Նախկինում տուբերկուլյոզի տարածման գոտիներ էին համարվում կալանավայրերն ու բանակը: Այսօր տուբերկուլյոզի տարածման վտանգ կա նաեւ բաց հասարակության մեջ: Ղարաբաղյան շարժման եւ երկրաշարժի ճգնաժամային տարիների ծանր հետեւանքներն ազգաբնակչության շրջանում արդեն գլուխ են բարձրացնում: 2004թ. գրանցվել է տուբերկուլյոզով 1558 հիվանդ, որոնցից մահացել է 148-ը: Մասնագետների կարծիքով` տուբերկուլյոզով հիվանդների աճ է սպասվում՝ Հայաստանում տարեկան կհայտնաբերվեն մինչեւ 2000-2200 հիվանդ: ՀՀ Առողջապահության նախարարության Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ղեկավարի տեղակալ Տաթեւիկ Կոստանյանն ասում է. «Մենք դա սպասում ենք, որովհետեւ կանխատեսվող աճ կա: Ճիշտ է, մի կողմից` շատ բացասական երեւույթ է, բայց մյուս կողմից` մենք պետք է համոզված լինենք, որ հիվանդներին գտնում, բերում ենք բուժման դաշտ: Պետք է ընդունենք, որ մի քանի տարի դեռ աճ է արձանագրվելու: Այսօրվա աճը մեզ համար դրական է դիտվում, քանի որ հիվանդները հայտնաբերվում եւ բուժվում են»: Տուբերկուլյոզի ազգային ծրագիրը սկսել է գործել 2004թ. մարտից: Ըստ Տ. Կոստանյանի՝ ոչ թե հիվանդության աճ է արձանագրվում, այլ հիվանդների հայտնաբերման աճ է գրանցվում: Նրանք հիմնականում անտեղյակ, թաքնված հիվանդներն են, որոնք բացահայտվում եւ ուղեգրվում են բուժման: «Այդ աճն առկա է եղել տարիներ շարունակ, անցումային շրջանի հետեւանքն է, սակայն դա ի հայտ է գալիս հիմա, որովհետեւ Խորհրդային շրջանի փլուզումից հետո տուբերկուլյոզի ազգային ծրագիր չի եղել: Տուբերկուլյոզի վարակը մեր շրջապատում մշտապես կա, պարզապես ցածր իմունիտետ ունեցող զգայուն օրգանիզմը ենթարկվում է հարուցիչին: Խորհրդային տարիներին գործող տուբերկուլյոզի դեմ պայքարի կառույցը փաստորեն փլուզվեց եւ երկար տարիներ հանրապետությունում նման ծրագիր չկար: Մենք հիմա հակատուբերկուլյոզային ծառայության համակարգի միջոցով
միջազգային չափանիշներով ենք աշխատում»,- ասում է տիկին Կոստանյանը: Հիվանդությունը հայտնաբերվում է խորխի լաբորատոր հետազոտության միջոցով: Ազգային ծրագրի շրջանակներում Գերմանիայի կառավարության դրամաշնորհով ձեռք են բերվել լաբորատոր հետազոտության ռեակտիվներ եւ պետպատվերի շրջանակում ներդրվել է այդ ծառայությունը: Երկու շաբաթ անընդմեջ հազը, քաշի անկումը, անսովոր քրտնարտադրությունը, ֆիզիկական թուլությունը կարող է տուբերկուլյոզի ախտանիշ լինել: Այդ դեպքում հիվանդը պետք է անմիջապես դիմի բժշկին: Տիկին Կոստանյանը վստահեցնում է, որ այս ծառայությունն անվճար է, հետեւաբար կոչ է անում վերոնշյալ նախանշանների առկայության դեպքում պարտադիր դիմել տեղամասային բժշկին: Եթե մարդը տուբերկուլյոզ հիվանդության «կասկածյալ» է, ապա պետպատվերի շրջանակում հետազոտվում եւ, հարկ եղած դեպքում ուղեգրվում է բուժման:
Վրաստանում 100.000 բնակչի հաշվով՝ տուբերկուլյոզով հիվանդների թիվը 70 է, Ադրբեջանում՝ 88, իսկ Ռուսաստանում՝ 140: Թեեւ այս երկրների համեմատ Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդների թիվը համեմատաբար փոքր է, այդուհանդերձ, նախկինում՝ Խորհրդային տարիներին մեզ մոտ եղել է ընդամենը 27-28 հիվանդ: Հայաստանում տուբերկուլյոզ հիվանդության ամենաբարձր ցուցանիշը 15-30 տարիքային խմբերի տղամարդկանց շրջանում է գրանցվում: Սա տղաների համար նախազորակոչային տարիք է, հետեւաբար զինվորական ծառայության ընթացքում նույնպես պարբերաբար հետազոտվում են: «Տուբերկուլյոզը բուժվող հիվանդություն է, սակայն, երբ մարդիկ ինքնաբուժությամբ զբաղվելով` ընդունում են հակաբորբոքային դեղորայք՝ նրանք բարդացնում են հիվանդությունը, եւ այս դեպքում չի կարելի ասել, թե այն բուժվող է,- ասում է Տ. Կոստանյանը: -Տուբերկուլյոզի բուժման փուլում հակաբորբոքայինն առաջին թշնամին է, անկառավարելի կերպով մարդիկ օգտագործում են, իսկ մենք ստանում ենք դեղակայուն ձեւեր, որոնք շատ վտանգավոր են թե՛ հիվանդի, թե՛ հասարակության համար: Տուբերկուլյոզը կարելի է բուժել մինիմալ փաթեթով, սակայն հիվանդի ինքնաբուժության պատճառով զարգանում է դեղերի նկատմամբ կայունություն, եւ մասնագետը չի կարողանում դեղերով բուժել»: Տուբերկուլյոզը բուժվում է վեցամսյա ժամկետում, սակայն 95%-անոց բուժում պետք է ակնկալել այն դեպքում, եթե հիվանդը դիմում է ժամանակին եւ բուժումն ընդունում է անընդմեջ, ճիշտ սխեմայով, իսկ ընդհատումների կամ ինքնաբուժության դեպքում հիվանդությունը խիստ վտանգավոր է դառնում: