RUMEX CONFERTUS WILLD- ավելուկ, թրթնջուկ (սչավել կոնսկի)։ Պատկանում է Polygonaceae – հնդկացորենազգիների ընտանիքին, մինչեւ 150 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Բույսի ցողունը ուղղաձիգ է, ծաղիկները` կանաչավուն, մանր, կազմում են խիտ ողկույզներ, ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտուղը եռանիստ ընկուզիկ է, հասունանում է սեպտեմբերին։ Աճում է խոնավ վայրերում, գետերի եւ լճերի մոտակայքում, ճանապարհների եզրերին։ Տարածված է երկրագնդի բարեխառն գոտիներում` որպես մոլախոտ։ Հայաստանում հանդիպում են ավելուկ գանգուրը (Crispus), ճնճղուկի (Acetosella), սովորական (Acetosa) տեսակները։ Առաջինի տերեւները գանգրավոր են, ծաղկափթթությունները երկսերմ են, դարչնագույն, փայլուն։ Մեկ բույսը տալիս է մինչեւ 5000 սերմնապտուղ` 7 գրամ ընդհանուր քաշով։ Սա երկամյա բույս է, մինչեւ 30 սմ-ի հասնող առանցքային արմատով, ունի տերեւային վարդակ։ Երրորդ եւ հաջորդ տարիներին վերաճ է տալիս։ Ճնճղուկի ավելուկն ունի լավ զարգացած արմատային համակարգ։ Աշնանը ծլած բույսը նույն տարում առաջացնում է տերեւային վարդակ, իսկ գարնանը` ցողունները։ Ցողունը թույլ ճյուղավորված է, տերեւները նիզակաձեւ են, կոթունավոր, ծաղկափթթությունը` ցանցառ, կանաչ հուրան է։ Սերմը փայլուն, եռակող, դարչնագույն պտուղ է։ Տարածված է Հայաստանի բարձրլեռնային եւ անտառատափաստանային գոտիներում` որպես մոլախոտ։ Բուժիչ նպատակներով օգտագործվում են գանգրավոր թրթնջուկի արմատները եւ կոճղարմատը, որոնց մեջ պարունակվում են դաբաղանյութ, ֆլավոններ, վիտամին K, ասկորբինաթթու, եթերային յուղեր, խեժեր, երկաթ, օրգանական թթուներ, թրթնջկաթթվային կալցիում (9 տոկոս), այլ` բույսին հատուկ նյութեր։ Արմատի եփուկները կիրառվում են աղիքային ինֆեկցիաների դեպքում։ Իսկ ժողովրդական բժշկության մեջ` որպես արյունարգել միջոց եւ մաշկային հիվանդությունների դեպքում։ Բույսի արմատներն օգտագործում են կաշեգործության մեջ, նաեւ` որպես սեւ ներկանյութ։ Հակացուցված է հղիներին եւ երիկամների հիվանդություններ ունեցողներին։
Ավելուկի արմատները (2ճ/գ) լցրեք արծնապատ կաթսայի մեջ, ավելացրեք 200 մլ եռջուր, ծածկեք եւ տաքացրեք 30 րոպե մարմանդ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Հովանալուց հետո թրմեք, հումքը մզեք։ Ստացված լուծույթի ծավալը հասցրեք 200 մլ-ի, ավելացնելով եռջուր։ Թուրմը պահեք սառնարանում մինչեւ երկու օր։
Թրթնջուկ սովորական. Ունի առանցքային հզոր փնջարմատ։ Նետասրտաձեւ, թթվահամ տերեւները կազմում են վարդակ։ Վերնամասում (մինչեւ 90 սմ) տերեւները կիպ գրկում են ցողունը։ Ծաղկակիր ցողունը սկսվում է տերեւածոցերից։ Ունի հուրանաձեւ վարդագույն ծաղկափթթություն։ Թրթնջուկը արժեքավոր է որպես վաղահաս բանջարային մշակաբույս։ Ընդ որում, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, ստվերադիմացկուն եւ ցրտադիմացկուն է։ Տերեւները պահպանում են որակը մինչեւ 7 աստիճան C-ի դեպքում։
Եթե թրթնջուկը ցանեք վաղ գարնանը, ապա ամռան ընթացքում կարելի է 2 անգամ բերք հավաքել, իսկ հաջորդ տարին` 3 անգամ։
Այսրկովկասում հնագույն ժամանակներից գիտեին թրթնջուկի արմատների թուրմի` լուծողական, հակաճիճվային ազդեցության մասին, օգտագործել են տերեւները եւ եփուկը լուծի դեմ։ (30 գ) թրթնջուկի եփուկը (200 մլ ջրում) խմում են օրական 3-5 ճ/գ, կամ 50 գ քաղցր ջրին ավելացնում են 1-2 թ/գ թրթնջուկի հյութ եւ խմում են որպես լեղամուղ միջոց։ Բացի այդ, տերեւների եփուկը (1լ ջրին` 50 գ հումք) օգտագործում են որպես արյունարգել միջոց։ Պետք է խմել օրը 3-4 անգամ` 50-70 գրամ, ուտելուց առաջ։
Թրթնջուկի տերեւները պարունակում են հանքային աղեր, կաթնաթթու, խնձորաթթու, թրթնջկաթթու (360 մգ` 100 գրամի մեջ), ասկորբինաթթու (80 մգ), կարոտին (8 մգ), կվերցետին (0,5 մգ), վիտամիններ B1, B2, P, K, PP։ Թրթնջուկը երկարատեւ եւ մեծաքանակ օգտագործելու դեպքում, հնարավոր է, առաջացնի աղային փոխանակման խախտում եւ երիկամների հիվանդություններ։ Սննդի մեջ պետք է օգտագործել թրթնջուկի մատղաշ տերեւները, որոնք կարելի է նաեւ չորացնել։ Խորհուրդ է տրվում թրթնջուկն օգտագործել կաթնամթերքի հետ։ Թրթնջուկի կալորիականությունը շատ ցածր է, այն պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց, բջջանյութ, օսլա, ֆերմենտներ, եթերային յուղ, այլ օգտակար նյութեր։ Տերեւների պատրաստուկները զարմանալիորեն լավացնում են ախորժակը եւ կարգավորում մարսողության գործընթացը։ Վիտամին C-ով հարուստ տերեւներում պարունակվող դաբաղանյութերը անփոխարինելի միջոց են բկաբորբի, լնդերի բորբոքման դեպքում։ Հնուց հայտնի են թրթնջուկի մանրէասպան, հակաբորբոքային, վերքամոքիչ հատկությունները, այդ պատճառով` դրա տերեւները կամ հյութը օգտագործում են վերքերի եւ որոշ մաշկային հիվանդությունների բուժման համար։ Կարոտինի պարունակությամբ չի զիջում սպանախին, իսկ վիտամին C-ի պարունակությամբ գերազանցում է փշոտ եւ կարմիր հաղարջենուն։ Բույսի հիման վրա պատրաստում են նաեւ դեղատներում վաճառվող միջոցներ, որոնք խորհուրդ են տրվում ավիտամինոզի, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, ալերգիայի դեպքում։ Թրթնջուկն ունի վատ խոլեստերինը օրգանիզմից հեռացնելու հատկություն, այն բարձրացնում է դիմադրողականությունը։
Արյունը մաքրող` խոտաբույսերից պատրաստված թեյ
– Խառնեք 1-ական ճ/գ հազարատերեւուկի, եղինջի, եզան լեզվի, թրթնջուկի խոտերը։ Այս խառնուրդի 1ճ/գ վրա լցրեք 200 մլ եռջուր, թրմեք ողջ գիշեր։ Առավոտյան քամեք։ Խմեք օրվա ընթացքում։ Ընդունեք 10 օր, ընդմիջեք 1 շաբաթ եւ նորից կրկնեք։
– Քամեք թրթնջուկի հյութը, խառնեք այն հավասար քանակությամբ կանաչ սոխի հյութի հետ, 1ճ/գ խառնուրդին ավելացրեք 1թ/գ մեղր, խմեք օրը 2-3 անգամ։ Բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը։
– Մանրացրեք եւ չորացրեք թրթնջուկի արմատը, փոշիացրեք։ Օգտագործեք օրը 2 անգամ կեսական գրամ, որպես համեմունք։
Այտուցի դեպքում
Թրթնջուկի մանրացրած 100 գրամ արմատները 5 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 300 մլ եռջրի մեջ, 1 ժամից քամեք։ Խմեք օրը 2 անգամ, մեկական ճ/գ։ Օգնում է նաեւ թիկունքի մկանային ցավերին։
Աղ դրած թրթնջուկ
Լվացած եւ եփած տերեւները տրորեք քամիչի վրա, վրան աղ ցանեք, լցրեք ապակե տարայի մեջ, փակեք եւ պահեք հով նկուղում։ 100 գրամ թրթնջուկին պահանջվում է 25 գրամ աղ։
Ինչպես սառեցնել թրթնջուկը ձմռան համար. Անհրաժեշտ է թրթնջուկի տերեւները լավ լվանալ, շատ լավ չորացնել, որպեսզի սառեցման պրոցեսի ժամանակ հեշտ ձեւով հնարավոր լինի առանձնացնել մեկը մյուսից։ Դասավորեք տերեւները պոլիէթիլենային փաթեթի մեջ եւ դրեք սառցախցիկը (սառնարանի)։
Շաքարախտի համար
Եփեք 500 գրամ սպանախը, քամեք։ Տապակեք յուղի մեջ 100 գրամ մաղադանոսի արմատներ։ Մանր կտրատեք 200 գրամ թրթնջուկ։ Խառնեք այս բոլորը եւ եփեք եռջրի կամ արգանակի մեջ։ Մատուցեք թթվասերով։
Գեղարարություն
Ճարպոտ մազերի համար. Աղացեք 1 միջինից փոքր վարունգ, 4-5 թրթնջուկի տերեւներ։ Խառնեք 1ճ/գ թթված կաթ (կամ ցածր յուղայնությամբ յոգուրտ)։ Քսեք մազերին, ներմերսեք մազարմատներին։ Փաթաթեք գլուխը պոլիէթիլենային թաղանթով, պահեք 20 րոպե եւ լվացեք տաք ջրով։
Վիտամինային դիմակ. Մանր կտրատեք թրթնջուկի մի քանի տերեւներ, ճզմեք փայտե գդալով։ Քսեք դեմքին, 15-20 րոպեից հեռացրեք անձեռոցիկի օգնությամբ եւ շփեք դեմքը թթված կաթով։
Պիգմենտային բծերի դեպքում. Հավանգով տրորեք (մանրացրած) մեկական ճ/գ թրթնջուկի, սեւ հաղարջենու, արոսի տերեւները, ավելացրեք 1թ/գ մանանեխի փոշի եւ 1 ճ/գ ջուր։ Խառնեք շիլան, քսեք պիգմենտային բծերի վրա, պահեք 15 րոպե, լվացեք գոլ ջրով։
Համեղ է եւ օգտակար
Լվացած, քամած, կտրատած տերեւները (500 գրամ) խաշեք 2-3 ճ/գ կարագի, 30-40 գրամ կանաչ սոխի հետ։ Վրան լցրեք հարած ձու եւ քերած բրինձ-պանիր։ Եփեք մինչեւ զանգվածը պնդանա։