Սարը շարժվել է դեպի տները

24/03/2011

Նախօրեին գիշերը Շիրակի մարզի Առափի համայնքում սողանքի հետեւանքով սարի լանջը շարժվել է. մասնակի փլուզվել են 2 տներ: Ընտանիքներից մեկը շտապ տարհանվել է ուրիշ բնակարան, մյուսին առաջարկել են հատկացնել մեկ դասասենյակ Առափի գյուղի դպրոցից, քանի որ, ինչպես մասնագետներն են նշել, չի բացառվում, որ հենց այսօր տունն իր բնակիչներով հայտնվի սարի տակ: «Լուսադեմին ձայներից արթնացանք ու նկատեցինք, որ սարը մեր տան վրա է գալիս: Եթե չլինեին պատուհանների ճաղավանդակները, ապա բնակարանի մի հատվածն ամբողջությամբ փլված կլիներ: Մեկ գիշերվա ընթացքում տունն իր ընդհանուր տեսքը կորցրել է` առաստաղը դեֆորմացվել, հատակը քանդվում է, սենյակներն էլ ջուր է լցվում»,- news-am-ին պատմել է Առափիի բնակիչ Ռուստամ Պողոսյանը: Նրա հինգ հոգանոց ընտանիքին տարհանել են երեկ, սակայն կրկին սողանքային գոտում են բնակարան առաջարկում: Նշենք, որ համայնքի շուրջ 120 ընտանիք ապրում է սողանքային գոտում, նրանցից 20-ի վիճակն առավել լուրջ է, իսկ 10 ընտանիք, գյուղապետարանի տվյալներով` անհապաղ տարհանման է ենթակա: Գյուղացիները ահազանգում են, գյուղ այցելելու եւ իրավիճակը գնահատելու կարիք այլեւս չկա, վիճակն ակնհայտ է, ուստի հորդորում են գյուղին եւ գյուղացիներին օգնելու կոնկրետ քայլեր ձեռնարկել: