«Սա չի նշանակում, որ պայքարը ավարտվում է: Սա մի երկար շղթայի սոսկ մի փոքր օղակն էր, որ տեղի ունեցավ այս հրաշալի հրապարակում վերջին 15 օրերի ընթացքում: Ես եւ մենք` միասին, դարձյալ պիտի վերադառնանք հրապարակ եւ ամբիոններ` քաղաքացիական եւ քաղաքական գնահատական տալով մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերներին, գործող իշխանության իրական պահվածքին, ընդդիմության շատ լուրջ հիմնախնդիրներին եւ, առաջին հերթին, այն քայլերին, միջոցառումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը եւ հայ ժողովրդին հետ պահելու հնարավոր կործանումից, արյունից եւ այսօրվա անարդար, անիրավ վիճակի խորացումից»,- երեկ Ազատության հրապարակում հացադուլից դուրս գալու արարողության ժամանակ հայտարարել է «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ ինչ արդյունք ունեցավ այդ երկշաբաթյա հացադուլը քաղաքական դաշտում: «Ոգի եւ գիտակցություն: Եվ ապագայի հեռանկարի արդեն բացվող լուսամուտ: Եկել է ակտիվ եւ համապարփակ գործողությունների ժամը: Ես էլ հազարների մեջ մեկ շարքային մասնակիցն եմ լինելու այդ պայքարի»,- պատասխանել է նա: