Ֆուտբոլ եւ քաղաքականություն

29/03/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Շախմատի եւ ծանրամարտի (մարզասերները գուցե այլ մարզաձեւեր եւս մատնացույց անեն) ոլորտներում հայ մարզիկների պոտենցիալը, նրանց հաղթանակները միջազգային մրցաշարերում, ինչ-որ առումով փոխհատուցում են ներքաղաքական, տնտեսական եւ մյուս բոլոր ոլորտների պերմանենտ ձախողումները: Իսկ իրականությունն այնքան հիասթափեցնող է, որ սպորտը սկսել է հետաքրքրել անգամ նրանց, ում համար մտավոր աշխատանքից զատ` մնացած ամեն զբաղմունք ժամանակի դատարկ վատնում էր համարվում:

Եվ երկրի առաջին դեմքերը շատ լավ հասկացել են, որ սպորտի, հեռանկարային մարզիկների վրա պետությունը կարող է ծախսել անհամեմատ փոքր գումարներ, նրանց բնակարան կամ ավտոմեքենա նվիրել, սակայն ակնկալել սպասվածից մեծ արդյունք. մարզիկների հաղթանակներից ստացված էֆեկտը գերազանցում է սպասելիքները` հասարակությունը որոշ, թող որ` կարճ ժամանակով, լիցքաթափվում է: Դա ձեզ համար բարեփոխումների հերթական փաթեթ չէ, որը մեծ գումարներ է ենթադրում եւ անմիջապես ձախողվում: Մեր մարզիկներից յուրաքանչյուրի հաղթանակից ստացած դրական էներգիան ակնթարթորեն, անգամ կայծակնային լավատեսություն է առաջացնում կյանքի հանդեպ: Թեեւ, որպես կանոն, չհիմնավորված: Մարզական մեկնաբանները, ովքեր մեր մարզիկների հաղթանակների ընթացքում տարբեր անհարկի, ավելին` նաիվ, բացականչություններ են անում, օրինակ` «Թող աշխարհն իմանա հայերի ուժը», «Մենք ուժեղագույնն ենք», եւ այլն, ավելի են շիկացնում մթնոլորտն ու հաղթանակի թողած տպավորությունը: Անգամ սկսում ես հավատալ եթերից հնչող դատարկաբանությանը:

Մեր երկիրը անվերջ խնդիր ունի հոգ տանել իր հեղինակության մասին: Գիտության ոլորտն առայժմ հանգստանում է: Հեղինակություն ձեռք գցելու հարցում գլխավոր եւ հանրամատչելի միջոցը մնում է սպորտը: Պարզվում է` անգամ ֆուտբոլը: Վկան` Հայաստանի ֆուտբոլի հավաքականից ակնկալվող հաղթանակները: Մտավորական ու վարսավիր, ԱԺ նախագահ ու գերեզմանափոր «Հայլուրի» եթերից հաջողություն էին մաղթում մեր թիմին` վստահ, որ հաղթանակ կտոնենք: Մարզադաշտում ազատ նստատեղ չկար: Համատարած էյֆորիայի մեջ բոլորս հավատում էինք մեր թիմի հաղթանակին: Ամեն ինչ կարծես լավ էր, մինչ օպերային երգչի անհասկանալի մուտքը մարզադաշտ եւ ՌԴ պետական հիմնի ակապելլա կատարումը: Երգչի ձայնը ամենեւին չէր լսվում, սակայն նրա դիմախաղից տպավորությունն այնպիսին էր, որ կատարում է Ռիգոլետտոյի արիան` Վերդիի համանուն օպերայից: Սակայն դա դեռ ամենը չէր. առջեւում ՀՀ հիմնի կատարումն էր: Քանի որ դրան նախապես հայրենասիրական ինչ-որ իմաստ էր հաղորդվել, մեկնաբանությամբ չենք փչացնի այդ խորհուրդըգ

Հայերս ռուսներից տարօրինակ կախվածություն ունենք: Նախ` ենթագիտակցորեն զգում ենք` նրանք մեզ լուրջ չեն ընկալում: «Գույք` պարտքի դիմաց» ծրագրից հետո, երբ Հայաստանի լավագույն կեսը` գեղեցիկ փաթեթավորված, նվիրվեց Ռուսաստանին, ապա նաեւ` ռուս քաղաքական գործիչների անթաքույց ակնարկները, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է, հայերին ռուսների նկատմամբ տարած հաղթանակը շատ անհրաժեշտ էր թվում: Գոնե ֆուտբոլի դաշտում: Հասարակությունը Հայաստանի հավաքականի վրա բարոյական մեծ պատասխանատվություն էր դրել` հաղթել այդ բարեկամ երկրի հավաքականին: Այդ պատասխանատվությունն ինչ-որ տեղ կարելի էր համեմատել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի հետ:

Իսկ ֆուտբոլը, հատկապես Հայաստանի դեպքում, միայն խաղ չէ, այլ դիվանագիտություն: Սպորտի մյուս տեսակները` եւս. դրանք, հատկապես փոքր եւ աղքատ պետությունների դեպքում, որպիսին է նաեւ Հայաստանը, ազգային ինքնահաստատման կարեւոր միջոց են: Դրանից չօգտվելը, հասկանալի է, մեծ սխալ է, սակայն հայրենասիրական մղումներ արթնացնող այս զենքից օգտվել պետք է զգուշորեն: Խիստ վտանգավոր են բարձր խաղադրույքները (այս դեպքում` ոչ ուղղակի իմաստով): Սպորտը, ինչպես ցանկացած խաղ, իռացիոնալ ոլորտ է: 100-տոկոսանոց երաշխիք, որ հայրենասիրական, ազգային ինքնահաստատման առումով դու կշահես, ոչ ոք տալ չի կարող: Մարզադաշտում տիրուհին Պատահականությունն է, որին չես կաշառի եւ ոչ մի պարագայում:

Յուրաքանչյուրիս համար հաղթանակը` ինքդ քո հանդեպ տարած կամ մրցակցիդ, մեծ ձեռքբերում է: Հաղթանակի դեպքում գուցե այնքան էլ էական չեն դառնում հաղթելու մոտիվները, սակայն դրանք անհրաժեշտ են` գնահատելու տարած հաղթանակի իրական կշիռը: Իսկ այս դեպքում արժե գնահատել 0:0-ի կշիռը: Ռուսների համար այն իրո՛ք զրո էր: Հայերիս համար ռուսներից պարտություն չկրելը, հաշվի առնելով նրանց ակնհայտ առավելությունը մեր թիմի համեմատ, ընկալվեց որպես հաղթանակ: Այս դեպքում` նաեւ քաղաքական հաղթանակ:

Քաղաքականացված ֆուտբոլի լավագույն օրինակը Հարավային Աֆրիկայում ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Հարավային Կորեայի թիմի օրինակն էր, որն այնքան հաջող խաղաց Բրազիլիայի թիմի հետ: Հարավային Կորեայի իշխանություններն ընկան էյֆորիայի մեջ եւ անգամ թույլ տվեցին կորեացիներին Պորտուգալիայի հետ խաղը դիտել ուղիղ եթերում` վստահ, որ Ֆորտունան այլեւս նրանց հետ է: Թիմը, հասկանալի է, պարտվեց: Սակայն պարտվելն ամբողջությամբ չի արտացոլում խաղի իրական ընթացքը. Պորտուգալիան հաղթեց Հարավային Կորեայի թիմին, ինչպես պատմությունն է վկայում, 7:0 հաշվով: Եվ բոլորը գիտեն, թե մարզիչի եւ թիմի համար ինչ անախորժություններով ավարտվեց այս պատմությունը:

Ամեն դեպքում, այնքան էլ հիմնավորված չէ քաղաքականությունը եւ ֆուտբոլը համատեղելը, ինչը նախընտրում է մեր երկրի ղեկավարը: Դրանք երկու տարբեր խաղեր են, որոնց համար գազոնը չպետք է ընդհանուր լինի: Հայ-թուրքական ֆուտբոլային ձախողված դիվանագիտությունը հենց այս մասին է: