Հացադուլը քաղաքական գործիչների համար ընդունելի մեխանիզմ չէ, նաեւ անընդունելի է մարդասիրության տեսանկյունից: Երեկ նման հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը` մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը: Ըստ Բադեյանի` հացադուլը այս կամ այն նպատակներին հասնելու միջոց չէ, հատկապես, երբ հացադուլ անողը հնարավորություն ունի իր դժգոհությունը հայտնել ԱԺ ամբիոնից: Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն էլ հավելել է, թե գործող իշխանությունները «գիշերը ցույց տվեցին իրենց իրական դեմքը». «Րաֆֆի Հովհաննիսյանը ողջ գիշեր նստած է եղել հորդ անձրեւի տակ, քանի որ Ոստիկանությունը թույլ չի տվել անձրեւանոց տեղադրել: Այդ քայլը հստակ ցույց է տալիս իշխանությունների բարոյական եւ քաղաքական դեմքը»: Ի դեպ, Մ. Բադեյանը երեկ հայտարարել է, թե ինքը տեղյակ չէր, որ Ր. Հովհաննիսյանն, արդեն 8 օր է, հացադուլ է անում բաց երկնքի տակ, եւ, որ Ոստիկանությունը թույլ չի տալիս ծածկոց տեղադրել: «Ես հենց նոր իմացա այդ մասին… Ես դատապարտում եմ այդ փաստը: Ես հետաքրքրվել եմ իր վիճակով, սակայն չգիտեի, որ Հովհաննիսյանն ամբողջ գիշեր նստած է եղել անձրեւի տակ»,- ասել է Բադեյանը: