ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը երեկ հրաժարվել է պատասխանել Արմավիրի ոստիկանապետի կողմից Արմավիրի քաղաքապետի թեկնածու Սեւակ Մինասյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հարցին: Նա լրագրողներին հորդորել է դիմել ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն` ասելով. «Հարցը կներկայացվի, եւ եթե լինի նման դեպք, իհարկե, դրա հետ կապված կլինի համապատասխան հանձնարարություն: Այս պահին ես նման տեղեկատվություն չունեմ»: Ա. Օսիկյանը հրաժարվել է պատասխանել նաեւ ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի նկատմամբ քրգործ հարուցելու վերաբերյալ շրջանառվող լուրերին: Նա չի պատասխանել նաեւ, թե ինչո՞ւ են ոստիկանները Րաֆֆի Հովհաննիսյանին արգելում վրան տեղադրել Ազատության հրապարակում: «Այդ հարցերը բարեփոխումների հետ կապ չունեն: Ձեր նշած հարցերի հետ կապված` Ոստիկանությունն ունի իր հստակ դիրքորոշումը, կարող եք դիմել մեր լրատվության ծառայությանը` Ոստիկանության պաշտոնական տեսակետը ստանալու համար»,- ասել է Օսիկյանը, ով երեկվա ասուլիսում հիմնականում խոսել է ՀՀ ոստիկանությունում կատարվող «բարեփոխումների» մասին: