Հիվանդներին ընդունել են վագոն-տնակներում

24/03/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Այն, որ մեր հանրապետությունում գործող որոշ բուժհաստատություններ, մեղմ ասած` «թշվառ» վիճակում են` գաղտնիք չէ: Թեեւ տարիների ընթացքում, ինչպես պետական ռեսուրսներով, այնպես էլ` բարեգործների եւ դոնոր կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ որոշ հիվանդանոցներ եւ պոլիկլինիկաներ վերակառուցվել են, այդուհանդերձ` մայրաքաղաքի, ինչպես նաեւ` մարզային որոշ բուժհաստատություններից` իրենց շենքային մաշված պայմաններով, «Սովետի» հոտ է գալիս: Մեր խմբագրությունը բազմաթիվ դժգոհություններ է ստանում, մասնավորապես` պոլիկլինիկ ծառայությունների անհարմարավետ պայմաններից` մատնանշելով, թե՛ քարուքանդ եղած որոշ հաստատությունները, թե՛ այն սենյակները, որտեղ բուժանձնակազմը հիվանդներ է սպասարկում: «Օրինակ` «Հայրենիք» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող պոլիկլինիկան ոնց որ հոգեբուժարան լինի: Մարդ էնտեղ ոտք դնելիս` դեպրեսիայի մեջ է ընկնում: Ձմռանն ընդհանրապես շենքի միջանցքները չեն ջեռուցվում, ու հիվանդները բժշկի մոտ մտնելու համար ստիպված են լինում «քարանալով» հերթ կանգնել: Սենյակները, սարքավորումները ահավոր վիճակում են, ամոթ էլ է, էս ո՞ր թիվն է: Անգամ բժիշկների համար պայմաններ չեն ստեղծել, որ գոնե հիվանդին հետազոտելուց հետո ձեռքերը լվանան, որից հետո մյուս հիվանդին ընդունեն: Էլ չեմ նկարագրում էն փալասները, որոնք շիրմայի դեր են կատարում»,- վստահեցնում էր մեզ զանգահարող քաղաքացին` ասելով, որ նույն վիճակում է գտնվում նաեւ Շենգավիթ համայնքի Չարբախի ստորաբաժանման ոստիկանության հարակից տարածքում գտնվող պոլիկլինիկան: Սա` այն դեպքում, երբ Երեւանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության նախկին եւ ներկա պետերը եւ ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես բարեփոխումների մասին հայտարարություններ են անում: Ի դեպ, հարկ է նշել, որ թեեւ պոլիկլինիկաների բուժանձնակազմը մեզ հետ զրույցում արդարացիորեն դժգոհում էր ոչ նպաստավոր աշխատանքային պայմաններից, այդուհանդերձ, նրանք բոլորն էլ հրաժարվեցին հրապարակայնորեն ներկայացնել իրենց բողոքը. «Գործից կհանեն: Ասում են` ձեռ չի տալիս, դուրս արի: Սա` էն դեպքում, երբ 15.000-20.000 դրամ աշխատավարձ ենք ստանում»: Շենքային ծանր պայմաններում են աշխատում մարզային, մասնավորապես` սահմանամերձ գոտիներում գտնվող բուժհաստատությունները: Որոշ գյուղական համայնքներում նույնիսկ բուժանձնակազմը հիվանդ է ընդունում ոչ թե ամբուլատորիայի շենքում, այլ` վագոն-տնակներում: Ավելորդ է անդրադառնալ նաեւ այն խնդրին, որ մարզային բուժհաստատություններում նեղ մասնագետների կարիք կա: Օրինակ` վերջերս մենք պարզեցինք, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հիվանդանոց դիմած ծանր հիվանդին տեղեկացրել են. «Մենք տրավմատոլոգ չունենք, տարեք Երեւան»: Բնականաբար, հեռավոր գյուղերում պատկերն ավելի մտահոգիչ է: ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) տնօրենի պաշտոնակատար Գուրգեն Դումանյանի տվյալներով` ՀՀ առողջապահական համակարգում գործում են 255 բժշկական ամբուլատոր կենտրոն եւ 614 բուժակ-մանկաբարձական կետեր: «ԾԻԳ-ը Համաշխարհային բանկի եւ ՀՀ Կառավարության միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում առողջապահության համակարգում իրականացնում է բարեփոխումներ, որոնք կենտրոնացած են երեք ուղղությունների վրա` հիվանդանոցային ցանցի արդիականացում, ամբուլատորիաների կառուցում կամ վերականգնում եւ կառավարչական գործառույթների ուժեղացում, մասնավորապես` Առողջապահության նախարարության վերահսկողական գործառույթի, քաղաքականության մշակման եւ այլն»,- նշեց Գ. Դումանյանը` հավելելով, որ 1997թ. Համաշխարհային բանկի հետ կայացել է համագործակցությունը, իսկ 2003-ից սկսած իրականացվում է «Առողջապահական համակարգի արդիականացում ծրագիրը», որի ուղղությունը մարզերն են: Ծրագիրը, բացի համակարգի արդիականացումից` աբուլատորիաների կառուցումից, իրականացնում է նաեւ ընտանեկան բժիշկների կրթում, վերապատրաստում: Ըստ Գ. Դումանյանի` «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում ավարտվել են Իջեւանի, Հրազդանի, Արմավիրի, Արարատի եւ Գորիսի բժշկական կենտրոնների հիմնանորոգման, ինչպես նաեւ` նշյալ կենտրոնների բժշկական սարքավորումներով եւ կահույքով հագեցման աշխատանքները:

 

Բացի դա, ընթացքի մեջ են գտնվում Ապարանի, Գավառի եւ Գյումրիի բժշկական կենտրոնների հիմնանորոգման եւ կառուցման աշխատանքները: «Համաձայն եմ, մարզային որոշ բուժհաստատություններ իսկապես շենքային ծանր պայմաններում են եղել, իսկ ամբուլատորիաների մասին խոսելն ավելորդ է: Բայց ձեզ վստահեցնում եմ, որ հսկայական աշխատանք է կատարվել, եւ կարող եք շրջել ծրագրի շրջանակներում վերանորոգված որեւէ հաստատությունում եւ ուսումնասիրություն կատարել: Ցավոք, չունենք այն միջոցները, որպեսզի միանգամից ամբողջ համակարգը փոխենք, բայց այս տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել: Չնայած պետք է շեշտեմ, որ միջոցները տարեցտարի ավելանում են եւ նպատակային ծախսվում են, որի արդյունքը մարզերի բնակիչները չեն կարող չնկատել»,- նշեց Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատարը` նշելով, որ մայրաքաղաքի ամբուլատոր ծառայությունների վերաբերյալ բարելավման կամ արդիականացման ծրագրեր չեն իրականացրել: Փոխարենը նախատեսվում են նաեւ Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնի, Կապանի, Աբովյանի, Բերդի բժշկական կենտրոնների եւ Վանաձորի հիվանդանոցային համալիրի արդիականացման աշխատանքներ, այդ թվում նաեւ` նշյալ կենտրոնների հագեցում ժամանակակից բժշկական սարքավորումներով եւ կահույքով: 2000-2010թթ. ընթացքում վերանորոգվել է 145 ամբուլատորիա, որոնցից 66-ը վերանորոգվել են, իսկ 79-ը` կառուցվել. «Մարզային բժիշկները գալիս են Երեւան վերապատրաստվելու, ընդ որում, մենք ունենք գիտելիքի գնահատման չափանիշներ: Գիտելիքների ուսումնասիրությունը կատարվում է Համաշխարհային բանկի կողմից մշակված հստակ մեթոդաբանությամբ: Վերապատրաստումներից հետո բժիշկները մասնագիտական մեծ ներուժի են տիրապետում, ինչի արդյունքում պետք է նշեմ, որ բնակչության դիմելիությունն է բարձրացել: Դա մենք պայմանավորում ենք ինչպես բժիշկների ձեռք բերած բազայով, այնպես էլ, բնականաբար, բուժհաստատությունների նոր, սարքավորումներով հագեցած պայմաններով»: Ինչեւէ, այն, որ մարզերում, մասնավորապես` հեռավոր գյուղական համայնքներում բուժհաստատություններ են կառուցվում, վերանորոգվում, արդիականացվում, բնականաբար, ուրախացնում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու: Իսկ հարցին, թե` այդ ամենի հետ մեկտեղ` առողջապահական համակարգում տիրող կոռուպցիան նվազո՞ւմ է, Գ. Դումանյանը հետաքրքիր պատասխան տվեց. «Առողջապահությունն այնպիսի սպեցիֆիկ ոլորտ է, բժիշկների աշխատանքն էլ այլ է, որտեղ նման երեւույթներ… Այսինքն` կոռուպցիան աշխարհում, ամեն տեղ կա, բայց մեր երկրի քաղաքականությունն այնպիսին է, որ հակակոռուպցիոն ծրագիր է իրականացվում: Առողջապահության ոլորտում նույնպես խնդիրը սուր է դրված: Հավանաբար տեղյակ եք, որ վերջերս բժիշկներ ձերբակալվեցին: Որպես ապացույց` հիշեցնեմ, որ ձեր թերթում տպագրված կաշառք վերցնելու կամ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքերի մասին հրապարակումներին անմիջապես արձագանքում է ՀՀ առողջապահության նախարարը: Գոնե ես քաջատեղյակ եմ, որ հոդվածը կարդալուն պես նախարարն իսկույն հանձնաժողով ստեղծելու հանձնարարություն է տալիս եւ պահանջում է հոդվածի հետքերով ուսումնասիրություն կատարել: Այնպես որ` ոլորտի ղեկավարը բաց չի թողնում յուրաքանչյուր անօրինական գործողություն բացահայտելու առիթը»,- հիշեցրեց Գ. Դումանյանն, ում մենք, այնուամենայնիվ, տեղեկացրինք, որ արձագանքելն ու ուսումնասիրելն այլ բան է, իսկ անօրինական գումարներ շորթողին պատժելն` այլ բան:

Հ.Գ. Առաջիկայում մենք կփորձենք մայրաքաղաքի որոշ պոլիկլինիկաների անմխիթար վիճակի մասին պարզաբանումներ ստանալ ինչպես Երեւանի քաղաքապետարանի, այնպես էլ` ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան վարչություններից: