«Միակ մարդն, ով ինձ տեսնում է առանց շպարի` տաքսու վարորդն է»,- ասում է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը

24/03/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երբեմն թվում է, թե ինքնուրույնությունը, որի մասին դարեր շարունակ երազում էին կանայք, ժամանակակից կնոջ համար գործում է` որպես պատիժ: Ապրելով` «ես ինքս» կարգախոսով, շատ անգամ չենք հասցնում կյանքի գերարագ ռիթմի հետեւից հասնել: Եվ որոշ ժամանակ անց, հանկարծ հայտնաբերում ենք, որ ամուսնական կյանքը վաղուց արդեն վերածվել է միասին ապրելու սովորության, իսկ երեխաներն այլեւս ունեն իրենց գաղտնի ներաշխարհը, որտեղ ծնողի մուտքն արգելված է: Հնարավո՞ր է արդյոք համատեղել ընտանեկան կյանքն ու աշխատանքն` առանց անուղղելի հետեւանքների: Այս եւ այլ թեմաների շուրջ խոսեցինք երկու որդիների մայր` ռադիո «Վանի» հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի հետ: Լուսինեն այն եզակի ռադիո հաղորդավարներից է, ում ոչ միայն լսում ենք, այլեւ` տեսնում: Բոլոր նրանց, ովքեր սիրում են վաղ արթնանալ, Լուսինեն բարի առավոտ է մաղթում հեռուստաեթերից:

– Երկար տարիների փորձ ունես հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառում: Որտե՞ղ ես քեզ առավել ազատ զգում:

– Իհարկե, ռադիոն շատ ավելի լայն հնարավորություններ է տալիս` ազատ արտահայտվելու համար: Վերջերս, երբ խնդիրների առջեւ կանգնեցի հեռուստատեսությամբ ազատ կարծիք հայտնելու համար, խոսքս երգահան Վահրամ Պետրոսյանի շուրջ բարձրացած աղմուկին է վերաբերում, ռադիո «Վանի» տնօրենն ինձ ասաց. «Եթե ազատ միտք ունես ասելու` մեզ մոտ հայտնիր: Հեռուստատեսությամբ եղիր առավել զգույշ»: Սակայն սահմանափակ պայմաններում ճիշտ դրսեւորվելու ունակությունը նույնպես հետաքրքիր է: Ազարտի պես մի բան է` նման պայմաններում ազատ միտք տալու կարողությունը, իհարկե, հասկացողի համար:

– Վ. Պետրոսյանի շուրջ բարձրացած աղմուկից հետո, մեկը, ով շատերին հայտնի է իր ազատ մտքերով, խնդրեց` հարցազրույցի ընթացքում հնչեցրած իր պատասխաններից հանել Թուրքիայի անունը, քանի դեռ նրան «ազգի դավաճան» չեն ճանաչել:

– Ես միշտ ասել եմ ու կասեմ` Վահրամ Պետրոսյանը չարիքի փոքրագույնն է, եթե կարելի է նրան չարիք անվանել: Եթե մենք փորձենք ազգի դավաճաններ փնտրել, ապա այս երկրի բնակչության 60%-ն ազգի դավաճաններ են: Ծխախոտի տուփը քաղաքի փողոցներում գցելը, թքելը, ճղճիմ սերիալներով եւ գռեհիկ հումորային հաղորդումներով եթերը ողողելը, եւ այլն, եւ այլն: Եթերից հնչող երաժշտության մեծամասնության անմակարդակ վիճակն ի՞նչ է, եթե ոչ ազգի դավաճանություն: Չէ՞ որ, այդպիսով, համընդհանուր զոմբիացման ծրագիր է իրականացվում: Մարդիկ, ովքեր կանգնած են այս համատարած թանկացումների ետեւում, ազգի ամենամեծ դավաճաններն են: Վերջին 3 ամիսների ընթացքում, գրեթե ամեն երկրորդ ընտանիքն այս երկրում խուճապահար վիճակում է հայտնվում: Բոլորը «խրված» են պարտքերի մեջ եւ այլեւս չգիտեն` ում դիմել, եւ թե ինչպե՞ս են ազատվելու այդ պարտքերի բեռից: Ի՞նչ է սա, եթե ոչ` ցեղասպանություն սեփական երկրում: Եվ այս իրավիճակում կենտրոնանալ ինչ-որ երիտասարդի վրա, ով հիմար արտահայտություններ է դուրս տվել` պարզապես աբսուրդ է:

– Տարիների ընթացքում ամուսինների հարաբերությունները շատ անգամ վերափոխվում են ընկերության: Որքանո՞վ են «ընկերական» հարաբերությունները համապատասխանում ընտանիքի մասին կնոջ պատկերացումներին եւ ցանկություններին: Ինչո՞ւ ես հանել ամուսնական մատանին:

– Պարզապես այնքան եմ նիհարել, որ մատանին մատիցս ընկնում է: Սերը շնչող զգացմունք է, այն չի կարող մնալ նույն մակարդակի վրա, այն անդադար ձեւափոխվում է` նորանոր տեսակներ ձեռք բերելով: Ուզենք թե չուզենք, ընտանեկան կյանքը պարզապես սիրահարների սերը բարձրացնում է մեկ այլ մակարդակի` ամուսիններին դարձնելով չափազանց հարազատ ընկերներ, հետո նոր` սիրեկաններ: Իրականում մենք նախ` ընկերներ ենք, հետո նոր` ամուսիններ:

– Կատակով ասում են, որ եթե ընկերության ժամանակ տղաները նախընտրում են աղջիկներին ծաղիկներ նվիրել, ապա ամուսնական կյանքում, կենցաղի «քնքուշ» ձեռքով, ծաղիկները վերածվում են «խառը» կանաչու: Ի դեպ, մարտի 8-ին ծաղիկներ ստացե՞լ եք Ձեր ամուսնուց: (Հարցին ի պատասխան` Լուսինեն չի կարողանում թաքցնել ծիծաղն ու ափերով ծածկում է երեսը, որից հետո միայն պատասխանում է)։

– Այնպես է ստացվել, որ ամուսինս` Վահագը, ով հանդիսանում է «Dorians» ռոք խմբի պրոդյուսերը, աշխատանքի բերումով հաճախակի բացակայում է երկրից: Այն, որ մարտի 8-ին Վահագը տանն էր, եւ առավոտյան ես շատ ջերմ համբույր ստացա, ինձ համար մեծ պարգեւ էր: Նա չի սիրում նվիրել միայն այն պատճառով, որ այդ օրը տոն է եւ կարմիր գույնով նշված է օրացույցում: Նա, օրինակ, կարող է որեւէ տեղ մի շատ հետաքրքիր զարդ տեսնել եւ որոշել, որ այն պետք է ես կրեմ: Սիրում է հանկարծակի նվերներ մատուցել: Իրականում մենք չափազանց տարբեր ենք: Ամուսնական կյանքի սկզբնական շրջանում նա փորձում էր ինձ երկնքից ներքեւ իջեցնել, իսկ ես նրան` շատ կայուն հիմքից դեպի երկինք բարձրացնել: Երկար ժամանակ պահանջվեց հասկանալու համար, որ ավելի լավ է յուրաքանչյուրս մնանք մեր «դաշտում» եւ չզայրացնենք իրար` միմյանց բնավորությունները փոխելու անիմաստ փորձերով:

– Նշեցիք, որ աշխատանքի բերումով Ձեր ամուսինը հաճախակի է բացակայում տանից: Սակայն ասում են, որ տղաների դաստիարակման հարցում կարեւոր դերակատարում ունի հայրը:

– Լիովին համամիտ եմ այդ կարծիքի հետ: Սկզբում շատ էի վախենում տղաներիս համար` ամուսնուս հաճախակի բացակայության պատճառով: Սակայն որոշեցի հենց այնպես չվատնել ժամանակը եւ տղաներիս «տղամարդավարի» դաստիարակել: Փորձում էի մոռանալ, որ կին եմ, եւ տղամարդու տեսակետից էի մոտենում յուրաքանչյուր հարցին: Որպես օրինակ` կարող եմ նշել, որ սովորեցնում էի պատասխանել, երբ իրենց որեւէ մեկը նեղացնում է բակում: Խոսքս հայհոյանքի մասին չէ, այլ ինքնապաշտպանության, թասիբի: Սակայն ժամանակն անցնում էր, եւ ես հասկանում էի, որ երեխայի համար կարեւորը ծնողի ծառայած օրինակն է, այլ ոչ թե նրա խրատները: Ամուսնուս չեմ մեղադրում, գործի բնույթն այնպիսին է, որ ստիպված է բացակայում: Բայց ժամանակի ընթացքում երկուսս էլ եկանք այն եզրակացության, որ որքան էլ մայրը դաստիարակի, որդիների հարցում կարեւորը հոր խոսքն ու օրինակն է: Յուրաքանչյուր ազատ վայրկյան ամուսինս մեր որդիներին է նվիրում:

– Փորձո՞ւմ եք այնպես անել, որ աշխատանքը մուտք չգործի տուն, եւ կենցաղը չներխուժի աշխատանքի մեջ:

– Երբ գալիս եմ տուն, դռան ետեւում եմ թողնում իմ այն կերպարը, որին մարդիկ կարող են տեսնել հեռուստատեսությամբ կամ լսել ռադիոյի եթերով: Այդ ժամանակ ես մամա եմ, ով պետք է ճաշ եփի, մաքրի բնակարանը, լվանա հագուստը, հոգա ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի մասին, ինչպես վայել է մորը եւ կնոջը: Բառապաշարիցս սկսած` վերջացրած հայացքովս` ամեն ինչ փոխվում է: Ընտանիքն ու աշխատանքն իրարից տարբեր առանձին աշխարհներ են, որոնք չպետք է հանդիպեն միմյանց: Հեռուստադիտողը մեղավոր չէ, որ ես չեմ հասցրել ճաշը եփել: Եվ նմանապես` իմ երեխաների տրամադրության վրա չպետք է անդրադառնան իմ աշխատանքային խնդիրները:

– Շատերին կարող է թվալ, որ մեր հաղորդավարուհիները, երգչուհիները եւ առհասարակ հայտնի մարդիկ, քնում եւ արթնանում են շպարված եւ հարդարված սանրվածքով: Որտե՞ղ կարելի է հանդիպել Ձեզ` առանց շպարի:

– Միակ մարդն, ով տեսնում է ինձ առանց շպարի, դա այն տաքսու վարորդն է, ով ամեն առավոտ տանում է ինձ աշխատանքի վայր: Իմ դիմահարդարն ինձ հաշված րոպեների ընթացքում շպարում է եւ վերջ. այլեւս ոչ ոք ինձ առանց շպարի չի տեսնում` նույնիսկ ես: Երբեմն զգում եմ, որ կարոտում եմ առանց շպարի իմ տարբերակին:

– Այժմ դու ռադիոյում ես գտնվում, եւ գաղտնիք չէ, որ ռադիոն «ցույց չի տալիս» հաղորդավարին, սակայն դու կրկին շպարված ես:

– Իրականում շպարված լինելը սովորության է վերածվել: Հեռուստաեթերից հետո գալիս եմ տուն, զգեստափոխվում, զբաղվում կենցաղային խնդիրներով, կրկին հագնում զգեստս, թարմացնում առավոտյան շպարն ու վազում ռադիո: Կարեւորն այն է, որ այս անվերջ վազքից իմ ընտանիքը չի տուժում: