Ընտանեկան բյուջեով լիամետրաժ ֆիլմ նկարահանելու փաստն, իհարկե, բոլորի համար է ուշագրավ:
Այն դարձավ Լիլիթ Մովսիսյանի «Մոխրաման» ֆիլմի PR նախաձեռնության կարեւորագույն դրույթը եւ համախմբեց նույնիսկ այնպիսի ռեյտինգային հեռուստաընկերությունների, ինչպիսիք են «Հ1»-ը եւ «Արմենիան», որոնց հաղորդաշարերում հաջողվեց հայտնվել «Մոխրամանի» ստեղծագործական խմբին: Իհարկե, ԶԼՄ-ներից շատերին գրավել էր նաեւ այն, որ «Մոխրամանում» ռեժիսորը ներգրավել էր հայկական շոու-բիզնեսի «բազմաշնորհ» աստղերին` իբրեւ դերասաններ: Ճիշտ կազմակերպված PR-ն, իհարկե, ողջունելի է, բայց իրականում «0 բյուջեի» էֆեկտիվ շահարկումը զուտ PR-ով չսահմանափակվեց: Զրույցը ֆիլմի մասին տեղափոխվեց այլ հարթություն: Քանի որ «Մոխրամանը» չուներ աջակցությունների շնորհիվ կուտակած բյուջե, այն հռչակվեց իբրեւ «անկախ կինո»: Իմ սերնդակից շատ երիտասարդ արվեստագետներ ֆիլմն անվանեցին հայկական նոր կինոյի սկիզբ, նոր ալիք հայկական կինոյում… Այդ բնորոշումների հետ համաձայն չեմ:
Կինոյի պատմության մեջ «անկախ կինո» հասկացությունը ձեւավորվել է ԱՄՆ-ի կինոարդյունաբերության մեջ, երբ կինոն կենտրոնացավ մի քանի հսկա կինոստուդիաներում, որոնք ունեին «Կինոն առաջին հերթին բիզնես է» սկզբունքը: Այդ սկզբունքը չի փոխվել մինչ օրս եւ բնորոշվում է նաեւ որպես ժամանակակից «հոլիվուդյան կինո»: «Անկախ կինոյի» ներկայացուցիչները նրանք էին, ովքեր մերժեցին այդ սկզբունքը եւ սկսեցին ստեղծագործել այդ պարտադրող համակարգից դուրս: Այսինքն` «անկախ կինոն» ձեւավորվեց սկզբունքային անհամաձայնության արդյունքում:
Հայաստանում չկա կինոարտադրության որեւէ համակարգ, չկա սկզբունք, մեխանիզմ, եւ դա փաստ է: Հո չի՞ կարելի սկզբունք համարել համատարած անորակությունը, ոչ պրոֆեսիոնալիզմը եւ արժեքային համակարգի աղքատացումը:
Հետաքրքիր է, թե Հայաստանում տիրող այս մթնոլորտ-համակարգի հատկապես ո՞ր դրույթների մերժման ծնունդն է Լիլիթ Մովսիսյանի «անկախ» համարվող ֆիլմը: Այո, այն պետական կամ ոչ պետական օղակների հովանավորություն չունի: Բայց դա դեռեւս երաշխիք չէ, որ այդ ֆիլմն այլընտրանքային է: Գուցե դա էր պատճառը, որ մամուլը եւ հեռուստաընկերությունը շատ ավելի ակտիվ էին մինչեւ պրեմիերան, քան պրեմիերայից հետո, երբ եկավ վերլուծության, գեղարվեստական նշանակության եւ «անկախ լինելու» հիմնավորման ժամանակը:
«Անկախ կինոն», ինչպես արդեն նշվեց, առաջին հերթին ըմբոստացում է, իսկ բյուջե չունենալը` սկզբունքային ըմբոստացման հետեւանք: «Մոխրաման» ֆիլմը չի կարող համարվել «անկախ կինո», քանի որ ոչ թե ասելիքի կշռի շնորհիվ, այլ վատ պրոդյուսերական աշխատանքի պատճառով չի ունեցել բյուջե: Թեեւ նկարագրածս համակարգում դրա համար ուներ բոլոր նախադրյալները` «աստղերի» կույտ, մելոդրամատիկ չարչրկված պատում եւ կոմպրոմիսների գնացող ստեղծագործական խումբ: Եվ այս դեպքում «Մոխրամանի» «անկախ կինո» բնութագրումը դուրս է որեւէ տրամաբանությունից եւ միմիայն պաշտպանողական, մեղմացնող նպատակ ունի: Եվ նման անսկզբունքայնությունը չէր կարող չունենալ իր ազդեցությունը ֆիլմի գեղարվեստական արժեքի վրա:
«Մոխրաման» ֆիլմի սցենարի հեղինակը հենց ֆիլմի ռեժիսորն է: Սյուժեի հիմքում կինոյի պատմության մեջ բազմիցս վերարտադրված, դասական, բայց այդօրինակ բեմադրության եւ մոտեցման պարագայում` բորբոսահոտ սցենարային սխեմա է: Գլխավոր չարագործ հերոս, ում օգնում են չարագործ ծառայողները եւ այլ արժեքների դավանող զոհ հերոսուհի, ով հայտնվում է եւ փրկում կործանվողներին:
Նարեկը (Արսեն Գրիգորյան) «Մոխրաման» անունով ինտերնետային կայք ունի, որն իր ապրուստի եւ հայտնի դառնալու միակ ճանապարհն է: Որպեսզի գրավի գովազդատուներին եւ ընթերցողներին, նա դիմում է էժանագին հնարքների` սենսացիա առաջացնող ստահոդ նյութեր տեղադրելով: Բայց քանի որ մրցակցությունն ուժեղ է նաեւ այդ դաշտում, նա որոշում է կայքէջի համար ֆիլմ նկարահանել, որտեղ կենդանագրված կլինի իրական սպանությունը: Հետեւելով հայտարարությանը` հայտնվում է Նարեն (Լիլի Էլբակյան) եւ Նարեկից պահանջում ֆիլմի գլխավոր դերը: Արդյունքում Նարեն դառնում է առիթ, որպեսզի Նարեկը վերագնահատի իր ապրելաձեւը, հրաժարվի կայքից եւ նման բովանդակությամբ ֆիլմ նկարահանելու գաղափարից: Նրանց միջեւ սեր է բռնկվում, որին հաջորդում է երջանիկ ավարտը` համեմված աղոթքով եւ բուռն համբույրով:
«Մոխրամանում» ռեժիսորին չի հաջողվել ներկայացնել հերոսների վերափոխման ճանապարհը: Հերոսներն էվոլյուցիա չեն ապրում: Այդ պատճառով էլ նրանց գործողությունները դառնում են չտրամաբանված, չպատճառաբանված, եւ յուրաքանչյուր նոր տեսարան էլ ավելի է խորացնում այդ զգացողությունը: Միանշանակ է, որ ֆիլմում որոշակի վերաբերմունք ենթադրող մթնոլորտ, տարածություն, ժամանակի զգացողություն, կարճ ասած` իրականության հեղինակային մոդել ստեղծել չի հաջողվել:
«Եթե կաս, ուրեմն` որեւէ բանի համար կարեւոր նշանակություն ունես» պարզ դրույթը, որը դասական կինոյի պատմության մեջ բազմաթիվ կոնֆլիկտների հանգուցալուծման առիթ է հանդիսացել, Լիլիթ Մովսիսյանի ֆիլմում մնում է օդից կախված եւ ոչ մի բանի չի ծառայում ու չի հանգեցնում: Լիլի Էլբակյանի հերոսուհին, ով չէր գիտակցում իր գոյության իմաստը եւ պատրաստ է ինքնասպանության, միեւնույն է, այդ գիտակցմանը գալուց հետո էլ` մնում է նույն մտքին, այսինքն` ոչինչ չի փոխվում: Ուրեմն` ինչի՞ համար էին «իմաստուն բոմժի» այդ ձանձրացնող եւ երկար տեսարանները:
Նարեկը եւ Նարեն ունեն հոգեբանական լուրջ խնդիրներ, որոնք երկուսի մոտ էլ սկիզբ են առել մանկությունից: Նարեկի դեպքում դա հասկանալի է դառնում մանկությունը պատկերող չափազանց շատ ֆլեշբեքերից: Նարեի հոգեբանական խնդիրների մասին էլ հասկանում ենք տան տեսարանից: Եթե Նարեկի խնդիրները ցուցադրելու եւ պատճառները, եւ մեթոդը ինչ-որ չափով պատճառաբանված են, ապա Նարեի պարագայում դա դառնում է հերոսուհուն` իբրեւ այդպիսին, կորցնելու եւս մի առիթ: Փաստորեն, Նարեի` ինքնասպանության դիմելու միտքը թինեյջերական` անտեսված լինելու բարդույթի հետեւանք է: Ինչն էլ հակասություն է ստեղծում կյանքի ճշմարտությունը բացատրող նրա պաթոսային մտքերի հետ եւ անվստահություն ստեղծում «փրկչի» հանդեպ: Եվ մինչեւ ֆիլմի ավարտն էլ անհասկանալի է մնում, թե արդյոք հերոսներին հաջողվե՞ց ազատվել իրենց հոգեբանական խնդիրներից` եւ նոր կյանքի հույս կա՞, թե՞ ոչ: Եթե չլինեին ճշմարտությունը բացահայտել փորձող հեղինակի հնացած մեթոդները, եւ ֆիլմն էլ միայն թինեյջերական այդ խնդիրների շուրջ ծավալվեր, գուցե Գայ Գերմանիկայի «Բոլորը կմեռնեն, իսկ ես կենդանի կմնամ» ֆիլմի հայկական պատասխանը կստացվեր, ինչը շատ ավելի հետաքրքիր կլիներ: Նոր մտածողություն է պետք, նոր արժեքներ: Իսկ «նոր կինոյի» սահմանները` հնարավորինս շատ եւ չարդարացված էրոտիկ տեսարաններ պատկերելու պրիմիտիվ մոտեցմամբ չէ, որ պիտի որոշվեն:
Դեմ չեմ հեղինակի` որեւէ այլ հեղինակի ստեղծագործությունից ազդվելու մտքին, այն ինձ համար զարգացման փուլ է: Իհարկե, եթե այդ ազդեցությունը զուտ մակերեսային ցիտման մակարդակի չի մնում, իսկ այդպիսի օրինակներ «Մոխրամանի» գեղարվեստական լուծումներում շատ են: Թույլատրելի ծավալը չխախտելու համար նշենք միայն ածանցված ֆիլմերը` Ֆ. Ֆելինիի «Ճանապարհը», Դ. Արանոֆսկիի «Ռեքվիեմ երազանքի համարը», մեծ աղմուկ բարձրացրած` «Mr. Freeman» անիմացիոն շարքը: Հանդիսատեսն այդ ցիտատ-օգտագործումները միանգամից կռահում է:
Անհնար է ժխտել, որ կինոն, առավել եւս` խաղարկային կինոն, տեխնիկայի եւ դրա ճիշտ կիրառման պահանջ ունի: Եթե, իհարկե, տեխնիկայից հրաժարվելը կոնցեպտ չէ, բայց «Մոխրամանն» այդ դեպքը չէ: Տեսախցիկը, որով նկարահանվել է ֆիլմը, չի ապահովում համապատասխան որակ կինոթատրոնի էկրանի համար: Նույնիսկ ամենաշնորհալի բեմադրությունը համատարած «վառած երկրորդ պլանի», «լղոզված պատկերի» պարագայում` կկորցներ իր գեղարվեստական արժեքի ուղիղ կեսը:
«Մոխրամանը» չունի ռիթմ: Սա ռեժիսորի եւ օպերատորի վատ համագործակցության հետեւանք է: Տպավորություն է, թե նկարահանման ժամանակ ոչ ոք պատկերացում չի ունեցել, թե այդ տեսարաններն ու կադրերն ինչ սկզբունքով են մոնտաժվելու: Արդյունքում ֆիլմը` թե ժամանակային, թե տարածական, թե պլանների, ռակուրսների առումով, միմյանց ներհակ եւ չտրամաբանված, կտրատված պատկերաշար ունի: Եվ թվում է` մոնտաժը ոչ թե սեփական կինոլեզուն, ստեղծած կինոաշխարհն ամբողջացնելու քայլ է եղել, այլ պատմությունը գոնե որեւէ կերպ տեղ հասցնելու փորձ:
Այդուամենայնիվ, շատ ուրախ եմ, որ երիտասարդ ռեժիսորը լիամետրաժ ֆիլմ նկարահանելու եւ հանդիսատեսի դատին հանձնելու նախաձեռնություն է ունեցել: Ինձ համար ավելի ընդունելի են երիտասարդ ռեժիսորի սխալները, որոնք սովորելու առիթ են, քան մեր հեղինակավոր ռեժիսորների` պրոֆեսիոնալիզմի մակարդակով «Մոխրամանից» շատ չտարբերվող ֆիլմերը:
Րաֆֆի ՄՈՎՍԻՍՅԱՆ
Կինոգետ