Հովտաշուշան
Սկանդինավյան ավանդազրույցներում եւ հին գերմանական ցեղերի ծիսակատարություններում այն համարվել է սիրո աստվածուհու խորհրդանիշ։ Հավատացել են, որ այս ծաղիկն ունի մոգական ուժ` պարգեւում է շրջապատի հարգանքն ու հիացմունքը, երջանիկ սեր, կանխագուշակող մարգարեական երազներ։ Հայաստանում հանդիպում են դրա վայրի տեսակները։ Հովտաշուշանը բազմանում է շատ արագ, տարածվելով գրավում նորանոր տարածքներ։ Ծաղկի վերգետնյա հատվածում ցողունի վրա դիտվում են երկու նշտարաձեւ տերեւներ (երբեմն` 1 կամ 3)։ Ցողունի մեկ կողմից հերթականությամբ շարված են զանգականման ծաղիկները։ Պտուղը կլոր կարմրավուն ծաղիկ է, ունի նուրբ բուրմունք, օգտագործվում է օծանելիքի արտադրությունում։ Պարտեզային տեսակների մեջ կան վարդագույն եւ խավավոր (բազմաթեր) տեսակներ։ Հովտաշուշանը բազմամյա 20-30 սմ բարձրությամբ բույս է։
Դեկորատիվ կամ բուժական նպատակներով հավաքելու ժամանակ չի կարելի վերացնել բոլոր ծաղիկները, այլ կերպ դրանք մի ամբողջ տասնամյակ չեն ծաղկի։
Հովտաշուշանը պարունակում է եթերային յուղ, ասպարագին, օսլա, շաքար, խնձորաթթու եւ կիտրոնաթթու։
Բույսի բոլոր մասերը թունավոր են, պարունակում են կարդիոակտիվ գլյուկոզիդներ եւ սապոնիններ, որոնք կիրառվում են բուժական նպատակներով։ Կարեւոր է իմանալ, որ այն ծաղկամանի ջուրը, որի մեջ դրվել է հովտաշուշանը, թունավոր է։
Հովտաշուշանից պատրաստված դեղամիջոցների չափաբաժինները խախտելիս կառաջանա սրտխառնոց, լուծ, ընդհանուր թուլություն, ալերգիկ ցան, հոգեկան խանգարում, տեսողության անկում։ Հակացուցված է հղիներին, արտահայտված աթերոսկլերոզի եւ սրտային որոշ հիվանդությունների դեպքում։
Սրտի հիվանդությունները նույնիսկ նախնական շրջանում հնարավոր չէ բուժել միայն խոտաբույսերի օգնությամբ։ Կատվախոտը, առյուծագին, հովտաշուշանը ընդամենը հանդես են գալիս` որպես լրացուցիչ միջոց հիմնական բուժման ընթացքում։
Դեղատոմսեր
Միզուղիների հիվանդություն. Ապակե տարայի մեջ լցրեք 100 գրամ հովտաշուշանի չորացրած ծաղիկները, 21 օր թրմեք 1 լ օղու մեջ, մութ տեղում (կափարիչով կիպ փակած)։ Խմելու համար պետք է լուծել ջրի հետ 1։10 հարաբերությամբ։ Չափաբաժինը կախված է հիվանդի վիճակից (խորհրդակցեք բժշկի հետ)։ Բուժման ժամկետը` 28 օր, ընդմիջել 7 օր։
Թարախային կոնյուկտիվիդ. Լվացեք աչքերը 1։10 քաշային հարաբերությամբ վերցրած հովտաշուշանի ծաղիկների թուրմով։ Թրմեք 45 րոպե, քամեք։
Սրտային այտուցների դեպքում. Խառնեք հավասար քանակությամբ հովտաշուշանի, դաշտային տերեփուկի, ճահճալերդուկի ծաղիկները։ Խառնուրդի 3 ճ/գ-ն 8 ժամ թրմեք 700 մլ եռջրի մեջ։ Ընդունման չափաբաժինը` 15-30 մլ, գոլ վիճակում, օրը 5-7 անգամ։ Նույն բույսերով կարելի է պատրաստել թուրմ կաթի սիճուկով։ Բուժման ժամկետը` 7 օր։ Ճիշտ բուժման դեպքում կկարգավորվի սրտի աշխատանքը, կվերանան այտուցները։
Հիպերտերիոզի դեպքում հովտաշուշանի տերեւներով թրջոցներ դրեք։
Ոտքերի քրտնելու դեպքում կոշիկի մեջ տեղադրեք չորացրած հովտաշուշանի տերեւներ։
Սրտի արագ բաբախություն (տախիկարդիա) եւ առիթմիա. Ապակե տարայի երեք քառորդ մասը լցրեք հովտաշուշանի թարմ տերեւներով, մնացած ծավալը լրացրեք օղիով։ Թրմեք 2 շաբաթ։ Քամեք։ Խմեք օրը 3 անգամ, 10-15 կաթիլ, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ, խառնելով ոչ մեծ քանակությամբ ջրի հետ։
Գլխացավ, կրծքահեղձուկ (ստենոկարդիա). Խառնեք 1ճ/գ օշինդրի արմատ, 2 ճ/գ հովտաշուշանի ծաղիկներ, առյուծագի խոտ եւ հոռոմ-սամիթի սերմ, 3 ճ/գ անանուխի խոտ եւ կատվախոտի կոճղարմատ։ Ամբողջը մանրացրեք եւ փոշիացրեք, պահեք ապակե տարայի մեջ։ Դեղաբուսային 1 ճ/գ փոշին 8 ժամ թրմեք 500 մլ եռջրի մեջ, քամեք։ Թուրմը բաժանեք 5 մասի եւ խմեք օրվա ընթացքում։ Նաեւ թուրմը թեթեւացնում է վիճակը ընկնավորության դեպքում, օգնում դեպրեսիային։
Դիմակ
Հովտաշուշանի պտուղները հին ժամանակներից օգտագործել են թարմացնող դիմակներ պատրաստելու համար։ Շիլայատիպ մանրացրած հատապտուղներին ավելացրեք (1։5) ձվի դեղնուց կամ թթվասեր։ Շատ բարակ շերտով քսեք թանզիֆի վրա, դեմքին պահեք 10-15 րոպե։ Դիմակը հանեք խոնավ բամբակե խծուծով։ Հարթեցնում է կնճիռները, լավացնում է դեմքի գույնը։