2010. սեպտեմբերին Շվեյցարիայի Էյնսիեդելն քաղաքում Հայաստանը դարձավ UNICA-ի (Համաշխարհային ոչ կոմերցիոն կինոյի միության) անդամ: UNICA-ն գործում է UNESCO-ի հովանու ներքո եւ ամեն տարի անցկացվում է ոչ կոմերցիոն կամ հեղինակային ֆիլմերի փառատոն: Այդ փառատոնին ամեն երկիր պետք է ներկայացնի 5-6 վավերագրական, անիմացիոն կամ խաղարկային ֆիլմեր: UNICA-ն ստեղծվել է 1931թ. եւ իր մեջ ներգրավում է 36 երկիր: Հայաստանը UNICA-ում ներկայացնում է CANC` «Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնը», որի հիմնադիր եւ նախագահն է Արտաշես Հովհաննիսյանը: «Մայիսի 28-30-ը CANC-ը կկազմակերպի «Անկախ ֆիլմերի համահայկական» առաջին կինոփառատոնը, որտեղ հաղթող լավագույն 5 ֆիլմերը կմասնակցեն UNICA-ի 73-րդ համաշխարհային կինոփառատոնին` Լյուքսեմբուրգում: Այդ փառատոնին ավանդաբար բարձր մակարդակով են ներկայանում արգենտինացիները, իտալացիները եւ ֆրանսիացիները: Այս երկրների ներկայացրած անկախ` հեղինակային ֆիլմերը, բավական ուժեղ են եւ մրցունակ: Այդ ֆիլմերի բյուջեն հասնում է մինչեւ 50.000 եվրոյի: Մենք դեռ նոր ենք այս ասպարեզում` առաջին տարին է, ինչ հանդես ենք գալու` 23 տարվա ընդմիջումից հետո: Վերջին անգամ Հայաստանը մասնակցել էր UNICA-ի փառատոնին 1988թ., երբ իմ «Դիրիժորներ» ֆիլմն արժանացավ ոսկե մեդալի»,- այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր CANC-ի հիմնադիր եւ նախագահ Արտաշես Հովհաննիսյանը: Ցանկացած փառատոն ֆինանսական աջակցության կարիք ունի: Տեղյա՞կ է արդյոք ՀՀ Մշակույթի նախարարությունը «Անկախ ֆիլմերի համահայկական» կինոփառատոնի գոյության մասին եւ պատրաստվո՞ւմ է արդյոք ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Այս հարցին ի պատասխան` Ա. Հովհաննիսյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը դիմել է Մշակույթի նախարարությանը, սակայն ստացել է միայն «բարոյական» աջակցության երաշխիք: «Մեզ ասացին, որ իրենք առայժմ կարող են օգնել միայն խորհրդատվական առումով»,- նշեց Ա. Հովհաննիսյանը: CANC-ը դիմել է նաեւ Հայաստանում գործող բազմաթիվ խոշոր ըներությունների, գործարարների, սակայն մի ընկերությունից բացի, դեռ որեւէ համագործակցության առաջարկ չի ստացել: Փառատոնի կազմակերպման ֆինանսավորումն ամբողջությամբ հոգալու են կազմակերպիչները: Հարցին, թե ` «Չե՞ք կարծում, որ մեր երկրում կինոփառատոների թիվը շուտով կգերազանցի նկարահանվող ֆիլմերի քանակին, եւ ինչո՞վ է տարբերվելու այս փառատոնն արդեն իսկ գործող փառատոներից»,- Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Տարբերությունը կզգա հանդիսատեսը, երբ կտեսնի մեր փառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերը: Մեր փառատոնի անունը` «Անկախ ֆիլմերի համահայկական» կինոփառատոն, արդեն իսկ հուշում է, թե ինչպիսի ֆիլմեր են ցուցադրվելու»: