակաս սերն ու հարգանքը, քան որոշ հայկական ընտանիքներում, ուր ամուսինները թափառում են խոպաններում եւ բազմացնում այլազգիներին, լքում են իրենց կանանց եւ երեխաներին: Վկա` մամուլում հրապարակվող դեպքերը, վիճակագրությունը…