Իսկ ո՞ւմ է «Ժառանգությունը» հաղթել բարոյապես

31/03/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների` մարտի 17-ի հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից նրան չհիշատակելու, չբարեւելու եւ դրա հետ կապված քննարկումների արդյունքում կարելի՞ է եզրակացնել, որ «Ժառանգության» ու ՀԱԿ-ի համագործակցությունն արդեն անհավանական է:

– Ես այդպես չէի ձեւակերպի, բայց որ մարտի 17-ին բացահայտ երեւաց, որ ընդդիմադիր դաշտում ՀԱԿ-ը «Ժառանգությանը» դիտում է ոչ թե դաշնակից, այլ հակառակորդ-մրցակից, դա ակնհայտ ընդգծվեց ՀԱԿ-ի կողմից:

– ՀԱԿ-ում համախմբված են 18 քաղաքական կառույցներ, «Ժառանգությունը» միայնակ այնքան զորե՞ղ է, որ նման անհավասարության պարագայում ՀԱԿ-ին մրցակից համարվի:

– Ես չգիտեմ, թե դուք կամ հասարակությունն ինչպես եք ընկալում 18 քաղաքական կառույց ասածը, բայց ես անկեղծորեն ասեմ, որ այսօր քաղաքական դաշտում կան անհատներ, որոնք ավելի քաղաքական կշիռ ունեն, քան այդ կուսակցություններից ոմանք` միասին վերցրած:

– Մի քանի օր առաջ Դուք հայտարարել էիք, թե «առաջիկայում ՀԱԿ-ից որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ կհամագործակցեն «Ժառանգության» հետ` նպաստելով նոր ներքաղաքական իրավիճակի ձեւավորմանը»: Ինչի՞ մասին է խոսքը:

– Այդ հավաքը չի եղել ընդդեմ որեւէ մեկին, ուղղակի հավաքի մասնակիցներն իրենց մտահոգություններն են արտահայտել երկրում ստեղծված ծանր իրավիճակի եւ այդ իրավիճակից դուրս գալու ուղիների մասին: Ինձ համար անհասկանալի է այն աժիոտաժը, նյարդային քննարկումները այս հավաքի հետ կապված:

– Կարծիքներ հնչեցին, թե ընդդիմադիր նոր կառույց եք փորձում ստեղծել:

– Մենք կարող էինք քննարկել ցանկացած հարց եւ ցանկացած որոշում կայացնել` որեւէ մեկից թույլտվություն հայցելու խնդիր չունենք: Ուղղակի նման հարց դրված չի եղել: Առանձին տրամադրություններ արտահայտել են, բայց հավաքն այլընտրանքային ինչ-որ բան ստեղծելու նպատակ չի ունեցել:

– Իսկ ավելի կոնկրետ կասե՞ք, թե ինչ հարցեր են քննարկվել:

– Բնականաբար` Ր.Հովհաննիսյանի քաղաքական հացադուլի մասին է խոսք եղել, երկրում ստեղծված իրավիճակի մասին, ինչը բոլոր մասնակիցները միարժեք գնահատեցին շատ ծանր: Եվ յուրաքանչյուրն իր մոտեցումներն էր շարադրում, թե ինչպես է պատկերացնում այս վիճակից դուրս գալը: Եվ, իհարկե, բոլորն իրենց մտահոգությունն էին արտահայտում, որ ընդդիմությունն առայժմ չի կարողանում համախմբվել:

– Ր.Հովհաննիսյանի հացադուլի առնչությամբ էլ տեսակետ է հնչում, թե այնքան էլ անկեղծ չէ եւ քաղաքական «խաղ» է:

– Այստեղ բացարձակ խաղ չկա, սա քաղաքական հացադուլ է` բարոյական լուրջ հենքով, եւ այն շատ տեսանելի է: Ճիշտ է, քաղաքականությունը, ասում են, խնդիրներ ունի բարոյականության հետ, բայց դա չի նշանակում, որ բարոյական մարդիկ իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ:

– Իսկ ինչպե՞ս եք բացատրում իրողությունը, որ ՀԱԿ-ի հետ «Ժառանգության» համագործակցություն չի ստացվում, բայց ՀԱԿ-ի որոշ անդամների հետ, այնուամենայնիվ, համագործակցություն եւ հարաբերություններ կան:

– Ստեղծված իրավիճակի հետ կապված մտահոգությունը կապ չունի ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների կամ գործիչների եւ «Ժառանգության» հարաբերությունների հետ: Շատ ընդհանուր է մտահոգությունը: Պետք չէ մտածել, որ եթե տարբեր թիմերում գտնվող մարդիկ միմյանց բարեւում կամ նույն թեմայի շուրջ մտահոգություն են հայտնում, ուրեմն վերջ` դավադրություն է: Ես ավելի լուրջ քանակով միավորումներ եմ տեսել` 1995թ. մոտ 75 կուսակցություններ ու կազմակերպություններ սատարեցին ՀՀՇ-ին, «Հանրապետություն» բլոկ կար: Հախուռն, միասին ձեւակերպումներ էին տրվում, թե ամբողջ քաղաքական դաշտը համախմբվել է եւ այլն, բայց 1998թ. փետրվարյան մի գիշերվա ընթացքում այն գրեթե ամբողջությամբ երկրապահացավ եւ դարձավ այդ միավորմանը ԱԺ բերողի հիմնական քաղաքական հակառակորդը: Այդ ձեւական մոդելներով պարտադրել, թե 15 կամ 75 կառույցներ կան, ես սա քաղաքական թեմա չեմ դիտարկում, ավելի շատ շահարկման երեւույթ է: Ես ավելի ռեալ եմ նայում ներքաղաքական զարգացումներին: Այսօր կա «Ժառանգություն», որը քաղաքական լուրջ գործոն է, կա Ր.Հովհաննիսյան, ով իսկապես քաղաքական դաշտի ընդգծված լիդերներից է: Քայլ է արել, եւ դա, անկախ նրանից` ով ինչ կասի, քաղաքական դաշտում լուրջ քննարկման ալիք է առաջացրել: Պետք է դրա հետ հաշվի նստել եւ ոչ թե փորձել փնովել ու գոտկատեղից ներքեւ հարվածել: Իսկ երբ դա արվում է իշխանության ու ընդդիմության ինչ-որ հատվածի կողմից համատեղ` սա արդեն մտորելու լուրջ տեղիք է տալիս: Բայց կարծում եմ, որ դա կանցնի, որովհետեւ ընդդիմադիր դաշտը որեւէ մեկի սեփականությունը չէ: Պետք է այնքան իմաստություն ունենալ եւ հասկանալ, որ այս վիճակից դուրս գալու համար ընդդիմադիր դաշտում անհրաժեշտ է համախմբում:

– Եթե այդ համախմբումն այդքան կարեւորում եք, ապա ինչո՞ւ դրա համար առաջին քայլը «Ժառանգությունը» չի անում:

– 2008թ. մարտի 1-ին «Ժառանգությունը» ժողովրդի հետ էր, ամբողջ եվրոպական կառույցներում խմբակցությունն օգտագործելով իր հնարավորությունը` միշտ բարձրացրել է քաղբանտարկյալների հարցը եւ այլն: Կարծում եմ, որ դա համագործակցության հստակ փաստ է: Այսօր եթե քաղբանտարկյալներին դուրս են թողնում, չտեսնել այդտեղ «Ժառանգության», մասնավորապես` Զարուհի Փոստանջյանի դերակատարությունը, կարծում եմ` ուղղակի պետք է չցանկանալ դա տեսնել: Այն, ինչ հնարավոր է անել, արվել է: Որտեղ եղել է անհրաժեշտություն, համագործակցել ենք: Մարտի 1-ի հանրահավաքին մենք գնացինք մասնակցելու, բայց, դժբախտաբար, մարդիկ «չնկատեցին» դա, եւ հայտարարվեց, որ չեն նկատել Ր.Հովհաննիսյանի մուտքը` այն դեպքում, որ 15 րոպե շարունակ ժողովուրդը ծափահարում էր: Ելույթ ունեցողն ընդհատեց խոսքը: Ես չեմ ուզում մանրամասն անդրադառնալ դրան, ամեն ինչ շատ տեսանելի է: Պետք է կարողանալ տեսնել եւ հավատալ տեսածին:

– Բայց ՀԱԿ-ն այս տարի արդեն երրորդ անգամ է բավականին հզոր հանրահավաքներ անում, Դուք դա լուրջ չեք ընդունում: «Ժառանգությունը» կարո՞ղ է այդքան մարդ հավաքել:

– Մենք առայժմ չենք տեսնում, որ հանրահավաքների անհրաժեշտությունը կա, եթե գտնենք կա` կանենք:

– Հացադուլի անհրաժեշտությունն ավելի՞ շատ էր:

– Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում, թե այդ պահին որն է ավելի ճիշտ: Քաղաքական ճաշակի հարց է:

– Ամեն դեպքում ի՞նչ ազդեցություն թողեց ՀՀ քաղաքական կյանքի վրա այդ հացադուլը:

– Ր.Հովհաննիսյանն իր արարքով ապացուցեց, որ կարելի է առանց ամպագոռգոռ ձեւակերպումների քայլ անել, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ քաղաքական զարգացումների վրա` դրական շեշտադրումներով: Երկրորդը` չտեսնել այն բարոյական լուրջ տարրը, որ կա այս քայլի մեջ, կարծում եմ` ուղղակի պետք է միայն չցանկանալ դա տեսնել: Եվ եթե ուշադրություն դարձնեք, Ր.Հովհաննիսյանը գրեթե համարժեք պատասխան չի տալիս, չի փորձում «մանդակունիացնել» ընդգծված քաղաքական թեման: Մենք չենք դիտում, որ մեր այսօրվա թիվ 1 հակառակորդը ՀԱԿ-ն է, ու նրա դեմ պետք է պայքարել: Այլ հարց է, որ նրանք շատ սկզբունքային մրցակից են դիտում մեզ, որը, իմ կարծիքով, ճիշտ չէ:

– Հացադուլի մասին խոսելիս` անընդհատ դրա բարոյական կողմն եք շեշտում, բայց չէ՞ որ «Ժառանգության» ղեկավարը 15 պահանջ էր ներկայացրել:

– Զուտ բարոյական չէ, ես ասում եմ` քաղաքական լուրջ ակցիա է սա, որը նաեւ ամրապնդված է բարոյական հենքով:

– Բայց միայն բարոյական խնդիրը լուծվեց, այդ 15 պահանջները չեն կատարվել:

– Պահանջ չի եղել, ըստ էության, դա ակնկալիք է, նաեւ կոչ է, ահազանգ ամբողջ հասարակությանը, որ ծանրագույն վիճակում է գտնվում պետությունը: Եվ միայն միասնական ուժերով եւ ճիշտ օրակարգի ձեւավորումով կարող ենք այս վիճակը փրկել:

– Հիմա, երբ նա դադարեցրեց հացադուլը, կարո՞ղ եք ասել, թե որն էր դրա նպատակը:

– Հասարակությանն ակտիվացնել, որպեսզի տեր կանգնի իր պետության ճակատագրին, իր ճակատագրին, իրավունքին:

– Այդ նպատակին հասա՞ք։

– Ես չէի ասի, թե հասել ենք, բայց որոշակի լուրջ ահազանգ ընկալվեց ժողովրդի կողմից: Այս օրերին մոտ 20 հազար քաղաքացի է այցելել եւ իր թե բարոյական, թե քաղաքական աջակցությունն է հայտնել: Սա արդեն ինչ-որ բան ասում է, բայց որ միանգամից ժողովրդի մոտ գիտակցական ինչ-որ փոփոխություն լինի, եւ բոլորն ընդունեն ու միանգամից լծվեն գործի, ես չեմ կարծում, որ դա պրագմատիկ մոտեցում կլինի: Բայց իսկապես, հասարակության մեջ այս հացադուլն իր քաղաքական շեշտադրումներով արձագանք ունեցավ, ես դրա ականատեսն եմ: