Գլենդելում գործող Հայկական հիշատակի կենտրոնը մարտի սկզբին դատի է տվել ԱՄՆ-ի կենտրոնական բանկին («Federal Reserve»)` տեղեկատվություն պահանջելով օսմանյան կառավարության կողմից 1915թ. հայերից ավարառված մեծ քանակությամբ ոսկու ձեռք բերման վերաբերյալ: «The California Courier» թերթի վկայությամբ` հայցը ներկայացվել է Տեղեկատվության ազատության ակտի հիման վրա: Հայերից ավարառված ոսկին, որը ժամանակին արժեցել է 5 միլիոն թուրքական լիրա (22 միլիոն դոլար), այժմ հարյուր միլիոնավոր դոլարներ է գնահատվում: ԱՄՆ-ի կենտրոնական բանկի ղեկավարությունը վերջերս հայտարարել է, որ բանկի տրամադրության տակ գտնված որեւէ հայկական ոսկու մասին արձանագրություններ չունի: Այդուհանդերձ, «The California Courier»-ի հրատարակիչ Հարութ Սասունյանը ներկայացնում է ԱՄՆ-ի կենտրոնական բանկում հայկական ոսկու հայտնվելու հետեւյալ սխեման. «Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում օսմանյան կառավարությունը ավարառել է սպանված կամ տեղահանված հայերի ոսկին ու այլ արժեքավոր ունեցվածքը, բռնագրավել նրանց բանկային հաշիվները եւ բանկերին ի պահ տրված արժեքները եւ մի շարք բարդ գործարքների միջոցով հասցրել դրանք գերմանական ու ավստրիական բանկեր: Ի վերջո, հայերի ոսկին հանգրվանել է Բեռլինի «Reichsbank»-ում: Առաջին համաշխարհային պատերազմից հետո «Անտանտ» դաշինքի պետությունները փոխհատուցում են պահանջել Գերմանիայից եւ պատերազմում նրա դաշնակից Թուրքիայից, որոնք, ենթարկվելով այդ պահանջին, 1921թ. Ֆրանսիային եւ Մեծ Բրիտանիային են փոխանցել «Reichsbank»-ում պահվող հայկական ոսկին: Ֆրանսիան եւ մեծ Բրիտանիան էլ, իրենց հերթին, այդ ոսկին «J.P. Morgan» բանկի Փարիզի մասնաճյուղի միջոցով վաճառել են ԱՄՆ-ին` փոխանակելով այն ԱՄՆ գանձապետարանի սերտիֆիկատների հետ»: «The California Courier»-ը ներկայացնում է նաեւ ժամանակին բրիտանացի եւ ամերիկացի քաղաքական գործիչների կողմից արված հայտարարություններ, որոնք, ըստ թերթի, հաստատում են հայերի ոսկու նախ` Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի տրամադրության տակ, ապա, ի վերջո` ԱՄՆ կենտրոնական բանկում հայտնվելու փաստը: