2005թ. սեպտեմբերի 2-ին մահացած` Երեւան քաղաքի բնակիչ Ռոզա Մելքումյանը մահվանից 4 տարի հետո` 2009թ. հուլիսի 2-ին, դիմում է գրել ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայությանը եւ ստացել է 1 մլն 24 հազար 404 դրամ թոշակ: Սակայն հանգուցյալ Ռ.Մելքումյանի հարսը` Իսկուհի Մարտիրոսյանը, ՀՀ Վերահսկիչ պալատին հայտարարություն է տվել, որ իր լուսահոգի սկեսուրը մահվան օրվանից սկսած թոշակ չի ստացել: Բայց այդ գումարը Սոցապ ծառայության վճարային ցուցակներում կա, որի դիմաց նաեւ կա ստացողի ստորագրությունը: Սա չար կատակ չէ, ոչ էլ դեդեկտիվ պատմություն: Ավելի շուտ սա անդրշիրիմյան աշխարհի կապն է մեր աշխարհի հետ: Եվ այսպես, 58 հազար 921 ննջեցյալներ ամիսներ շարունակ թոշակ են ստացել Հայաստանի Հանրապետության 2008, 2009, 2010 թվականների աղքատիկ բյուջեից: Մոտ 59 հազար մահացած թոշակառուների ունեցած անդրշիրիմյան կապը ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության ու այդ ծառայության արդեն նախկին պետ Վազգեն Խաչիկյանի հետ անցած տարեվերջին բացահայտեց Վերահսկիչ պալատը: Եվ եթե մինչեւ հիմա հայ հանրությանը հայտնի էր, որ մեռյալ հոգիները ընտրությունից ընտրություն հարություն են առնում ու մասնակցում են Հայաստանի Հանրապետության պայծառ ապագայի կերտմանը, «ժողովրդավարացմանը», ապա ոչ վաղ անցյալում իմացանք, որ նրանք շարունակում են թոշակ ստանալ: Եվ քանի որ մեռյալ հոգիները ընտրում են բացառապես իշխանության թեկնածուներին, ուրեմն կարելի է հասկանալ, որ նրանք դրա դիմաց թոշակի տեսքով նաեւ ընտրակաշառք են ստացել: Պարզապես, եթե դեռեւս իր գոյությունն այս աշխարհում քարշ տվող ընտրողն ընտրելուց առաջ ընդամենը մի անգամ է կաշառք ստացել, ապա մեռյալ հոգիներն ամիսներ շարունակ են այդ կենսաթոշակները ստացել: Բացի այդ, եթե կենդանի ընտրողներն ընտրակաշառք ստացել են թեկնածուի ստվերային գումարներից, ապա մեռյալ հոգիներն` անմիջապես պետական բյուջեից: Եվ տարիներ շարունակ Հայաստանի կեղծված ընտրություններից դժգոհողները բարձրաձայնում են, թե տասնյակ-հազարավոր մեռյալ հոգիներ են մասնակցում ընտրությանը:
Այնպես որ, կարելի է ասել, որ անդրշիրիմյան ընտրողները Վ.Խաչիկյանի շնորհիվ շատ թանկ են նստել մեր խղճուկ, ֆինանսատնտեսական ճգնաժամից բզկտված բյուջեի վրա: Պարզապես հիշեցնենք, որ Հայաստանում կա շուրջ 500 հազար թոշակառու: Եվ վերը նշված 59 հազար մեռյալ հոգիները կազմում են այդ ընդհանուր թվի մոտ 12 տոկոսը, ինչը տնտեսական ցանկացած թվաբանության մեջ պատկառելի թիվ է: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը երեկ հրավիրած ասուլիսում տեղեկացրեց, որ իր ղեկավարած հիմնարկի կողմից Սոցիալական ապահովության պետական ծառայության 51 ստորաբաժանումներից ստուգվել են ընդամենը 14-ը Հայաստանի խոշոր` Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում: Եվ այդ ստորաբաժանումներում էլ ընտրանքային կարգով ուսումնասիրել են գործերի ընդամենը 8-15 տոկոսը: Պարզապես հիշեցնենք, որ այս ծառայությունը զբաղվում է ամբողջ Հայաստանի տարածքով թոշակների եւ նպաստների վճարման խնդիրներով: Եվ ՎՊ նախագահի հավաստմամբ` ստուգումների արդյունքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել, որոնք եղել են ֆինանսական եւ փաստաթղթային բնույթի: Եվ այսպես, ՎՊ կողմից անցած երեք տարիներին ստուգվել է 843 գործ, որոնցից 581-ի դեպքում հայտնաբերվել են տարաբնույթ խախտումներ: Ի.Զաքարյանը չասաց, թե որքան է կազմել խախտումների ընդհանուր գումարը: Այն դեռ հաշվում են: Ամենամսյա կենսաթոշակ ստանալուց բացի, մեռյալ հոգիները ժամանակ առ ժամանակ իրենց թոշակը ստացել են դեպոնենտային կարգով: Այսինքն` երբ մարդը բացակայում է երկրից, նրա թոշակը դեպոնենտավորվում է, կուտակվում է: Իսկ երբ նա անձամբ ներկայանում եւ իր կենսաթոշակը ստանալու դիմում է ներկայացնում, Սոցապծառայությունն այն վճարում է, սակայն միայն վերջին 3 տարվա թոշակը: Այս դեպքում հասկանալի է, որ մեռյալ հոգիները բացակայում են հանրապետությունից, իսկ երբ որոշել են լույս աշխարհ գալ, ստացել են իրենց թոշակը: Ու Ի.Զաքարյանի ներկայացմամբ` վերջին 3 տարիներին 14 հազար 287 հոգի իրենց դեպոնենտային թոշակը ստացել են: Անկեղծ լինելու համար նշենք, որ այս վերջին խմբից ոչ բոլորն են մահացած եղել: Նրանց մի մասն իրենց թոշակներն ամեն ամիս ստացել են: Սակայն դա չի խանգարել, որ նրանց անունով դեպոնենտային կենսաթոշակ գրանցվի ու բյուջեից դուրս գրվի: Օրինակ, քաղաքացի Աշոտ Մխոյանին 2008թ. հոկտեմբերին միանվագ վճարվել է 6 ամսվա կենսաթոշակ: Վճարումը կատարելուց 3 ամիս անց արդեն վճարված ժամանակաշրջանի համար կրկին վճարում է կատարվել: Ու այսպես շարունակ` մոտ 59 հազար դեպք, որոնցից յուրաքանչյուրն ուշադրության արժանի մի պատմություն է:
Ի.Զաքարյանը երեկ չմասնավորեցրեց, թե տարեկան պետբյուջեից ինչ գումարի չարաշահման, ավելի շուտ, շորթման մասին է խոսքը: Ասաց, որ ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, իսկ կոնկրետ Սոցիալական ապահովության պետական ծառայության ուսումնասիրության արդյունքները ՎՊ խորհրդի նիստում դեռ հաստատված չեն: Ավելի հստակ հաշվարկ կարելի է սպասել մի քանի ամիս հետո միայն: Սակայն, մինչ այդ, որպեսզի պատկերացնենք, թե ինչ գումարի հասնող շորթումների մասին է խոսք գնում, նշենք, որ 2011թ. բյուջեով կենսաթոշակներին հատկացված է մոտ 197 մլրդ դրամ: Եթե նկատի ունենանք, որ թոշակառուների մոտ 12 տոկոսը մեռյալ հոգիներ են եղել, ուրեմն կարելի է ասել, որ մոտ 20 մլրդ դրամ կամ ավելի քան 55 մլն դոլար գնացել է «այն աշխարհ»: Ու այսպես` տարիներ շարունակ: Ահա թե ինչու այս բացահայտումներից հետո Վ.Խաչիկյանը սրտի նոպա ունեցավ: Իսկ թե դա բացի նրանից որ պաշտոնյայի կամ պաշտոնյաների գրպաններն է գնացել, կարելի է միայն ենթադրել: Իհարկե, այդ պաշտոնյաների թիվը միայն Վ.Խաչիկյանով չի սահմանափակվում: Հետաքրքիր է նաեւ, թե ՎՊ բացահայտումներից հետո էլ ինչ անուններ լույս աշխարհ կգան: Խաչիկյանին մի քանի ամիս առաջ ազատեցին պաշտոնից, սակայն դեռ չեն շտապում պատասխանատվության ենթարկել: Դժվար է ասել, թե այդ դեպքում արդեն Խաչիկյանն իր հետեւից էլ ում «անդունդը կգլորի»: Ավելացնենք, որ սոցապհիմնադրամում չարաշահումները միայն ննջեցյալներին գումարներ բաժանելով չեն սահմանափակվում: Այս հիմնարկի վճարային ծառայությունը լուծարելուց հետո այդ ծառայության իրենց կորցրած աշխատատեղերի համար պայքարող տեսուչները կառավարության շենքի մոտ դժգոհում էին, թե ամեն ամիս թոշակառուներից 200-ական դրամներ են պահել ու փոխանցել վերեւներին: Մի առիթով հաշվարկել էինք, որ այս չնչին կոպեկները գումարվելով` ամսական մոտ 70-80 մլն դրամ են կազմում:
Արդյո՞ք այս չարաշահումների համար քրեական գործ կամ պատասխանատվություն չի նախատեսվում: «Գլխավոր դատախազություն գնում են միայն այն նյութերը, որոնք ՎՊ խորհրդում հաստատվում են: Այսօր մենք այդ որոշումը չենք կայացրել շատ պարզ պատճառով: Իհարկե, մենք տեսնում ենք նաեւ քրեաիրավական բնույթի խախտումներ, սակայն մինչեւ հունիս ամիս մենք ժամանակ ունենք հստակ ճշտելու` վերջիվերջո, ի՞նչ է կատարվել էս ամբողջ բնագավառում»,- երեկ պատասխանեց Ի.Զաքարյանը: