Չի ուզում կռիվ գցել

29/03/2011

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը երեկ Վանաձորում հայտարարել է, թե առաջիկայում ՀԱԿ որոշակի քաղաքական ուժեր ու գործիչներ համագործակցելու են «Ժառանգության» հետ` նպաստելով նոր ներքաղաքական իրավիճակի ձեւավորմանը: «Կան այնտեղ մարդիկ, կուսակցության ղեկավարներ, որոնք համագործակցության ցանկություն ունեն: Բայց վերջում այն ելույթները, որոնք հնչում են պարոն Տեր-Պետրոսյանից, հակասում են այդ ցանկություններին»,- ասել է Ռ. Հակոբյանը: Նա դեռեւս որեւէ կուսակցության անուն չի նշել` պարզաբանելով, թե չի ուզում «կռիվ գցել» ՀԱԿ-ի ներսում: Նա նաեւ հայտարարել է, թե մարտի 17-ը ցույց է տվել, որ ի տարբերություն «Ժառանգության», որը ՀԱԿ-ին համարել է դաշնակից, ՀԱԿ-ը իրենց դիտել է որպես մրցակից, ինչն էլ, նրա խոսքով` խանգարում է ընդդիմության միավորմանը: Ի դեպ, Ռ. Հակոբյանը նաեւ նշել է, թե իրենք պատրաստ են համագործակցել ՀԱԿ-ի հետ` «հանուն երկրի բարօրության»: Միաժամանակ նա նշել է, որ իրենք ոչ թե կմիանան ՀԱԿ-ին, այլ որպես գործընկերներ կհամագործակցեն` հավասարը հավասարի հետ որոշումներ կայացնելու պայմանով: «Մտածում ենք, որ, ի վերջո, եթե անձեր կան, որ չեն ցանկանում, չի նշանակում, որ ընդդիմադիր այդ ներուժը այդ անձի սեփականությունն է, եւ համագործակցության եզրեր չենք տեսնում»,- ասել է նա: