Օրեր շարունակ հեռուստաընկերություններով «Վիվա Սելլի» մի գովազդահոլովակ էր պտտվում, որով նա մրցակցի՝ «ԱրմենՏելի» կոպիտ հակաքարոզչությունն էր կատարում: Ասել, թե «Վիվա Սելլի» ներկայացուցիչները դա պատահաբար են արել, առանց որեւէ դիտավորության՝ թերեւս սուտ կլինի: Սովորական հեռուստադիտողն էլ էր դա նկատել: Հոկտեմբերի 27-ից «Ղ-Տելեկոմը» որոշել է դադարեցնել ընկերության «էլեկտրամեխանիկների» եւ «կշեռքի» գովազդային հոլովակների հեռարձակումը: Դրանք իրավացիորեն բարկացրել էին գործընկեր «ԱրմենՏելին», որովհետեւ այդ գովազդները պարունակել են «անհարկի համեմատություններ». այդ հոլովակներում ընդգծվել էր «Վիվա Սելլի» 093 կոդով քարտերի առավելությունը «ԱրմենՏելի» 091 կոդով քարտերի նկատմամբ: ՀՀ Տնտեսության մրցակցության պաշտպանության հանձնաժողովը եզրակացրել է, որ այդ հոլովակները պարունակում են անբարեխիղճ մրցակցության տարրեր եւ կարող են վնասել «ԱրմենՏելի» գործունեությանը: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը «Ղ-Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին առաջարկել է այսուհետ ընկերության գովազդային քաղաքականությունն իրականացնելիս հաշվի առնել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի պահանջները:
Հանձնաժողովը մրցակցության սահմանափակման պատճառով պարզաբանումներ է պահանջել նաեւ «Արմավիա» ընկերությունից: Բանն այն է, որ «Արմավիան» իր գործակալներին հայտնել է, որ «Սիբիր» ավիաընկերության հետ պայմանագիր կնքելու դեպքում կխզվեն իրենց հետ կնքված պայմանագրերը: Հանձնաժողովի այս պահանջից հետո «Արմավիայի» տնօրեն Նորայր Բելլույանը , իբր թե իր ասելիքը ճշգրտելու համար, եւս մի գրություն է ուղարկել գործակալներին՝ խնդրելով գովազդային քաղաքականություն իրականացնելիս առաջնահերթությունը տալ իրենց ավիաչվերթերին:
Ա.Ա.