Փախել է հետեւի դռնից

24/03/2011

Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմային մարտի 23-ին հրավիրել են Գլխավոր դատախազություն ցուցմունքներ տալու, որտեղ նա մնացել է երեք ժամ, եւ այդպես էլ չի մոտեցել լրագրողներին: Ավելին, Կուչմայի շքախումբը հեռացել է դատարանի հետեւի դռնից: Կուչմայի անձնական նախկին թիկնապահ Նիկոլայ Մելնիչկոն, ով մասնակցում է դատական լսումներին, հայտարարել է, որ Կուչման լքել է Գլխավոր դատախազության շենքը` զգուշանալով իր հետ առերեսումից: Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախկին նախագահը մեղադրվում է ՆԳՆ-ին հրամաններ տալու մեջ: Պատրվակը ձայնագրություններն են, որտեղ Կուչման անձամբ է խնդրում ՆԳ նախարար Յուրի Կրավչենկոյին` «լուծել Գոնգաձեի հարցերը»: Ընդդիմադիր լրագրող Գեորգի Գոնգաձեն սպանվել էր, գլխատվել ու Կիեւին մերձակա անտառում թաղվել 2000 թվականին: Նրա սպանության գործի քննությունը շարունակվում է ավելի քան 10 տարի: Այս ընթացքում մի քանի առանցքային վկաներ մահացել են կասկածելի հանգամանքներում: