Քանդակի համար վճարել է հենց ինքը՝ Կճոյանը

24/03/2011

Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանի «Bentley» ավտոմեքենայի մասին մեր հրապարակումից եւ նրա հարցազրույցից հետո ոչ միայն շատ բուռն քննարկումներ ծավալվեցին, այլեւ նրա գործունեության մասին բազմաթիվ ընթերցողներ մի շարք փաստեր սկսեցին ներկայացնել: Հայ Առաքելական եկեղեցին պաշտոնապես որեւէ կերպ չարձագանքեց արքեպիսկոպոսի` «Bentley»-ի ձեռքբերման մասին փաստին: Չարձագանքեց նաեւ մեր տպագրած լուսանկար-փաստերին, որոնք ներկայացրել էինք օրերս: Հիշեցնենք, լուսանկարներում պատկերված քանդակները տեղադրված են Օշականի Սրբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կողքին գտնվող Մ. Մաշտոցի անվան Դպրատան շենքում: Գիտական եւ հոգեւոր կենտրոն համարվող այս հաստատությունը 1997թ. հիմնվել է Ամենայն Հայոց 131-րդ Գարեգին Ա կաթողիկոսի ջանքերով. այդպիսով նա կյանքի է կոչել Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ծրագիրը: Քանդակների հեղինակը քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն է: Քանդակներից մեկը Նավասարդ Կճոյանի կիսանդրին է, իսկ մյուս` եռակտոր քանդակում 301թ. քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած Տրդատ Գ Մեծ թագավորն է, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը եւ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանը` Մեսրոպ Մաշտոցի դերում` այբուբենը ձեռքին: Հայ Առաքելական եկեղեցին նաեւ որեւէ դիրքորոշում չհայտնեց սրբերի շարքին դասված կերպարների կողքին մահկանացու հոգեւորականի հայտնվելու առնչությամբ: Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը մեր թերթում տպագրված լուսանկար-փաստերի կապակցությամբ, Tert.am-ի հարցմանն ի պատասխան` մեկնաբանություն չի տվել: «Կճոյանի քանդակի գործով Մայր Աթոռը հորդորում է դիմել քանդակագործին»,- գրել էր Tert.am-ը:

Մինչ սոցիալական բոլոր կայքէջերում, հասարակական-քաղաքական-հոգեւոր շրջանակներում բուռն քննարկումներ են ծավալվում, երեկ News.am-ի լրագրողը զրուցել է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի հետ: Վերջինս լրագրողի հետ զրույցում պատմել է, որ Օշականի դպրատան բակում տեղադրված Մեսրոպ Մաշտոցի մարմարակերտ քանդակի դիմագծերը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանինն են, որի համար վճարել է հենց ինքը` Կճոյանը: «Այդ քանդակի մտահղացումը կար դեռ Գարեգին Ա կաթողիկոսի ժամանակներից: Նա ինձ պատվիրեց նմանատիպ մի գործ ստեղծել, եւ քանի որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այն ժամանակ Արագածոտնի թեմի առաջնորդն էր, ու նրա դիմագծերի մեջ ես տեսա ինձ ոգեշնչած հայկական առնականությունը, որոշեցի Մեսրոպ Մաշտոցի քանդակը պատկերել հենց նրա դիմագծերով: Գիպսե քանդակում Սահակ Պարթեւ կաթողիկոսին պատկերեցի Գարեգին Ա կաթողիկոսի դեմքով, իսկ ահա Վռամշապուհ արքային` մեր բակում ապրող մի շատ լավ երիտասարդի դիմագծերով: Այնպես որ, բոլոր կերպարների համար էլ իրական դեմքեր եմ վերցրել: Հետո որոշեցինք գիպսե քանդակը բրոնզից ձուլել, սակայն որոշումն անհետեւանք մնաց: Հիմա չեմ կարող հասկանալ, թե խնդիրն ինչո՞ւմն է, անընդհատ զանգում են ինձ, Կճոյան, հա Կճոյան: Եթե նրա հետ կապված խնդիրներ կան, ես ի՞նչ կապ ունեմ»,- ասել է Թոքմաջյանը: Ապա թե` «Այստեղ ուրիշ խնդիր կա. Կճոյանը թանկարժեք մեքենա է վարում, իբրեւ այդ մեքենան եւ Մեսրոպ Մաշտոցն իրար չեն բռնում: Հա, կարող է չեն բռնում, բայց հո Կճոյանը Մեսրոպ Մաշտոցը չէ՞»,- ասել է Լեւոն Թոքմաջյանը: Վերջինս իր զարմանքն է հայտնել դեռ 10 տարի առաջ արած իր այդ ստեղծագործության շուրջ Կճոյանի անձի պատճառով մամուլի բարձրացրած աղմուկի կապակցությամբ:

Ի դեպ, ներկայացնենք մի քանի մեկնաբանություններ Facebook-յան քննարկումներից. «Այս սոված ու աղքատ երկրում մարդիկ օրվա հաց չունեն, իսկ նրա նմանները «Բենթլեյ»-ներ են նվեր ստանում, իշխանությունների հետ ուտուշ-խմուշներ անում: Հետո էլ ասում են` աղանդները շատացել են: Բա ինչ անեն աղանդները, երբ ժողովուրդը տեսնում է նմանների ցվայտ կյանքը, որը ոչ մի կապ չունի Քրիստոնեության հետ», մեկ այլ կարծիք. «Խնդրեմ, ասացեք, ո՞վ է ավելի շատ թուլացնում մեր եկեղեցու հիմքերն ու հեղինակությունը: Եհովայի վկանե՞րը, սատանայականնե՞րը, «ջհուդամասոնական շպիոննե՞րը», թուրք-ադրբեջանական հատուկ ծառայություննե՞րը, թե՞ որոշ (փառք Աստծո, թվով դեռ շատ քիչ) «հոգեւորական օլիգարխները»: Ոմանք առաջարկում են, որպեսզի Նավասարդ արք. Կճոյանն այդ «Բենթլին» վաճառի եւ գումարը նվիրաբերի որեւէ մանկատան կամ սոցիալապես անապահով ընտանիքի, որեւէ դպրոցի: Ոմանք էլ` արքեպիսկոպոսի հարցազրույցից հասկանալով, որ այդ ավտոմեքենան արքեպիսկոպոսի եւ ոչ թե եկեղեցու սեփականությունն է, ուշագրավ փաստեր ներկայացրեցին: Օրինակ, որ Ամենայն Հայոց Վազգեն Ա կաթողիկոսն իր անձնական գումարներից մոտ 600.000 դոլար գումար էր կտակել Եկեղեցուն, իսկ Գարեգին Ա կաթողիկոսը` մոտ 900.000 դոլար: Ավելին, մինչ օրս Եկեղեցուն է պատկանում նաեւ Վազգեն Ա կաթողիկոսին խորհրդային տարիներին սպասարկող «Չայկան», եւ եւս 2-3 ավտոմեքենաները, որոնք մինչ օրս պահպանվում են:

Երեկ, ի դեպ, խմբագրությունն ինտերնետային փոստով նման բովանդակությամբ մի նամակ էր ստացել. «Սյունյաց թեմում տպագրվում է «Սյունյաց կանթեղ» թեմական թերթը, որի հիմնադիրը եւ գլխավոր խմբագիրը ես եմ: Նախ ասեմ, որ պետք չէ հոգեւորականների հասցեին վատ բաներ գրել` այսպիսով լեզու դնելով աղանդավորների բերանը, նպաստել նրանց տարածմանը: Հոգեւորականը լավ լինի, թե վատ` ԱՍՏՎԱԾ է նրա դատավորը, ուրիշ մեկը դատելու իրավունք չունի: Հիշեք Ավետարանի խոսքերը. «Մի դատեք, որ չդատվեք»: Ես մի առաջարկ ունեմ, եթե չեք առարկի, իհարկե, ամսական 2-4 հատ հոգեւոր հոդվածներ ուղարկեմ` տպագրեք: Կարծում եմ` սրանով ավելի մեծ գործ կանեք, քան…»:

Հոդվածներն, իհարկե, կտպագրենք: Ոչ մի խմբագիր չի հրաժարվի լավ հոդվածից: Առավել եւս, եթե դրանք նպաստեն մեր հավատի ու մեր եկեղեցու զորացմանը: Բայց նաեւ հիշենք, որ հայ եկեղեցին երբեք ինդուլգենցիա չի վաճառել, իսկ հայ հոգեւորականը երբեք իրեն հասարակությունից բարձր չի դասել: Այդ միջնադարյան Եվրոպայում էին բարձրաստիճան կաթոլիկ հոգեւորականներն ու իշխանավորները նկարիչներին պատվիրում իրենց պատկերել Ս.Ծննդի, Խաչելության տեսարաններում: Գոռոզամտության այդ մակարդակն այլեւս ընկալելի չէ: Հետեւաբար, ճոխ կյանքով ապրող հոգեւորականի քննադատությունը պետք չէ համարել Եկեղեցու դեմ գրված նյութ կամ փակ թեմա: