Ավտոտնակը փակել է բակի մուտքը

02/04/2011

Բնակիչների իրավունքները ոտնահարելը մեր օրերում դարձել է սովորական երեւույթ: Շուտով կլրանա հերթական անօրինականության մեկ տարին: Խոսքը վերաբերում է բակերում կառուցված ապօրինի ավտոտնակներին, որոնք արգելափակում են մուտքը դեպի բակ` իրենց հետ բազմաթիվ անհարմարություններ ստեղծելով բնակիչների համար: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սվաճյան փողոցի թիվ 52 շենքի բնակիչները խմբագրություն էին ահազանգել` իրենց բակում տեղադրված ավտոտնակների հետ կապված հարցերով: Սակայն իրականությունն այլ բան է փաստում: Դրանց մեծ մասը բավական լուրջ խոչընդոտներ են առաջացնում բնակիչների համար: Օրինակ, ավտոտնակներից մեկը փակել է բնակելի շենքի մուտքերից մեկը` թողնելով միայն մեկ` չափազանց նեղ մուտքը: Եվ այնքան անհարմար է այդ մուտքը, որ նույնիսկ աղբահավաք մեքենան է հազիվ կարողանում բակ մուտք գործել: Ավտոտնակի շինարարության հենց սկզբից էլ բնակիչները հնչեցրել են իրենց դժգոհությունները, բողոքները, սակայն որեւէ արձագանք չի ստացվել Տեղական Ինքնակառավարման մարմինների, Երեւանի քաղաքապետարանի կողմից: Որեւէ արձագանք չստացան նաեւ բնակիչների այն մտահոգությունները, ըստ որոնց` եթե, Աստված մի արասցե, հրդեհ լինի, ապա հրշեջ ծառայության ավտոմեքենաները չեն կարողանալու բակ մուտք գործել: Իսկ ինչո՞ւ պատկան մարմինները չեն արձագանքել բնակիչների օրինական պահանջներին: Պատճառն ակնհայտ է. խնդիրը նրանում է, որ այդ ավտոտնակը կառուցվել էր նույն համայնքի թաղապետ` այժմ` վարչական տարածքի ղեկավար Դավիթ Օհանյանի հանձնակատարներից մեկի կողմից: Մյուս պատճառը հանդիսացավ մեր «ազգային» մտածողությունը, կամ` բնավորությունը. բնակիչներից ոմանք խուսափում էին իրենց ահազանգը եւ դժգոհությունները հետեւողական բարձրաձայնել, ասելով` «Ինչպե՞ս կարելի է վատություն անել հարեւանին, պետք չէ վաստակել «չկամեցողի» պիտակը, իսկ վթարային իրավիճակի դեպքում, ոնց էլ լինի, մի կերպ կփրկվենք»: Այդ մտածողությունն էր, թերեւս, նաեւ պատճառը, որ դժգոհության ալիքի վերջում բնակիչներից շատերն այդ ավտոտնակի կառուցապատման համաձայնագրի տակ ստորագրեցին: Ավտոտնակի կառուցապատումից արդեն մեկ տարի անց բնակիչներից շատերը դարձյալ անհանգստացած են: «Եթե նույնիսկ բնակիչներից ոմանք կամ շատերը համաձայնություն են տվել, թե ավտոտնակն իրենց չի խանգարում, մի՞թե դա բավարար պայման է այդ ավտոտնակը թույլ տալու համար: Քաղաքապետարանը պետք է զբաղվի այդ հարցով, բնակիչների անվտանգության խնդիր է դրված: Հրշեջ ավտոմեքենան ինչպե՞ս կարող է դեպքի վայր հասնել, եթե մի բան պատահի, այն դեպքում, երբ աղբահավաք մեքենան է մի կերպ տեղաշարժվում»,- հարցնում էր շենքի բնակչուհիներից մեկը: