Աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Ոստիկանության բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, Ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը: news.am-ի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է Ոստիկանության մամուլի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը: Կայքի տեղեկություններով, Արմեն Պողոսյանին հարցաքննել են Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Հ. Թամամյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում էր կայացրել: