Մեր արվեստի պատմության մեջ կան մարդիկ, որոնց մտքերի եւ ստեղծագործությունների հետ շփվելը նմանվում է մի ողջ տիեզերքի ուսումնասիրության: Եվ առաջինն այդ ցուցակում Երվանդ Քոչարն է. մի մարդ, ով իր կերպարով ու մեզ ժառանգած արվեստով դեռ շարունակում է մնալ անհայտ եւ «չնվաճված» մի տիեզերք: Բավական է կարդալ նրա գրած նամակները կամ փոքր-ինչ ավելի խորասույզ հայացքով դիտել նրա արվեստը` համոզվելու համար, որ այն մարդիկ, ովքեր ամեն վայրկյան պատրաստ են ներքուստ «պայթել» իրենց մեջ կուտակված ստեղծագործական էներգիայից, միշտ դատապարտված են լինում ժամանակից առաջ ընկնել: Եվ որպես դրա հետեւանք` չընկալվել իրենց մեծությամբ: Չէ՞ որ տիեզերքը սարսափելի մի բան է, որը վախեցնում է շարքային մահկանացուներիս` իր չափով ու ծավալով: Մարդիկ գերադասում են լոկ մեկ կամ երկու աստղերով հիանալ, իսկ տիեզերքում տեղի ունեցող անդադար շղթայակապ ռեակցիաները նրանք փորձում են չնկատել: Այդպես ավելի հանգիստ է:
Փաստը մնում է փաստ. Երվանդ Քոչարի ստեղծած որոնող, խոհեր շարժող, միաժամանակ անհանգիստ եւ շշմելու աստիճանի ամբողջական ֆորմաներն ու ծավալներն անհայտ են շատերիս համար: Եվ պատճառներից մեկն էլ` Քոչարի հայտնագործումների սակավ ներկայությունն է մեր քաղաքում: Եվ եթե ճիշտ ժամանակին նրա քանդակները, գրքերի իլյուստրացիաները, գրաֆիկական ու գունային բացահայտումները կամ առավելեւս` տարածային նկարչության նմուշները տեղ գտնեին մեր առօրյա հորիզոնում (ճարտարապետության, ինտերիերների ու էքստերիերների դիզայնի, ինչո՞ւ` ոչ, նաեւ` հագուստի մոդելավորման մեջ), ապա մենք բոլորովին այլ հասարակություն կլինեինք: Մենք կունենայինք այն արվեստային իմունիտետը, առանց որի դատապարտված ես աշխարհի հետ խոսել ոչ թե որպես հավասարը հավասարի, այլ որպես ճորտը` տիրոջ հետ: Երվանդ Քոչարը մեզ տվել էր այդ հավասարության երաշխիքը, որը մենք «զմռսել» ենք ու պահել արդեն 90 տարի շարունակ:
Սեփական արժեքի (իրական, այլ ոչ թե հնարովի կամ վերացական) գիտակցումը շատ կարեւոր գործոն է, որը մենք անընդհատ անտեսում ենք: Չէ՞ որ արվեստը շղթա էգ Արվեստի նմուշն իր ֆորմայով, գույնով, կառուցվածքով, խոսքով ու պլաստիկայով կյանք է մտնում որպես արտաքին եւ ներքին վարքագիծ ձեւավորող տարր (հենց դա է մշակույթը), իսկ հետո սնելով մշակութային դաշտը` դեպի նոր քաղաքակրթական աստիճան անցում կատարելու պլատֆորմ է ստեղծում:
Նման մտքերը վերածնվեցին այն պահին, երբ պատիվ ունեցանք (իսկ դա, իրոք, պատիվ է) վերջերս Հայաստան տեղափոխված Երվանդ Քոչարի նորահայտ գործը տեսնել: «Շեդեւր» (shedevr.am) պատկերասրահի հիմնադիր Սարգիս Գրիգորյանը մեծ բարդություններով եւ արկածներով (նաեւ` բավական խոշոր գնով) կարողացել է ձեռք բերել Երվանդ Քոչարի վաղ շրջանի աշխատանքներից մեկը, որն արդեն կես դարից ավելի մասնավոր կոլեկցիոներների մոտ էր պահվում: Այն շուրջ 30 տարի գտնվել էր կոլեկցիոներ Պատրիկ Տրիգանոյի մոտ, իսկ այնուհետեւ` հանգրվանել էր Փարիզի «Մինոտավր» գալերեայում` արվեստի մենեջեր Բենդիտ Սապիրոյի մոտ: Արվեստի գործերի հարուստ մասնավոր հավաքածու ունեցող ու արվեստի շուկայի մեծ գիտակ Սարգիս Գրիգորյանը Ֆրանսիայում մնացած Երվանդ Քոչարի գործերի ճակատագրով վաղուց էր հետաքրքրվում: Շուրջ 2 տարի նա տարբեր կապեր գործածելով` փորձում էր գտնել հայ վարպետի աշխատանքների հետքերը: Եվ իր խոսքերով ասած` հենց որ առաջին անգամ Փարիզում տեսավ Քոչարի այդ անվերնագիր ու բազմաշերտ ծավալային աշխատանքը` մի քանի րոպե անգամ շնչել չէր համարձակվում, այնքան ազդեցիկ ու գեղեցիկ էր այն:
Այդ աշխատանքը, որը ստեղծվել է 1927 թվականին, Քոչարի ամենաբեղմնավոր եւ ազատական ստեղծագործական փուլի վկայությունն է, նրա հայտնագործած տարածային նկարչության ժանրի իսկական գլուխգործոց է: Հայաստանում ընդհանրապես վաղ շրջանի Քոչար քիչ կա, իսկ փարիզյան տարիների աշխատանքների գտնվելու վայրը մեծամասամբ անհայտ է: Եվ հենց այս գործը, որը լավագույնս ներկայացնում է Երվանդ Քոչարի ժամանակի, տարածության, գիտակցական եւ ենթագիտակցական ուղերձներին առնչվող էքսպերիմենտները, ամբողջացնում է մեր պատկերացումները Քոչարի աներեւակայելի ներուժի մասին: 20-րդ դարի առաջին կեսին Քոչարը կարողացել էր կռահել այն մեծ հեղափոխությունը, որն իր հետ մեր կյանք բերեցին բարձր տեխնոլոգիաները, եւ հատկապես եռաչափ` 3D ֆորմատը: Նա, կարծես կանխազգալով (իսկ բոլոր մեծ արվեստագետները միշտ էլ մարգարեներ են) վիրտուալ կառույցների ուժն ու անհրաժեշտությունը, կարողացել էր «ճեղքել» տարածությունը, բեկել ու ճկել այն` թույլ տալով դիտորդին արվեստի գործը դիտել խորությամբ: Չէ՞ որ Քոչարի տարածական, պլաստիկ աշխատանքներին նայելիս` ակամայից ինքդ դառնում ես այդ ստեղծագործության համահեղինակը, քանի որ հենց քո ընտրած տեսանկյունից է կախված, թե նրա այդ աշխատանքն ի՞նչ է պատմելու քեզ: Ե. Քոչարի տուն-թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան-Քոչարը նկատում է, որ, թերեւս, թիֆլիսյան շրջանից ակնհայտ էր Քոչարի մղումը` նկարը «դուրս հանել» ավանդական քարացածությունից, հարթ մակերեսից ու դնել այն շարժման մեջ:
Եվ Քոչարի նորահայտ աշխատանքը, որի մեջ որպես կոդեր ներբեռնած են Եդեմի, իմացության ծառի եւ Եվայի կերպարը, այդ շարժվող պատմության լավագույն նմուշն է: Դա մի փոքրիկ ֆիլմ է` արված ինովացիոն տեխնոլոգիաներով, եւ միեւնույն ժամանակ` կերպարվեստի գործ է` արված մեծ վարպետությամբ: Որպես հումք Քոչարն օգտագործել է եւ հայելապատ մակերեսները, եւ զանգակ-ահազանգերը, նաեւ` պտուղների ու կանացի ֆիգուրի բեկվող ու նորանոր «գլուխկոտրուկներ» կազմող դետալները: Սարգիս Գրիգորյանը նկատում է, որ այժմ այդ աշխատանքն ուսումնասիրելու ժամանակն է. «Քոչարի բոլոր գործերի մեջ դիցաբանական պատմություն կա, եւ հիմա հիացմունքից պետք է անցում անել դեպի արվեստաբանություն»: Մոտ ժամանակներում Քոչարի նորահայտ աշխատանքը կցուցադրվի Ազգային պատկերասրահում, Երվանդ Քոչարի տուն-թանգարանում, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, որպեսզի որքան հնարավոր է` շատ մարդ կարողանա տեսնել այն: Չէ՞ որ այդ թանկարժեք (եւ փոխաբերական, եւ բառիս բուն իմաստով) գործը պետք է իր գնորդն ունենա, այլապես մեկ անձի համար դա անասելի մեծ ֆինանսական բեռ կդառնա: Ս. Գրիգորյանը, ում փոքրիկ մասնավոր ցուցասրահը պարզապես ունակ չէ Քոչարի գործի մասսայականությունն ապահովել, վստահեցնում է, որ մինչեւ այս տարվա աշուն գործը ցուցադրություններ կունենա, իսկ հետոգ անհայտ է: «Իհարկե, լավագույն ելքը մի քանի մեծահարուստների համախմբումն ու աշխատանքի գնումը կլինի: Եթե գտնվեն այդ մարդիկ, մենք հնարավորություն կունենանք Երվանդ Քոչարի այդ սքանչելի գործը պետության սեփականությունը դարձնել»,- ասում է նա:
Պետք է նշել, որ Քոչարի նորահայտ տարածական կտավը կարող էր եւ չհասնել Երեւան: Բախտի տարօրինակ զուգադիպությամբ` այդ թանկարժեք բեռը, որը Փարիզից Երեւան էր տեղափոխվում ինքնաթիռով, որոշ ժամանակով անհետացել էր Փարիզի օդակայանից: Շփոթմունքի պատճառով, «Էյր Ֆրանս» ընկերությունը ապահովագրված եւ հատուկ արկղում տեղադրված աշխատանքը բոլորովին այլ ուղղությամբ էր պատրաստվում ուղարկել: Եվ միայն «Արմավիայի» հատուկ միջամտության շնորհիվ է հնարավոր եղել մուտք գործել օդակայանի ահռելի տերմինալն ու իսկական որոնողական աշխատանքներ կատարելով` վերջիվերջո գտնել այն: «Ես պարզապես սարսափ ապրեցի, մտածելով, որ աշխատանքը կարող է կորել: Ոչ մի ապահովագրական փոխհատուցում չէր կարող հատուցել այդ կորուստը: Չէ՞ որ Քոչարի արժեքը միայն գնով չէ պայմանավորված»,- ասում է Ս. Գրիգորյանը: Տանջանքներով եւ մեծ սիրով Հայաստան տեղափոխված այս աշխատանքը դեռ նոր է սպասում իր միֆոլոգիայի վերլուծությանը, սակայն մի բան ակնհայտ է. այսօր մեզ Երվանդ Քոչար շատ է պետք: Պետք է որպես հիշեցում եւ սեփական ունեցվածքի ռեւիզիայի փորձ: Եվ վերջիվերջո` այն վկայում է արդեն իսկ եղած մեծ հարստության մասին, որը կա, բայց դեռ մերը չէ:
Մենք ու մեր Քոչարը
Երվանդ Քոչարն իր էությամբ ավանգարդիստ էր: Եվ թերեւս հենց այդ` միշտ նորարարության սահմանագծում գտնվելու ներքին պահանջի շնորհիվ էլ` նա միշտ կարողացել է հայտնագործել այն ֆորմաներն ու կառուցվածքները, որոնք իր ապրած ժամանակահատվածում ծայրահեղ հեղափոխական են համարվել: Նրա գաղափարներն ու արվեստը հեղափոխական են եղել ոչ միայն Խորհրդային Հայաստանում, այլեւ` Եվրոպայում: Նա իրապես եվրոպական գեղանկարչական ավանգարդի ներկայացուցիչ էր, որին հուզում էին նույն հարցերը, որոնք հուզում էին Պիկասոյին, Լեժեին, Պիկաբիային եւ այլ հայտնիներին: 1936 թվականին, երբ Քոչարը որոշում ընդունեց Հայաստան տեղափոխվել, նա արդեն իր լիիրավ (եւ շատ ուրույն, միայն իրեն հատուկ) դերն էր զբաղեցնում այդ հայտնիների շարքի մեջ: Փարիզում նա արդեն կարեւորագույն նշանակություն ունեցող ցուցահանդեսների էր մասնակցել` Բրակի, Կիրիկոյի, Էռնստի, Լեժեի, Պիկաբիայի հետ, փարիզյան «Vignon» գալերեայում անցել էր նաեւ նրա անհատական ցուցահանդեսը: Փարիզում նա ազատ էր, եւ հիմա նրա ազատական արվեստի մի փոքր վավերացումը Երեւան է եկել:
Միայն պատկերացրեք, որ Քոչարն այս նորահայտ գործը ստեղծել է 1927 թվականին, այսինքն` այն ժամանակ, երբ մեր մայրաքաղաքը դեռ նոր պիտի կառուցվեր: Եվ եթե մենք ճիշտ պահին օգտագործեինք վարպետի հայտնագործումները, ապա բոլորովին այլ քաղաքում կապրեինք: Նույնիսկ զարմանալ կարելի է, թե ինչպե՞ս ենք մենք (Քոչար ունենալու դեպքում) մեր քաղաքում տեղադրում այն քանդակներն ու արձանները, որոնք համաշխարհային արվեստի սանդղակում մեզ մի քանի դարով ետ են գցում: Հենց Քոչարն` իր պլաստիկ ու միֆոլոգիական հայտնությունների շնորհիվ` կարող էր (եւ պետք է) դառնար այն «դուռը», որը տանում է դեպի մեծ արվեստն ու դեպի արկածը: Չէ՞ որ Քոչարին վերծանելը իսկական ինտելեկտուալ եւ զգացական արկած է, ճամփորդություն դեպի անցյալն ու ապագան, որոնք միշտ էլ իրար են միանում ու ստեղծում եւ մեզ, եւ մեր իրականությունը:
Եվ նորահայտ անվերնագիր այս գործը, որի հետ ծանոթանալու հաճույքը մեզ նոր է սպասում, այն ճարտարապետական, պլաստիկ լուծումներով է հագեցած, որոնք քաղաքային քանդակախումբ կարող են դառնալ: Քոչարը շատ օրգանապես է դիտվում հենց քաղաքային միջավայրում, քանի որ նրա տարածական փորձերը առաջին հերթին մարդու միայնության եւ մեծ քաղաքի բախումն են արտացոլել: Նաեւ` ներդաշնակության որոնումները: Պատահական չէ, որ 1933 թվականին ստեղծած շարքերից մեկը նա անվանել էր «Մարդ-քաղաք»: Հենց այսպես, հավասարության նշան դնելով անհատի ու նրան շրջապատող միջավայրի միջեւ: Քոչարի անհատը համ գեղագետ էր, համ էլ ինտելեկտուալ: Եվ հիմա կրկին մտածենք, թե ինչո՞ւ այդ մարդկանց հետքը չկա մեր քաղաքում: Ինչո՞ւ են համաշխարհային արվեստի պատմության մեջ մեծ դեր ունեցող հայ վարպետի գործերը միայն փոքր խցերում ու թանգարանների պահոցներում կուտակվում: Պատասխանը, թերեւս, մեկն է. մենք պատրաստ չենք Քոչարին ընկալել իր բարձրության աստիճանից: Քոչարը չհասկացվեց ոչ իր կյանքի օրոք, ոչ էլ հիմա, այդպես էլ մնալով` որպես անհաս ինտելեկտուալ մի ժայռ, որը կարողացավ բերել ու ուղղակի մեր ոտքերի տակ դնել եվրոպական նորագույն նվաճումները (դեռ մի բան էլ` ավելին), իսկ մենք գերադասեցինք մնալ մեր նեղ շրջանակներում:
Երվանդ Քոչարի գրական ժառանգության հետ ծանոթանալիս` պարզ է դառնում, որ նա կամքի լարումով եւ հույսով միշտ սպասում էր, որ իր հայտնությունները տեղ կգտնեն հենց իր հայրենի քաղաքում, որն էլ մինչ այսօր` շարունակում է անտեսել նրան:
«Շեդեւր» գալերեայի հիմնադիր Սարգիս Գրիգորյանը նկատում է. «Քոչարին թողած` մեր քաղաքում կիսատ-պռատ արձաններ ենք տեղադրում, դա մեր բացթողումն է»: Եվ հետո ավելացնում է. «Կան քաղաքներ, որոնք ապրում են միայն թանգարանների հաշվին: Այդպիսին է, օրինակ, Մալագան, որտեղ գտնվում է Պաբլո Պիկասոյի թանգարանը, այդպիսին է Ֆիգերասը, որտեղ Սալվադոր Դալիի թատրոն-թանգարանն է գործում: Ես վստահ եմ, որ Երեւանը նույնպես պետք է թանգարանային քաղաք դառնա: Եվ տուրիստների կողմից առաջին հերթին ընդունվի` որպես Երվանդ Քոչարի թանգարանի քաղաք: Հերիք է մեր երկիր այցելած զբոսաշրջիկներին միայն ռեստորաններ հրավիրենք, նրանց պետք է Քոչարին ներկայացնել, այնպես, ինչպես ներկայացնում ենք Զվարթնոցի տաճարը կամ Էջմիածինը: Մեր ազգային բրենդը հենց Քոչարն է, հարկ չկա ներկայացնել աշխարհին, քանի որ նա վաղուց արդեն միջազգային համբավ ունեցող արվեստագետների շարքում է: Նա ժամանակակից եվրոպական արվեստի նախահայրերից է եւ իր բնույթով արդեն համաշխարհային արվեստի մեջ է»:
Եվ որպես վերջաբան` նշենք, որ արվեստը զարգանալու (այսինքն` մշակույթ դառնալու) շանս է ստանում ոչ միայն արվեստագետների, այլեւ` արվեստը գնահատողների շնորհիվ: Իսկ այդ գնահատողները հիմա շատ քիչ են: Եթե գնահատեցիր սիրտն ու ուղեղը արկած կատարելու հրավիրող արվեստը (նկարիչ Հակոբ Հակոբյանն, օրինակ, արվեստը որպես խաղ է որակում), ուրեմն կունենաս ապագա: Երվանդ Քոչարը դեռ ապագայում է: Արդեն տասնամյակներ շարունակ: