Բուժիչ ծաղիկը
Cyclamen purpurascens. արջի քրման, արջտակ, արանց ծաղիկ, ալպյան մանուշակ, թաղթ, լող, խոզի հաց, մանոշ։
Ցիկլամեն տեսակի անվանումն առաջացել է հունարեն Kyklas` կլոր, շրջանաձեւ բառից, այն կապված է ցիկլամենի արմատի ձեւի հետ։ Հռոմեացիներն անվանել են ցիկլամենի գնդարմատը` tuber terrae – ստորգետնյա պալար։ Հին ժամանակներից բույսը ծառայել է որպես վարազներին կեր` ցիկլամենի գերմաներեն SAUBROT անվանումը համահունչ է հայերեն` խոզի հաց անվանմանը։
Ցիկլամենը ընտանիքի պաշտպան է համարվում, այն երջանկություն է բերում, պաշտպանում է չար աչքից, նախանձից, վատ մտադրություններից, մտքերից եւ երազներից։ Բույսի տեղադրման վայրից 5 մետր շառավիղի սահմաններում որեւէ չար ուժ չի կարող ազդել։ Ցիկլամենի հիմնական հատկությունն է` պաշտպանել իր տիրոջը։ Օրվա ընթացքում մի քանի րոպե այս բույսին նայելով` կզգաք, որ անցնում են ձեր քրոնիկ հոգնածությունը եւ դեպրեսիան։ Պետք է պարզապես սիրել այդ ծաղիկը։
Ցիկլամենը գնարբուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է, կարճ, թեփուկավոր ցողունով, թելիկավոր գնդարմատով, որի մերձգետնյա մասում գտնվում է ձմեռող կլոր, հիմքում` սրտաձեւ, կաշվեկերպ, արծաթականաչ գեղեցիկ նախշերով տերեւների վարդակը։ Գարնանը գնդարմատից ձեւավորվում են կոթունների վրա նստած տերեւներ, ծաղկակիր ցողուններ, որոնցից յուրաքանչյուրի վրա աճում է մեկ փոքր վառ կարմիր ծաղիկ։ Ծաղիկների պսակաթերթերն ուղղված են դեպի ցողունը` սովորականին հակառակ։ Պտուղը գնդաձեւ տուփիկ է, հասունացման շրջանում ծաղկակալը գալարվում է զսպանակի պես, եւ տուփիկները մոտենում են հողին։ Չորացած ծաղկակալները հեշտությամբ պոկվում են եւ կպչելով կենդանիների մազածածկույթին` տարածվում շրջակայքում։ Բնության մեջ գոյություն ունի ցիկլամենի 14 տեսակ, որոնք աճում են Ալպերում, Բալկաններում, Հայկական լեռնաշխարհում, Այսրկովկասում։ Պատմական Հայաստանում աճում է Trochopteranthum էնդեմիկ տեսակը։ Պարտեզային Cyclamen persicum տեսակը մշակվել է փոքր ասիական տեսակներից եւ ունի բաց վարդագույնից մինչեւ մորեգույն երանգներ։ Վայրի ցիկլամենը հանդիպում է լեռնային անտառներում, այդ է պատճառը, որ ժողովուրդն այդ նուրբ ծաղիկն անվանել է ալպյան մանուշակ։ Այն տարածված է ֆրանսիական Ալպերից մինչեւ Վիեննա եւ Չեխիա։ Ցիկլամենը սիրված բույս է Գերմանիայի Բավարիա մարզում։ Մարդիկ ոչ միայն կտրել են ցիկլամենը վաճառքի համար, այլեւ արմատները իրենց սեփական այգիներ են տեղափոխել. այդ է պատճառը, որ Ֆրանսիայում դեռեւս 100 տարի առաջ արգելվել է ցիկլամեն հավաքելը։
Որպես բուժամիջոց ծառայում է ցիկլամենի պալարը, որի քաշը տատանվում է 20-30 գրամի սահմաններում, հավաքում են աշնանը, պահում ավազի մեջ, հով տեղում։ Պալարը պարունակում է նյութեր, որոնք ունեն հանգստացնող, հակաբորբոքային եւ մանրէասպան բնույթ։
Ժողովրդական բժշկության` մեջ ցիկլամենը լայնորեն օգտագործվում է որպես քրոնիկ հայմորիտը, քթի պոլիպները, ադենոիդները բուժող միջոց։ Պատրաստուկը ազդում է քթի լորձաթաղանթի վրա` առաջացնելով արտադրություն, որը կարող է շարունակվել մի քանի ժամ։ Ցիկլամենի պալարի հյութի օգտագործումն առաջացնում է քթըմպանի այրոցի զգացողություն, ուժեղ թքարտադրություն, աչքերի արցունքակալում, դեմքի կարմրատակում։ Հիվանդի մոտ առաջանում է հազ, փռշտոց, ուժեղ տենդ ամբողջ մարմնում, սակայն բուժումը պետք է շարունակել։ Ժամկետը 5-8 օր է։ Բալասանը շատ արագ կթեթեւացնի հիվանդի գլխացավը։ Բուժումը որպես կանոն` կրկնում են 2 ամիս անց։ Այն օգնում է նաեւ հիպերտոնիայի, գլխացավի, ռադիկուլիտի, ալերգիայի, անգինայի, սրտի եւ երիկամների հիվանդությունների դեպքում։ Այս բոլորը հասկանալի է, քանի որ քթի, ճակատի, քթարմատի հատվածներում հավաքվող թարախն արյան հետ տարածվում է ամբողջ օրգանիզմով` հասնելով ուղեղին, սրտին, թոքերին, մաշկին` արագացնելով հիվանդությունների զարգացումը։
Հյութի պատրաստման ձեւը. մանրակրկիտ լվացված պալարն անցկացրեք քերիչով եւ հյութը քամեք, լուծեք այն զտված ջրի մեջ` 1։4 հարաբերությամբ։ Դեղամիջոցը պատրաստ է։ Դեղամիջոցի ընդունման ձեւը. առավոտյան նախքան սնունդ ընդունելը` թիկունքի վրա պառկած դիրքում կաթեցրեք յուրաքանչյուր քթանցքի մեջ երկուական կաթիլ վերը նշված դեղամիջոցը։ Պառկեք 10-15 րոպե։ Եթե այրոցը շատ ուժեղ է, ապա տաք ջուր ավելացրեք։
Լրացուցիչ բուժում։ Միաժամանակ խմեք հավասար քանակություններով վերցրած սովորական հազարատերեւուկի խոտի, եզան լեզվի (մեծ) տերեւների, անմեռուկի (ավազուտային) խառնուրդի թուրմը։ Այս դեղաբուսային փնջի 2 ճ. գդալը թրմեք 500 մլ եռջրով, ջերմապահի մեջ` 8 ժամ։ Խմեք օրվա ընթացքում` բաժանելով 3-4 մասի` թուրմը խառնելով 1 թ/գ մեղրի եւ քառորդ կիտրոնի կամ նռան հյութի հետ։ Ցիկլամենը թունավոր բույս է, պատրաստուկները պատրաստելիս լվացեք ձեռքերը, խստորեն պահպանեք պատրաստման եւ ընդունման չափաբաժինները։ Պարտադիր խորհրդակցեք բուժող բժշկի հետ։
Ցիկլամենը պատկանում է այն բույսերի թվին, որոնք օգտագործվում են գեղարարության մեջ։ Կիրառվում է պեպենների եւ պիգմենտային բծերի դեպքում։
– Ցիկլամենի արմատապալարը անցկացրեք քերիչի մանր հատվածով։ Ստացված զանգվածին ավելացրեք ձիթապտղի յուղ` 1։1 հարաբերությամբ, խառնուրդը քսեք մաշկի` խնդիրներ ունեցող հատվածներին` օրը 1-2 անգամ։