Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից անժամկետ հացադուլ հայտարարելուց առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Հովհաննիսյանի միջեւ որեւէ զրույց տեղի չի ունեցել: Այս մասին երեկ Tert.am-ին ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
«Դա սուտ է, ընդ որում, քաղաքական սուտ է եւ ստեղծվում է քաղաքական նպատակով: Փորձ է արվում այլ կերպ ներկայացնել այն, ինչ եղավ Ազատության հրապարակում: Դրանով փորձ է արվում ցույց տալ, որ երբ Ազատության հրապարակում բոլորը սպասում էին միացման, ու դա չեղավ, պատճառն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խախտել է ինչ-ինչ պայմանավորվածություններ, ինչ-ինչ հորդորներ»,- ասել է Ս.Սաֆարյանը:
Ի դեպ, նախօրեին Ր. Հովհաննիսյանին զորակցող քաղաքացիների նախաձեռնությամբ Ազատության հրապարակում տեղադրվել է հովանոց` հացադուլի մեջ գտնվող Ր. Հովհաննիսյանին եղանակային փոփոխական պայմաններից պաշտպանելու նպատակով: Երեկ «Ժառանգությունը» հաղորդում է տարածել, որտեղ նշված է. «Ժամը 17:30-ի սահմաններում, ոստիկանները մոտեցել են հովանոցը տեղադրող քաղաքացիներին ու «Ժառանգության» պատգամավորներին եւ հորդորել սպասել շուրջ կես ժամ: Ժամը 18:00-ին քաղաքացիները տեղադրել են հովանոցը, սակայն րոպեներ անց հովանոցի վրա հարձակվել են քաղաքացիական հագուստով եւ ոստիկանական համազգեստով 2 տասնյակից ավելի անձինք եւ հաշված վայրկյանների ընթացքում, առանց օրինական պահանջ ներկայացնելու, իրենց գործողության համար հիմք հանդիսացող հրամանը ներկայացնելու, ջարդել են հովանոցը: Իրականացված վայրագ գործողության ընթացքում ոստիկանական խումբն իր ապօրինի գործողություններով վնասվածքներ է հասցրել եւ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն կիրառել «Ժառանգության» պատգամավորներ Լարիսա Ալավերդյանի, Զարուհի Փոստանջյանի, Անահիտ Բախշյանի եւ հովանոցը պաշտպանող այլ քաղաքացիների նկատմամբ: Չբավարարվելով իրականացված բռնարարքներով` սույն խումբը մինչեւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքի մոտ է քարշ տվել կոտրված եւ պատառոտված հովանոցը` երկաթյա ձողերի մեջ աքցանված ձեռքով Լարիսա Ալավերդյանի հետ միասին: Կատարված հանցագործության մասին անմիջապես տեղեկացվել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, միջազգային կառույցները եւ դեսպանատները, զանգվածային լրատվամիջոցները, Ոստիկանապետն ու նրա տեղակալները, Մարդու իրավունքների պաշտպանը, մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ: Լ. Ալավերդյանի կողմից հանցագործության մասին հեռախոսով հաղորդում է տրվել նաեւ Ոստիկանության բաժանմունք: Ժամը 18:00-ից սկսած պատգամավոր Ալավերդյանը երկաթյա մետաղաձողերի մեջ աքցանված ձեռքով նստած է ջարդված հովանոցի կողքին` Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքի դիմաց, եւ հրաժարվում է հեռանալ այնտեղից, քանի դեռ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները բացատրություն եւ պարզաբանում չեն տվել, թե ում եւ ինչ հրամանի հիման վրա է իրականացվել այդ հանցագործությունը Սահմանադրությամբ եւ օրենքներով չարգելված քաղաքացիների իրավունքների իրացման դեմ»:
«Ժառանգություն» կուսակցությունը Հատուկ քննչական ծառայությունից, ՀՀ դատախազությունից եւ Ոստիկանությունից պահանջում է սույնը դիտարկել` իբրեւ հաղորդում հանցագործության մասին, հարուցել քրեական գործ եւ իրականացնել քննություն: