Հաստատել է

31/03/2011

Թուրքիայի ԱԳ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն երեկ հաստատել է մամուլում շրջանառվող լուրերը, թե Թուրքիայում ծնված եւ ներկայումս ԱՄՆ-ում աշխատող հայազգի հայտնի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուին նշանակելու են Փարիզի OECD-ում Թուրքիայի դեսպան: Դավութօղլուն հայտարարել է, թե իրենք ամիսներ առաջ առաջարկել են Տարոն Աջեմօղլուին Փարիզի OECD-ի (Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպություն) մշտական ներկայացուցչությունում Թուրքիայի դեսպանի պաշտոնը: «Պարոն Աջեմօղլուն մեր առաջարկից մեծ ոգեւորություն էր ապրել, սակայն այս պահին նա գիտական աշխատանք է կատարում եւ ավարտելուն պես կանցնի նոր պարտականությունների կատարմանը: OECD-ը մեծ կարեւորություն ունեցող տնտեսական կառույց է, իսկ Տարոն Աջեմօղլուն աշխարհի ամենահայտնի տնտեսագետներից մեկն է: Այս հարցում ես խոսել եմ Թուրքիայի նախագահի եւ վարչապետի հետ: Վարչապետն այս լուրի կապակցությամբ շուտով հայտարարությամբ հանդես կգա»,- ասել է Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նրա` Թուրքիան բազմազգ երկիր է, եւ այստեղ որեւէ զարմանալի բան չկա, որ դեսպան կարող է նշանակվել այլազգի քաղաքացին։ «Առավել եւս, որ պարոն Աջեմօղլուն Թուրքիայի հպարտությունն է: Նա աշխարհի ականավոր տնտեսագետներից մեկն է»,- ասել է նա: