«Մենք հեռվից ենք սիրում»

31/03/2011

Ապրիլի 1-ին «Ակադեմիա» ցուցասրահում տեղի է ունենալու Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանի նկարների ցուցահանդեսը: «Ցուցահանդեսի օրը Ռ.Խառատյանին կճանաչենք նաեւ որպես նկարչի եւ կշնորհավորենք նրան ծննդյան օրվա կապակցությամբ»,- ասում է ցուցասրահի տնօրեն Գոռ Վարդանյանը: Պարզվում է` Ռ.Խառատյանը նկարել սկսել է 7 տարեկանից: 1996 թվականից նա ԱՄՆ-ում, Իտալիայում, Հնդկաստանում բազում ցուցահանդեսներ է ունեցել` թե անհատական, թե խմբակային: Ի դեպ, արտերկրում Ռ.Խառատյանին ներկայացնում են որպես 20-րդ դարի ամերիկացի նկարիչ: Հայաստանում առաջին անգամ, ապրիլի 1-ին կկայանա Ռ.Խառատյանի նկարների ցուցահանդեսը: Հարցին, թե ինչո՞ւ են մեզ մոտ իրեն ուշացումով ճանաչում որպես նկարիչ, Ռ.Խառատյանը պատասխանեց. «Երեկ ցուցասրահից իջնելիս շատ հետաքրքիր դեպք պատահեց: Իմ շատ մտերիմ ընկեր, դիրիժոր Զավեն Վարդանյանին հանդիպեցի, եւ նա զարմացած ասաց. «Ցուցասրահում կարդացի շատ ծանոթ անուն-ազգանուն եւ չեմ կարողանում հասկանալ, թե ում մասին է խոսքը: Փաստորեն դու ես»: Այնպես է ստացվել, որ իրապես մենք մերոնց վերջինն ենք ճանաչում: Երբ 20 տարի Վաշինգտոնի Ազգային բալետի գլխավոր ուսուցիչն էի, ամեն տարի Հայաստան գալով, ասում էի` ե՞րբ եմ վերջնականապես վերադառնալու` մերոնց օգնելու: Իսկ երբ վերադարձա եւ սկսեցի համարվել «մերոնք», զգացի, որ իմ հանդեպ հետաքրքրությունն իսկույն անհետացավ: Երեւի մենք հեռվից ենք սիրում»:

Իսկ հարցին, թե իրեն ո՞րն է ավելի հոգեհարազատ` նկարչությո՞ւնը, թե՞ պարը, նա պատասխանեց. «Պարն իմ մեջ կարգապահություն է մշակել: Եվ նկարչությունը, եւ պարը նույն թեմայի շուրջ են խոսում, պարզապես յուրաքանչյուրն` իր արտահայտչամիջոցներով»: