Օշականում է գտնվում հայոց գրերի արարիչ Մեսրոպ Մաշտոցի շիրիմը (362-440թթ.): Նրա մահվանից հետո Վահան Ամատունի իշխանն ամփոփում է հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի աճյունը եւ նրա շիրմի վրա փոքր մատուռ է կառուցում, որի տեղում XIX դարի երկրորդ կեսում կառուցվում է եկեղեցի` Օշականի Սբ. Մ. Մաշտոց անունը կրող եկեղեցին: Մաշտոցի աճյունը հանգչում է հին ժամի մի մասը ընդգրկող դամբարանում: Սբ. Մեսրոպ Մաշտոցի շիրիմն ու նրա անվամբ եկեղեցին հանդիսանում են Հայ Առաքելական եկեղեցու սրբություն եւ ուխտագնացության վայր: Ամեն տարի սեպտեմբերին բազմաթիվ առաջին դասարանցիներ հայոց այբուբենի առաջին տառը սովորում են հենց այս եկեղեցում` Մաշտոցի շիրմի մոտ հանդիսավոր երդումից հետո: Ամենայն Հայոց 131-րդ Գարեգին Ա կաթողիկոսը (1995-1999թթ.) 1997թ. կյանքի կոչեց Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ծրագիրը. Օշականի Սրբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կողքին, վերակառուցված շենքում հաստատվեց Սրբ. Մ. Մաշտոցի անվան Դպրատունը, որը դարձավ գիտական եւ մշակութային կարեւոր կենտրոն: Դպրատունը շատ շուտով դարձավ հոգեւոր, գիտական եւ մշակութային գիտաժողովների, գիտական միջոցառումների, ցուցահանդեսների յուրատեսակ մի կենտրոն: Այդտեղ էին կազմակերպվում «Մաշտոցեան ընթերցումներ», «Աստվածաշնչական Հայաստան», «Հայ եկեղեցի եւ պետություն», «Տիգրան Մեծի գահակալությունը», «Քրիստոնեություն եւ հայ իրականություն» համաժողովները, գիտամշակութային միջոցառումները: Դպրատուն գիտա-մշակութային կենտրոնն ունի հայ գեղանկարչության բնօրինակ ստեղծագործություններով հարուստ պատկերասրահ եւ մասնագիտական հարուստ գրադարան:
Հանրաճանաչ Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանը իր կենսագրության մեջ, սակայն, իրեն է վերագրել Դպրատան հիմնումը` նկատի ունենալով, թերեւս, այն փաստը, որ 1996թ. Գարեգին Ա-ի բարձր տնօրինությամբ նշանակվել է նորաստեղծ Արագածոտնի թեմի Առաջնորդ: Նրա կենսագրության մեջ կարդում ենք. «1996թ. Գարեգին Ա-ի օրհնությամբ եւ հովանավորությամբ Օշականում հիմնել է «Սբ. Մեսրոպ Մաշտոցի դպրատուն» գիտամշակութային կենտրոնը»: Ի դեպ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2008թ. Օշական գյուղում գտնվող Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից Դպրատանն անցկացրեց Կառավարության արտագնա նիստերից մեկը:
Դպրատան 2-րդ հարկում են տեղադրված քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի հեղինակած եռակտոր` տրիպտիխ քանդակները, որոնցում պատկերված են Տրդատ Գ Մեծ թագավորը, ով 301թ. քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը եւ Մեսրոպ Մաշտոցի դերում` այբուբենը ձեռքին` Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Այսինքն` մարդը ոչ միայն իրեն է վերագրել Դպրատան հիմնումը, այլեւ այբուբենի ստեղծումը, եւ իրեն այդպիսով դասել սրբերի ու արքաների շարքին: Նույն սրահում տեղադրված է նաեւ արքեպիսկոպոս Կճոյանի մարմարակերտ կիսանդրին:
Ի դեպ, այս բոլոր քանդակները կերտվել են Իտալիայի հայերի կողմից եկեղեցու համար ուղարկված Կարարա քաղաքի հայտնի սպիտակ մարմարից: Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը բոլորին հայտնի է իր կպչուն («չամռվող») եւ պատեհապաշտ բնավորությամբ եւ հիմնականում անտաղանդ աշխատանքներով: Նրա միակ հաջողված գործերից է համարվում Մարտիրոս Սարյանի արձանը: Խորհրդային տարիներին գործող գեղարվեստի խորհուրդը որոշակիորեն զսպում էր Թոքմաջյանի ախորժակը, Անկախության տարիներին, սակայն, Հայաստանը, մասնավորապես` Երեւանը, ողողվեց նրա արձաններով: Լեոնիդ Ենգիբարովի, Կարաբալայի, Տիգրան Մեծի, Նոյ նահապետի, Արգիշտի թագավորի, Սողոմոն Թեհլերյանի, Գեւորգ Չավուշի, ՀՀ Ոստիկանության վարչական շենքի դիմաց` Արամ Մանուկյանի անճաշակ եւ գեղարվեստական որեւէ արժեք չներկայացնող արձանները եւ կիսանդրիներն արդեն զանգվածային արտադրություն են հիշեցնում: Թոքմաջյանին հաջողվում է արձանագործական լավագույն պատվերները «ճանկել»` բառի բուն իմաստով դրանք կորզելով քաղաքապետարանների, վարչական շրջանների, կառավարության միջանցքներում եւ առանձնասենյակներում: Բոլորը գիտեն Թոքմաջյանի գործելաոճը. նա տարեսկզբին թերթում է օրացույցը, հայտնաբերում նշանավոր տարեթվերը եւ շտապում որեւէ գերատեսչություն` Մշակույթի նախարարություն, կառավարություն, նախագահական նստավայր: Նախագիծը` թեւի տակ: Բազմիցս է խոսվել նրա «արտադրությամբ» Նոյի եւ Տիգրան Մեծի անճաշակ-անտաղանդ արձանների մասին, որոնք տեղադրված են ՀՀ նախագահական նստավայրում: Բազմիցս առաջարկություններ են հնչել մասնագետների կողմից` հեռացնել այդ արձանները նստավայրից: Ամիսներ առաջ էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այցելել էին Լ. Թոքմաջյանի արվեստանոց: Թոքմաջյանը ՀՀ վարչապետին էր ներկայացնում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած պոլսահայ մտավորականների հիշատակին նվիրված «Տագնապ» քանդակախումբը` Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի առթիվ: Մտահոգիչն այն է, որ դա իրականացվում է պետական միջոցներով: Եվ, ամենակարեւորը, դա տեղադրվելու է Երեւանում: Իսկ քանդակախումբ կոչվածը բաղկացած է 10-11 արձաններից:
«Վարչապետը պետք է տեսնի խմբաքանդակը, որպեսզի հետո ավելի հեշտ լինի տարածք հատկացնելու հարցը»,- հայտարարել էր Թոքմաջյանը: Նա սկզբից սարքում է, հետո «կպնում» որեւէ մեկին, ու որեւէ տեղ խցկում այդ մահարձանները: Երեւանը, ասես, դարձել է որբի գլուխ, որի վրա Թոքմաջյանը եւ իր նմանները «դալլաքություն» են սովորում: Չմոռանանք նշել, որ 2010թ. Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում, որին ներկա էին ՀՀ վարչապետը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ այլ հյուրեր, Տ. Սարգսյանն արժանացավ «Ադամանդակուռ Արարատ» մրցանակին, իսկ Լեւոն Թոքմաջյանը մրցանակ ստացավ «Քանդակ» անվանակարգում Վահան Թեքեյանի բրոնզե արձանի համար: