Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում մարտի 20-ին ծրագրված մոնիտորինգ-հետաքննությունը, որը ԼՂՀ իշխանությունների առաջարկով իրականացվելու էր Ասկերանի ուղղությամբ` մարտի 17-ին տվյալ հատվածում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայող Ահարոն Հայրապետյանի զոհվելու կապակցությամբ, չի կայացել` Ադրբեջանի հրաժարվելու պատճառով: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` ԵԱՀԿ-ի առաքելությունը` կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գլխավորությամբ, ստիպված է եղել միջադեպի քննություն անցկացնել միակողմանի կարգով: ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները դիտարկման խմբին մանրամասներ են ներկայացրել ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման վերաբերյալ, որի հետեւանքով զոհվել է Ղարաբաղի բանակի զինծառայողը: Նույն աղբյուրի վկայությամբ` ԵԱՀԿ-ի առաքելության հեռանալուց րոպեներ անց տվյալ կետի ուղղությամբ դիպուկահար կրակոցներ են արձակվել ադրբեջանական կողմից, ինչի մասին իրազեկվել է դեսպան Կասպրչիկը: