«Ամեն մարդ իրավունք ունի պաշտպանելու իր ծրագրերը, ինչը ես գնահատում եմ: Նա խորհրդարանի մեր գործընկերն է, բոլորը նրան ճանաչում են` որպես քաղաքական գործիչ: Ես խոսքս ուղղում եմ նրան, եւ իմ խմբակցությանն եմ տեղյակ պահել, որ ինքը դադարեցնի հացադուլը, որովհետեւ դա իր առողջության, կյանքի համար վտանգավոր է: Երկրում կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց ա՛յդ լուծման ձեւով կարիք չկա, քանի որ կարելի է հանդուրժողական, աշխատանքային գործընթացով, խորհրդարանում ամբողջ խմբակցություններով համախմբվեն, նստեն, լսեն` ի՞նչ կարելի է անել, ո՞նց պետք է լուծվի, եւ ի՞նչն է չլուծվելու պատճառը»,- երեկ` Լոնդոն-2012 օլիմպիական խաղերին նվիրված շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին, ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ի դեպ, Գ. Ծառուկյանը երեկ հայտարարել է, թե դիմելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ մեղմ մոտեցում ցուցաբերելու հարցով: