Հյուսիսատլանտյան դաշինքը ստանձնում է Լիբիայում միջազգային կոալիցիոն ուժերի ծավալած ռազմական բոլոր գործողությունների իրականացումը: Այս մասին երեկ տեղեկացրել է BBC-ն: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում գումարված նիստից հետո հայտարարել է, որ դաշինքը կյանքի կկոչի ՄԱԿ-ի` Լիբիայի քաղաքացիների պաշտպանությանն ուղղված բանաձեւի «բոլոր կետերը»: BBC-ի թղթակիցը Բրյուսելից հայտնել է, որ ՆԱՏՕ-ի գործողությունների ծրագիրն արդեն համաձայնեցվել էր դաշինքի 28 անդամ երկրների ռազմական ներկայացուցիչների հետ, սակայն անհրաժեշտ էր, որ այն քաղաքական հավանության արժանանա: «Մենք արդեն ապահովել ենք Լիբիային զենքի մատակարարման էմբարգոն, իսկ մեր օդանավերը փակել են երկրի օդային տարածքը Կադաֆիի ռազմական ավիացիայի համար: Սակայն այժմ մեր գործունեության դաշտը կընդարձակվի: Սերտորեն համագործակցելով մեր միջազգային եւ տարածաշրջանային գործընկերների հետ` մենք կանենք հնարավորը` Լիբիայի բնակչությանը պաշտպանելու համար»,- ասել է Ռասմուսենը: «Reuters» գործակալությունն էլ, վկայակոչելով ընդդիմադիր ուժերի պաշտոնական ներկայացուցչին, հայտնել է, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիի հայրենի քաղաք Սիրտը անցել է ապստամբների ձեռքը:
Գործակալության տվյալներով` առայժմ այս փաստն ապացուցող այլ աղբյուրներ չկան: Հիշեցնենք, որ միջազգային կոալիցիայի ուժերը կիրակի երեկոյան օդային հարվածի էին ենթարկել Սիրտը, սակայն Լիբիայի հակաօդային պաշտպանության կողմից պատասխան հարված չէր հետեւել: Ապստամբների ձեռքն են անցել նաեւ մի շարք այլ քաղաքներ` Բին Ջավադը, Ռաս Լանուֆը, Մարսա էլ Բրեգան: Ապստամբները բազմիցս հայտարարել են, որ իրենց վերջին հաջողությունները ուղղակիորեն կապված են միջազգային կոալիցիայի օդային հարվածների հետ: