ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ` որպես ՀԱՕԿ նախագահ, անդրադարձել է հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի ձերբակալությանը` ասելով. «Սամսոն Խաչատրյանն ամենալավ մարզիկներից մեկն է, նա կարողացել է մեր երկրի մարզական աշխարհի դիրքերը, հեղինակությունն ամբողջ աշխարհում բարձր պահել: Կապ չունի կուսակցական պատկանելությունը, բայց ես` որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ, պարտավոր եմ այդ հարցով մտահոգ լինել, եւ որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ` ես երկրի նախագահին դիմելու եմ, որ հնարավորության սահմաններում մեղմ մոտեցում լինի, որովհետեւ ամբողջ մարզաշխարհում նա սիրված, հարգված մարդ է: Բայց դա նաեւ չի նշանակում, որ այդքան մեծ լումա, հեղինակություն ունեցող մարզիկները պետք է օրենքի խախտում թույլ տան: Սա պետք է լինի վերջինը, կամ դա պետք է հիմք չհանդիսանա, որ մյուսները նման բան անեն: Ես նոր եմ եկել, եւ ՀԱՕԿ նախագահի պարտքն է, որ ես այդ հարցով դիմեմ նախագահին, որ մեղմ մոտեցում լինի»:
Անդրադառնալով մամուլում հրապարակված այն լուրերին, թե Գ. Ծառուկյանն իր ընտանիքի հետ հեռացել է Հայաստանից, նա ասել է. «Հենց այդ լուրեր տարածողներն են այդպիսի մարդիկ, ովքեր ընդունակ են այդպիսի բաների: Պարոն Ծառուկյանը մեծ կոլեկտիվ ունի, 25.000 աշխատող ունի, պատասխանատու է իր կոլեկտիվի առաջ, իր գործի առաջ, Օլիմպիական կոմիտեի առաջ, իր պատգամավորների առաջ, կուսակցականների առաջ, մարզաշխարհի առաջ: Մենք սիրում ենք մեր երկիրը, մեր ժողովրդին: Մենք ոչ մի տեղ էլ չենք գնա, մենք պետք է կարգավորենք, մենք պատասխանատու ենք մեր երկրի, մեր ժողովրդի առաջ»: