«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սարգիս Հացպանյանը նախօրեին լսել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մեկնաբանությունները` քաղբանտարկյալներին ազատ արձակելու 4 հնարավորությունների մասին, եւ դիմել է մեզ` իր հակափաստարկները ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ Հ.Թովմասյանը հայտարարել էր, թե մարտի 1-ի գործով բանտարկվածներին ազատ արձակելու 4 տարբերակ կա: «Առաջինը օրենսդրական փոփոխություններն են, եւ նրանց կողմից արարքները որպեսզի այլեւս հանցագործություն չդիտարկվեն: Ինչ-որ մի փուլում դա եղել է: Երկրորդ փուլը դա համաներումն է: Գիտեք, որ ձեր կողմից նշված անձանց վրա դեռեւս 2009թ. ընդունված համաներումը կիրառվել է` մի մասը ազատ է արձակվել, մյուս մասի պատիժն է կրճատվել: Երրորդ ճանապարհը ՀՀ նախագահին դիմելն է` ներման խնդրանքով: Եթե ես չեմ սխալվում, չի եղել որեւէ դեպք, որ այդ խմբից մարդիկ դիմեն եւ ներում չստանան: Չորրորդ ճանապարհը դա վաղաժամկետ պայմանական արձակվելն է: Այսինքն` այլ գործիքակազմ մենք չունենք»,- ասել է Հ.Թովմասյանը:
Ս.Հացպանյանը գտնում է, որ այս չորս դեպքերը թյուրիմացություն են եւ իրականությանը չեն համապատասխանում: «1. Ասում է, որ կան հոդվածներ, որոնց փոփոխության պատճառով համաներման ժամանակ մարդկանց մի մասն ազատ արձակվեց, մյուս մասը մնաց: Դա իրականությանը չի համապատասխանում` Սասուն Միքայելյանն այդ հնարավորությունից ընդհանրապես չօգտվեց: Դրա համար համաներման մասին օրենքում կար մի հոդված, երբ մարդը 2 հոդվածով էր անցնում, համաներումը նրա վրա չի տարածվում: Ս.Միքայելյանը լինելով «Յոթի գործի» միակ քաղբանտարկյալը` այսօր բանտում է: Համաներումը կիրառվեց մինչեւ 5 տարի պատժաչափ ունեցող բանտարկյալների վրա, Սասունի պատժաչափը 8 տարի է: Եվ 8 տարվա պատժաչափը հենց այդ չկիրառվելու պատճառով է, որ Սասունն այժմ դեռ կալանավայրում է: Այդ ապօրինի զենք-զինամթերքը, որով նա մեղադրվում է, ընդամենը 3 տարվա ազատազրկում է սահմանում: Եվ եթե պարոն նախարարի ասածը եղած լիներ, Սասունն արդեն ազատված կլիներ:
2. Համաներումը երբ իրենք կիրառեցին, առաջինը տարածվում էր իմ վրա: Ովքեր մասնակցել են ՀՀ պաշտպանությանը, պետք է ազատ արձակվեին: Իմ քրեական գործում կա երկու փաստաթուղթ, որը տվել է ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարը եւ այժմյան պաշտպանության նախարար գեներալ Մովսես Հակոբյանը: Այնտեղ նշված է, թե ըստ ԼՂ պաշտպանության բանակի արխիվային տվյալների` ֆրանսահայ Ս.Հացպանյանն այսինչ սպայակազմի անդամ է եղել այսինչ տվյալներով: Այդ տվյալներով` ես հետախուզության եւ հակահետախուզության վաշտում գրանցված զինվոր էի: Իրենք երեւի այդ փաստաթուղթը տրամադրելուց չէին էլ մտածում, թե կարող է համաներում լինի, եւ Հացպանյանը դուրս գա: Այդ թուղթը տրվել է իմ ձերբակալումից ընդամենը 3 օր հետո, եւ ես համաներումից երբեւէ չկարողացա օգտվել, երբ որ ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդումն իմ բանտում եղած ժամանակ եւս ինձ նվիրված տեսաֆիլմ է ցուցադրում, որտեղ ասվում է, որ սփյուռքից այս մարդը եկել է: Որ փաստերը աղավաղելով համաներումը չկիրառեցին` պարոն Թովմասյանը դրա մասին չի խոսում:
3. Հ.Թովմասյանն ասում է վաղաժամկետ պայմանականով ազատման ենթակա մարդկանց մասին: Երբ նա այցելել էր մեզ, բոլոր մարդկանց առաջ ասել եմ` «պարոն Թովմասյան, եթե դուք պայմանական վաղաժամկետով ուզում էիք մարդկանց ազատ արձակել, ուրեմն դա Մուրադ Բոջոլյանի վրա տարածվում է արդեն 3 տարի, եւ մարդը մի անգամ չի կարողացել օգտվել: Ասի` բոլոր քաղաքական բանտարկյալներից ամենաքիչը իմ պատժաչափն է: Այդ նույն հոդվածով 5-6-7 տարի դատապարտվածները դուրս եկան, 3,5 տարի դատապարտվածը դուրս չի գալիս: 2009թ. սեպտեմբերի վերջից ինձ իրենք ներկայացնում` մերժում են ու որեւէ բացատրություն չեն տալիս: Բարեղամյան Արամը բանտում է ճիշտ նույն հոդվածով, նույն բանի համար, ինչ-որ Հարություն Ուռուտյանը: Տարօրինակ է, Հ.Ուռուտյանը վաղաժամկետով ազատ է արձակվել, Արամը բանտում է: Երբ իմ մասով Հ.Թովմասյանը դիմել է Բաղրամյան 26` իր վերադաս մարմնին, պատասխանել են, որ Հացպանյան Սարգիսը մինչեւ ամենավերջին րոպեն նստելու է:
4. Ասում է` ներման խնդրագիր գրենք: Մենք ինչպես կարող ենք ներման խնդրանքով դիմել մի մարդու, որին իր տեղում գտնվելու վիճարկողներ ենք եւ ասում ենք, թե` դու ոչ լեգիտիմ նախագահ ես, դու Հայաստանում իշխանությունը զավթած մարդ ես: Ես հարգում եմ նրա իրավագետ լինելը, բայց ինքն իր գիտելիքները դժբախտաբար հասարակությանը չի մատուցում այնպես, ինչպես պետք է մատուցի: Այստեղ է նրա ազնվության պակասը: Ինքը շատ լավ գիտի, որ ներում կոչված հնարավորությունը օրենք չէ, դա հրաման է, որն օրենքով չի կարգավորվում: Ես քանի որ այդ մարդուն լեգիտիմ չեմ գնահատում եւ նրա հրամանին ընդհանրապես բանի տեղ չեմ դնում, թող Հ.Թովմասյանը իբրեւ արդարադատության նախարար` բարի լինի իր կողմից նախագահ ճանաչված մարդուն դիմի կոչով, նամակով, թե` խնդրում եմ ներում շնորհել: Եվ հայտնի կլինի թե Ս.Սարգսյանի, թե Հ.Թովմասյանի ցանկությունը` ուզո՞ւմ են մեզ ազատության մեջ տեսնել, թե՞ ոչ: Այս քայլն անելու փոխարեն` դրա բարոյական գնդակը մեզ վրա է գլորում: Մենք հենց այդ չանելու համար ենք քաղբանտարկյալ: Ես յուրաքանչյուր օր մոտ 10 քրեական հոդվածներով դատապարտված մարդկանց համար Ս.Սարգսյանին ներման խնդրագիր եմ գրում»,- ասում է Ս.Հացպանյանը:
Վերջինս հիշում է, որ Հ.Թովմասյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե որպես արդարադատության նախարար` անկախ դատարանների վրա ազդելու միմիայն մի իրավունք ունի` դա դատավորներին կարգապահական պատասխանատվության կանչելու, կարգապահական վարույթ բացելու հնարավորությունն է: «Ես դիմում եմ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, որ իր ունեցած իրավունքն իրացնի ու արդարադատության խորհրդում լիազորությունները կանգնեցնելու եւ խստագույնս պատժելու խնդրանքով կարգապահական պատասխանատվության կանչի այն դատավորներին, որոնք մարտի 1-ի` 1937 թիվը հիշեցնող բոլոր անհեթեթ դատավարություններով վերեւից հրահանգավորված պատժաչափերով մարդկանց բանտարկել են անմեղ տեղը: Եթե այդքան ուզում է, որ այս երկրում արդարություն լինի, գնդակն իր մոտ է, թող խաղա: Այդ ժամանակ ես նոր կգնահատեմ, որ իրոք ՀՀ արդարադատության նախարար Հ.Թովմասյանը դույզն-ինչ փորձում է Հայաստանում արդարադատություն իրականացնել»,- եզրափակում է Ս.Հացպանյանը: