ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը երեկ ուշագրավ խոստովանություն է արել: Նա ասել է, թե «Հավաքներ, ժողովներ անցկացնելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ինքն իրեն հազիվ է զսպել, որպեսզի հարց չբարձրացնի, թե ինչու չեն արգելում մշակութային վայրերում հանրահավաքներ անցկացնելը: «Ես չեմ կարողանում հասկանալ այն, որ մեր մշակույթի երկու մեծ օջախները` Մատենադարանը եւ Օպերայի հրապարակը, հանրահավաքների անցկացման վայր են: Ցավալի է, որ մեր երեխաները Մատենադարանը ընկալում են որպես միտինգների վայր»,- ասել է ՀՀԿ-ական Աճեմյանը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հետաքրքրվել է. «Տիկին Աճեմյան, վերջին անգամ ե՞րբ եք եղել Ազատության հրապարակում: Մի անգամ գնացեք, տեսեք` էլ բատուտ, էլ թենիս, էլ շաուրմա: Ազատության հրապարակը վաստակել է այդ անունը` որպես ազատության խորհրդանիշ հրապարակ, իսկ հիշյալ կապիկությունները հեղինակազրկում են այդ հրապարակը: Ամեն մեկը, ով ուզում է բողոքել, պետք է գնա այնտեղ եւ ասի: Էդ բողոքը ձեզ համար է եւ ձեզ է օգնում»: