Մանկական սրճարան՝ գերեզմանի վրա՞

31/03/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ Կոմիտաս 19/8 հասցեի բնակիչները խմբագրություն էին ահազանգել: Նրանք հայտնեցին, որ 5 անհայտ երիտասարդներ` չցանկանալով ներկայանալ բնակիչներին, պատրաստվում են մանկական սրճարան կառուցել Կոմիտաս 19/8 հասցեում գտնվող պուրակին հարակից գերեզմանի վրա: Այդ նպատակով անհայտ երիտասարդները երեկ առաջին հերթին երկաթե կաղապարով ծածկել էին գերեզմանի վրա տեղադրված` Արեւմտյան Հայաստանի արաբկիրցիների ցեղասպանությանը նվիրված հուշաղբյուրը: Վրդովված եւ զայրացած բնակիչներն իսկույն զանգահարել են Երեւանի քաղաքապետարան եւ հուշաղբյուրի վրայից հանել երկաթե կաղապարը: Ահազանգին ընդառաջ` գնացինք հուշաղբյուրի մոտ: Բնակիչներից Կարենը մեզ հետ զրույցում պատմեց. «Մի քանի օր առաջ այդ նույն երիտասարդներն անընդհատ գալիս էին ու ինչ-որ չափումներ էին վերցնում: Իսկ այսօր նրանք հայտնվեցին եւ երկաթե կաղապարով փակեցին Արեւմտյան Հայաստանի արաբկիրցիների ցեղասպանությանը նվիրված այս հուշաղբյուրը, որը տեղադրվել է 1975 թվականին` ցեղասպանությունից փախած արաբկիրցի սփյուռքահայերի միջոցներով: Հուշաղբյուրին կից հողատարածքում հանգչում են ցեղասպանության արդյունքում գաղթած եւ ժամանակին սփյուռքում ապրած մեր հայրենակիցների աճյունները:

Փաստացի այս հողատարածքը` գերեզման է: Այդ երիտասարդները մեզ ասացին, որ պատրաստվում են այս տարածքի վրա մանկական սրճարան կառուցել, անգամ ներկայացրեցին ապագա երկհարկանի սրճարանի նախագիծը եւ նշեցին, իբրեւ թե ունեն կառուցապատման իրավունք: Երբ հարցրեցի, թե ովքե՞ր են եւ ի՞նչ կազմակերպություն են ներկայացնում, չցանկացան ներկայանալ: Իսկ երբ ասացի, որ 20 րոպեից քաղաքապետարանից աշխատակից է ներկայանալու` պարզելու համար, թե ի՞նչ իրավունքով են նրանք պատրաստվում գերեզմանի վրա մանկական սրճարան կառուցել, իսկույն անհետացան: Ի՞նչ իրավունք ունենք մենք բողոքելու այլազգիների կողմից կատարվող վանդալիզմից, եթե սեփական երկրում, մեր իսկ ազգի ներկայացուցիչները պատրաստվում են փորել հայի գերեզմանն ու վրան մանկական սրճարան կառուցել»: Անհայտացած երիտասարդները, ովքեր քաղաքապետարանի աշխատակցի անունը լսելով` չքվել էին պուրակի ետին ճանապարհով, այնքան վստահ էին իրենց քայլերի իրավասության վրա, որ հասցրել էին քոքահան անել դեպի պուրակը տանող գլխավոր ճանապարհի ուղղությամբ տնկած վարդի թփերը: Բնակիչների հարցին, թե` ինչո՞ւ եք փորում եւ քոքահան անում վարդի թփերը, երիտասարդները պատասխանել են, որ ծաղիկները կխանգարեն ապագա սրճարանի մոտ տանող մեքենաների մուտքը:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի պետ Հայկ Մելտոնյանը հանդիպելով Կոմիտաս 19/8 հասցեում բնակվող բնակիչներին, խոստացել է պարզել, թե իրականում գոյություն ունի՞ արդյոք այդ հողատարածքում շինարարություն իրականացնելու որեւէ թույլտվություն, փաստաթուղթ: «Մեր վարչությունում առկա չէ որեւէ քաղաքաշինական փաստաթուղթ այդ տարածքում որեւէ շինարարություն իրականացնելու համար: Ուստի այդ տարածքում որեւէ բան չի կառուցվի»,- արդեն երեկոյան Կոմիտաս 19/8 հասցեի բնակիչներին եւ մեր թերթի խմբագրությանը հայտնել էր Հ. Մելտոնյանը: